Joint Civic Education-ի աջակցությամբ Վայոց ձոր մարզի Աղավնաձոր գյուղում կազմակերպվեց «Կյանքը արվեստի լեզվով» ինտերակտիվ դասընթացը: Տեւեց ընդամենը չորսը օր: Այն կազմակերպված էր երեխաների ամառային արձակուրդները ավելի հետաքրքիր դարձնելու համար: «Ես այդ մտահաղացումը ներկայացրել էի Joint Civic Education-ին, նրանք հավանություն տվեցին եւ աջակցեցին ծրագիրը կյանքի կոչելուն»,-ասում է նախաձեռնող-կազմակերպիչ Աննա Շահինյանը:
Ամառային արձակուրդների ընթացում գյուղերում դպրոցահասակ երեխաները չեն ունենում անելիքներ եւ բավարար գումար` ճամբարներ եւ հանգստյան տներ գնալու համար, իսկ այս դասընթացների միջոցով, հնարավոր եղավ շատ երեխաների կտրել փողոցից ու միաժամանակ ավելի մոտիկից ծանոթացնել ժամանակակից արվեստին: «Դասերի ժամանակ մենք ուսումնասիրեցինք ժամանակակից մի քանի արվեստի ճյուղեր` սթենսիլ նկարչություն, նորաձևություն եւ կարդալու թատրոն (reading theater): Stencil art-ը, ժամանակակից արվեստ է. պլյոնկաների միջոցով պատկերը արտատպում ենք թղթի վրա»,-ասում է նա:
Երեխաները գիտելիք ստանալուն զուգահեռ ունենում էին նաեւ պրակտիկ փորձ: Նրանց հնարավորություն էր տրվում տեսականը դարձնել պրակտիկ, որն ավելի ոգեւորիչ եւ հետաքրքրաշարժ էր նրանց համար: Դասընթացների ժամանակ կազմակերպվում էր նաեւ ուրախ, ծիծաղաշարժ խաղեր, որն էլ ստեղծել էր անկեղծ եւ անմիջական մթնոլորտ: Երեխաները մեծ ոգևորությամբ էին հաճախում դասերին: Նրանց խոսքով` իրենց համար շատ հետքրքիր է, քանի որ այստեղ իրենք հնարավորություն էին ունենում դրսեւորել իրենց ստեղծագործական հմտությունները, ծանոթանալ մարդկանց հետ, նոր ընկերներ ձեռքբերել: Ինչպես նաեւ` իրավիճակից ելնելով` խոսում էին կոնֆլիկտների մասին եւ երեխաներին սովորեցնում, թե ինչպես թիմում համգործակցելով աշխատեն:
Աննայի ցանկությունն է, որ մարդիկ ավելի շատ զբաղվեն հանրային գործունեյությամբ, որը կարող է լինել կամավոր, ինչպես իր դեպքում: « Այն նպաստում է օգնել հանրության մի փոքր հատվածին, վաստակել նրանց ժպիտները եւ սնվել դրանով»,- ասում է նա:
Քրիստինա Միրզոյան