ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը հայտարարել է մի շարք ավազակային հարձակումների գործի նախաքննության ավարտի մասին: Ինչպես «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչությունից, կողմերին 15-օրյա ժամկետ է տրամադրվել գործի նյութերին ծանոթանալու համար:
«Փաստինֆո» լրատվական գործակալության տվյալներով՝ գործով մեղադրյալները 6-ն են՝ Արտուշ Հակոբյանը, Սամվել Դավթյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստյանը:
Ըստ մեղադրանքի՝ Արտուշ Հակոբյանը, հանդիսանալով բանդայի ղեկավար, կազմակերպել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումները:
Ըստ նախաքննության վարկածի՝ հիմնավորվել է, որ Սամվել Դավթյանը, Քյարամ Ամոյանը, Արման Դալլաքյանը, Արթուր Մանուկյանն ու Դավիթ Գալստյանը եղել են բանդայի անդամներ:
Մասնավորապես, Սամվել Դավթյանը մասնակցել է Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը:
Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստության մեջ մեղադրվում են նաև Քյարամ Ամոյանն ու Արթուր Մանուկյանը: Վերջինս մեղադրվում է նաև իր մոտ եղած ատրճանակից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կրակոցներ արձակելու մեջ:
Արման Դալլաքյանը մեղադրվում է Էդուարդ Բեզոյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին մասնակցելու մեջ, իսկ Դավիթ Գալստյանը՝ Ատոմ Ղազազյանի, Էդուարդ Բեզոյանի, Աղվան Գրիգորյանի, Նապոլեոն Ազիզյանի և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կատարված ավազակային հարձակումներին, ինչպես նաև Կարեն Ջինանյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ կատարվելիք ավազակային հարձակման նախապատրաստությանը մասնակցելու մեջ:
«Փաստինֆո»