Երեկ տեղի ունեցած աղմկահարույց դեպքը` հրազենի կրակոցից մահը, այսօր խառնաշփոթի վերածվելու առիթ է դարձել մամուլում:
Նախ, PanARMENIAN.Net -ը գրեց. «Քիչ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանն ասաց, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը: Մալխասյանը փոխանցեց, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել և դեռ հայտնի չէ ինքնասպանության պատճառը»:
Ապա ավելի ուշ NEWS.am -ը հայտնեց հետեւյալը. «Երեկ` օգոստոսի 17-ին Ազատամարտիկների փողոցում հրազենային վնասվածքից մահացած գործարար Միշա Քալանթարյանը Փայլակ Հայրապետյանի հարազատ եղբայրն է: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Փայլակ Հայրապետյանը` նշելով, որ եղբոր ազգանունն անձնագրով Քալանթարյան է: Փայլակ Հայրապետյանի խոսքով, Միշան իր կրտսեր եղբայրն է, իսկ ազգանունի տարբերությունը պայմանավորված է նրանով, որ Փայլակ Հայրապետյանը հոր մահից հետո նրա անունն է վերցրել որպես ազգանուն, իսկ Միշա Քալանթարյանի ազգանունը պապական ազգանունն է:
Նշենք, որ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ (Ինքնասպանության հասցնելը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):
Մանրամասները պարզվում են: Նշանակվել է Մ. Քալանթարյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ նախնական տեղեկությունների, Ազատամարտիկների 183 (Նախկին Դիմիտրով) հասցեում, հրազենով ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Քալանթարյանը:
Նշենք, որ Հայրապետյան եղբայրներին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը»: