Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրուբ Ավագանու անդամության թեկնածու Լ.Բարսեղյանը նամակ է հղել Գյումրու քաղաքապետի թեկնածու, ՀՀ ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.
Հարգելի պարոն Բալասանյան,
Շնորհակալություն հայտնելով քաղաքային խնդիրները օգոստոսի 18-ին ժամը, 16-ին քննարկելու մասին ինձ հղած Ձեր հրավերի համար, ստիպված եմ տեղեկացնել, որ մասնակցել չեմ կարողանա, որովհետեւ Գյումրու բարեփոխման «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 17-րդ ժողովը մոտ մեկ ամիս առաջ նշանակված էր նույն օրը ժամը 15-ին (մեր ժողովների օրերը պլանավորված են մինչեւ սեպտեմբերի 17-ը ներառյալ), եւ ես պարտավոր եմ ներկա գտնվել նախ այդ ժողովին:
Միաժամանակ, բարձր գնահատելով հասարակական գործիչների կարծիքներն ու առաջարկությունները լսելու Ձեր նախաձեռնությունը` քաղաքապետի թեկնածուի նախընտրական ծրագիր մշակելու համար, ստորեւ ներկայացնում եմ մի քանի առաջարկ, որոնց ընդունումն ու ավագանու հետ իրականացումը էապես կբարելավեն տեղական ինքակառավարման որակը քաղաքում եւ քաղաքային կյանքը` մի քանի ոլորտներում:
- Ապահովել օրենքով նախատեսված պայմանները Ավագանու գործունեության համար, ինչպես օրինակ ստեղծել Ավագանու նստավայր, այն կահավորել այն նվազագույն պայմաններով, որ անհրաժեշտ կլինի ավագանու գործունեության համար, նստավայրում, օրենքով նախատեսված կարգով հրապարակել ավագանու որոշումները եւ քաղաքապետի ընդունած բոլոր իրավական ակտերը: Օրենքով նախատեսված կարգով պատշաճ իրազեկում իրականացնել ավագանու կայանալիք նիստերի մասին, իսկ նիստերի անցկացման համար ապահովել այնպիսի աշխատանքային պայմաններ, երբ քաղաքացիների համար արժանապատիվ կերպով նստատեղեր կապահովվեն այնտեղ: Ապահովել ավագանու նիստերի ուղիղ ինտերնետային հեռարձակում:
- Սերտորեն համագործակցելով Գյումրու Ավագանու, պետական իշխանությունների, անհատ բարերարների, բարեգործական հիմնադրամների, միջազգային կազմաերպությունների, բարեկամ երկրների կառավարությունների, եկեղեցիների եւ այլ հնարավոր հաստատությունների հետ, 4 տարում Գյումրու բոլոր անօթեւան ընտանիքներին ապահովել արժանապատիվ կացարաններով կամ բնակարաններով:
- Մրցույթով ընտրված անկախ մասնագիտացված ընկերությանը պատվիրել քաղաքապետարանի` ծրագրային, գույքային եւ ֆինասնական աուդիտ իրականացնել տեղական ինքնակառավարման ընդունումից` 1996 թվից մինչեւ մեր օրերը ընկած ժամանակահատվածի համար: Հրապարակել աուդիտի արդյունքները եւ իրականացնել աուդիտի արդյունքում կազմված առաջարկությունները:
- Մրցույթով ընտրված անկախ մասնագիտացված ընկերությանը պատվիրել քաղաքապետարանի ծրագրային, գույքային եւ ֆինասնական տարեկան աուդիտներ: Հրապարակել աուդիտի արդյունքները եւ իրականացնել աուդիտի արդյունքում կազմված առաջարկությունները:
- Քաղաքի մատուցվող ծառայությունների որակի բարելավման համար, ծառայությունների եւ ապրանքների գնումները, բոլոր հնարավոր դեպքերում, իրականացնել միայն հրապարակային մրցույթների միջոցով:
