«Խղճի եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագծի շուրջ «Առավոտը» զրուցեց «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ-ի նախագահ Ստեփան Դանիելյանի հետ: Նրա խոսքով, նոր նախագիծն ընդհանուր առմամբ թերի է եւ իրավաբանական առումով տգետ, ինչը բավականին թափանցիկ կերպով ակնարկել է նաեւ Վենետիկի հանձնաժողովը: Օրինակ, պարոն Դանիելյանը նշեց, որ «հոգեորսություն» բառի սահմանումը տարածական է.«Ցանկության դեպքում յուրաքանչյուր հավատացյալի կարելի է մեղադրել հոգեորսությամբ զբաղվելու մեջ: Նույն տրամաբանությամբ աստվածաշնչյան պատվիրանները նույնպես միջամտում են մարդու անձնական կյանքին, ասելով՝ «մի գողացիր» կամ «մի շնացիր» եւ այլն: Պետք է հրաժարվել այդ միջնադարյան բառից՝ երեւույթը կոչելով «ոչ պատշաճ դավանափոխություն»: Այլապես պետք է «հոգեորսություն» տերմինին զուգահեռ Քրեական օրենսգրքում որպես պատժի ձեւ ներմուծել, օրինակ, «աղվեսադրոշմը», եւ միջնադարյան այլ պատժաձեւեր»:
Օրենքի նոր նախագծում ներդրված պարտադիր գրանցման գաղափարը պարոն Դանիելյանը որակեց որպես Սահմանադրության խախտում: Դանիելյանի խոսքով, պարտադիր գրանցման պայմանը հիշեցնում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տնտեսական քաղաքականությունը. «Բոլոր տնտեսվարող սուբյեկտներին լրացնել են տալիս մեծ քանակությամբ թղթեր, իսկ ուշացումների դեպքում՝ կիրառում պատիժներ եւ տուգանքներ: Այսինքն՝ մարդիկ բյուջեն ուզում են լցնել ոչ թե աշխատանքի, այլ տուգանքի եւ վերահսկողության մեխանիզմների միջոցով»: Փորձագետը նաեւ հավելեց, որ նույն գործելաոճը կառավարությունը ցանկանում է կիրառել կրոնական ոլորտի վրա՝ հաշվետվությունների, ստուգումների եւ տուգանքների միջոցով.«Դա մառազմ եմ համարում: Տնտեսությունը քայքայելուց հետո՝ նման հարուստ փորձն արդեն այլ ոլորտներում են ցանկանում կիրառել: Օրինակ, նման մի նախաձեռնություն կա վեց ամսից ավելի Հայաստանից բացակայողների հանդեպ: Պարտադիր գրանցման եւ նման կարգի վերահսկողության փորձը այս նախագծից հանվելու է, դա չի կարող մնալ այդ ձեւով, ինչպես նաեւ՝ հոգեորսության նման սահմանումը»:
Ինչ վերաբերում է կրոնական կազմակերպությունների թափանցիկության պայմանին, «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահն ասաց. «Մի կողմից ես ինքս կողմ եմ, որ կրոնական կազմակերպությունների գործունեությունը լինի թափանցիկ՝ հատկապես ֆինանսական առումով, մյուս կողմից՝ Հայաստանում պետական ծառայողների ինտելեկտուալ եւ բարոյական մակարդակը, հասարակական վստահության աստիճանը բավականին խնդրահարույց են, եւ նման լիազորությունների տրամադրումը կարող է ռեպրեսիվ բնույթ ստանալ: Խնդրահարույց է նաեւ կրոնական հարցի շահագործումը՝ որպես քաղաքական հակառակորդներին ճնշելու միջոց: Մենք ունենք այդ փորձը, երբ, օրինակ, իշխանության կողմից վերսհսկվող մամուլը 2008-ի մարտի 1-ի դեպքերը փորձում էր ներկայացնել որպես աղանդավորների շարժում»:
Պարոն Դանիելյանը փաստեց, որ ոչ բոլորն են ցանկանում իրենց կրոնական հայացքները հրապարակային քննարկման առարկա դարձնել, մինչդեռ նրանց մասին տվյալները կրոնական կազմակերպությունները պետք է ներկայացնեն կառավարության համապատասպան մարմնին. «Նման դեպքեր ունենք, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչների կրոնական հայացքները որոշ ԶԼՄ-ներ հավատաքննության են վերածում, իսկ իրավապահ մարմինները չեն միջամտում դրան: Դա հող է նախապատրաստում, որ թափանցիկությունը տարածեն արդեն անձերի վրա եւ պահանջեն հաշվետվություններ ներկայացնել անձնական կյանքից: Կառավարությանը հաշվետու լինելը վերածվում է ծայրահեղ պետական վերահսկողության, հատկապես այն պայմաններում, երբ կառավարությունը չի վայելում հանրային վստահություն»: Ստեփան Դանիելյանը չի ընդունում, երբ, առանց ծնողներին տեղյակ պահելու, Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները մուտք են գործում դպրոց եւ քարոզում. «Կրթության նախարարությունն իր պարտականությունը փոխանցել է եկեղեցուն, որպեսզի վերջինս ընտրի եկեղեցու պատմության ուսուցիչներին, ինչը օրենքի խախտում է»:
Մեր զրուցակցի համոզմամբ՝ կրոնական կազմակերպությունների շրջանում նկատվում է այլ կրոնական կազմակերպությունների հանդեպ թշնամանքի եւ ատելության սերմանում. «Օրինակ՝ հեռուստաեթերում կարելի է տեսնել, թե ինչպես են Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները թշնամանք սերմանում այլ կրոնական ուղղություների հանդեպ: Բնականաբար, կա նաեւ հակառակ երեւույթը, սակայն նման լայն հնարավորություններ ունի Հայ Առաքելական եկեղեցին, դրա համար հիմա իրենց գործելակերպն է ակնառու»: Նշենք, որ օրենքի նոր նախագիծը թույլ է տալիս գրանցել 25 հոգուց բաղկացած կրոնական խմբին, ինչը Ստեփան Դանիելյանը սահմանադրական խախտում է համարում.«Սահմանադրութան մեջ չի ասվում, որ կրոնական պրակտիկա իրականացնելու համար գրանցումը պարտադիր է: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ կրոնական կազմակերպությունները չեն կարողանա ֆինանսավորվել արտերկրից, կարող է մեծ հարված հասցնել Հայ Առաքելական եկեղեցուն: Օրինակ, դա կարող է օգտագործել Վրաստանը եւ նույնպես նման օրենք ընդունել, որը առաջին հերթին կհարվածի մեր եկեղեցու եւ մեր մի քանի հարյուր հազար հայրենակիցներին: Տեխնիկական առումով այդ հոդվածը կարելի է հեշտությամբ շրջանցել: Օրինակ, ըստ նոր Սահմանադրության՝ կրոնական ազատություններից նույնությամբ օգտվում են ոչ քաղաքացիները եւ ոչ ոք չի կարող խոչընդոտել, որ ցանկացած ոք գա Հայաստան եւ նվիրատվություն անի իր նախընտրելի կրոնական կազմակերպությանը որպես անձ»:
Խոսելով հաճախ գործածվող «աղանդ» տերմինի մասին` Դանիելյանն ասաց, որ այն օրենքով ձեւակերպում չունի եւ չի կարող ունենալ.«Գոյություն ունեն միջազգային ստանդարտներ եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներ, որոնցում հստակ նշված է՝ պետության գործը չէ գնահատական տալ կրոնական կազմակերպությունների դավանաբանությանը եւ տալ որակումներ: Այն պետական ծառայողները, որոնք այս կամ այն կազմակերպությանը որակում են, օրինակ՝ «աղանդ», գերազանցում են իրենց իրավունքները եւ պետք է պատժվեն»:
Իսկ«աղանդին» Հայ Առաքելական եկեղեցու տված սահմանման շուրջ պարոն Դանիելյանը նշեց, որ ցանկացած եկեղեցի կարող է ձեւակերպել, թե աղանդը հիմնական դավանաբանությունից շեղված ուղղությունն է. «Հիշենք, որ կաթոլիկ, ոււղղափառ, բողոքական եկեղեցիները Հայ Առաքելական եկեղեցուն են համարում աղանդ, քանի որ հիմնական դավանաբանությունից շեղվել է 451թ. Քաղկեդոնի ժողովի ժամանակ: Կրոնական կազմակերպությունը չի կարող որակվել որպես քայքայիչ, մինչեւ օրենքում չտրվի «քայքայիչ աղանդ» սահմանումը եւ չլինի դատարանի որոշում: Իսկ կրոնական կառույցների ղեկավարների կողմից իր անդամների շահագործումը բնականաբար հակաօրինական է եւ պետք է կասեցվի օրենքով»:
Ստեփան Դանիելյանի փոխանցմամբ, Հայաստանում ոչ Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդների թիվը կազմում է 250.000՝ չհաշված ազգային փոքրամասնություններին, աթեիստներին ու ագնոստիկներին. «Մյուս երկրներում այդ թիվն ամհամեմատ բարձր է, որը պայմանավորված է մեր մոնոէթնիկությամբ»:
ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