- Համայնքային բյուջեի միջոցները տնտեսելու համար քաղաքային խնդիրների լուծման համար ստեղծել համայնքապատկան տնտեսություններ. ուղեւորափոխադրման ծառայություններ, փողոցների կառուցապատման, ավտոկանգառների սպասարկման եւ այլ տնտեսություններ:
- Համայնքային խնդիրների լուծումների համար ինտենսիվորեն ծրագրեր մշակել եւ ներկայացնել ֆինանսավորման` ՀՀ կառավարությանը, ինչպես նաեւ նպատակային ջանքեր ներդնել այլընտրանքային միջոցների հայթայթման համար` հնարավոր տեղական եւ օտարերկրյա դոնոր կազմակերպություններից:
- Վերականգնել «Կումայրի» արգելոց թանգարանի կարգավիճակը, էական դեր վերապահելով վերջինիս Գյումրու հետագա կառուցապատման մասին եզրակացություններ կազմելիս:
- Ջանքեր ներդնել Գյումրուց Երեւան տարված` Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձման համար, անհրաժեշտության դեպքում հանգանակություններ նախաձեռնել այդ նպատակով:
- Մշակել եւ Գյումրու Ավագանու հետ ընդունել Գյումրու բնապահպանական ռազմավարություն, որում հստակ լուծումներ նախանշել Գյումրու բոլոր բնապահպանական խնդիրներին:
- Քաղաքապետարանի բաժինների վարիչների, աշխատակազմի քարտուղարի եւ քաղաքապետի տեղակալների ընտրությունն իրականացնել հրապարակային մրցույթներով, մրցութային հանձնաժողովներում ներգրավելով Ավագանու անդամների եւ անկախ փորձագետների:
- Քաղաքապետարանի աշխատակազմի համար, անկախ փորձագետների մասնակցությամբ, մշակել եւ ընդունել Վարքի կանոնակարգ, այն նպատակով, որ նվազեցվեն կամ բացառվեն բոլոր կոռուպցիոն ռիսկերը, շահերի բախումների հնարավորությունները:
- Քաղաքապետարանի աշխատանքների մասին ապահովել առավելագույն հրապարակայնություն, մասնավորաբար, հրապարակել բոլոր այն փաստաթղթերը, որոնք օրենքով սահմանված գաղտնիքներ չեն պարունակում: Բոլոր հնարավոր դեպքերում ապահովել հրապարակային ժողովների, հանդիպումների եւ քննարկումների ուղիղ ինտերնետային հեռարձակումներ:
- Ամսական պարբերականությամբ, եւ տարեկան պարբերականությամբ հանդես գալ քաղաքապետի եւ իր աշխատակազմի հրապարակային հաշվետվություններով:
- Քաղաքապետարանի աշխատանքի մասին իրազեկումներում ապահովել հավասար մատչելիություն բոլոր ԶԼՄ-ների եւ լրագրողների համար, որեւէ խտրականություն չկիրառել այս խմբերի ներկայացուցիչների նկատմամբ:
- Համայնքապետարանին ենթակա հաստատությունները, համայնքապետա-րանը ուղղակիորեն կամ միջնորդված չծառայեցնել որեւէ քաղաքական գործողության:
Պարոն Բալասանյան, պարտավոր եմ տեղեկացնել նաեւ, որ այս եւ մի շարք այլ գաղափարներ ներմուծված են «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության` քաղաքի զարգացման այն ծրագրում, որ մշակել ենք ավելի քան 50 գործընկեր-համախոհներով, ու, որը հանդիսանում է նախաձեռնությունից Գյումրու ավագանու անդամ առաջադրված թիմային թեկնածուների ծրագիրը:
Բացի այդ, այս նամակում բերված առաջարկներս ու «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության մշակած Գյումրու զարգացման ծրագիրը ուղարկվելու է քաղաքապետի պաշտոնի համար եւ ավագանու անդամի կարգավիճակի համար առաջադրված բոլոր թեկնածուներին ու ներկայացվելու է լայն հասարակությանը:
Հարգանոք` Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
Լեւոն Բարսեղյան