Գյումրու քաղաքապետի իշխանական թեկնածուն` Սամվել Բալասանյանը, այսօր կեսօրին պատրաստվում է հանդիպել հ/կ-ների ներկայացուցիչների հետ: Դեռևս մի շաբաթ առաջ վերջինս իրեն պատկանող գարեջրի գործարանի էլեկտրոնային հասցեով անհատական նամակներ էր հղել թիմային կարգով ավագանու անդամի թեկնածություն առաջադրած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության անդամներին` հրավիրելով իր նախընտրական ծրագրի համալրմանն ու մշակմանը: Սա ինչ-որ տեղ զարմացրել, անակնկալի է բերել հ/կ-ների ղեկավարներին, որոնք երկար ժամանակ քննարկում էին այն հարցը, թե արժե՞ գնալ հանդիպմանը, թե՞ոչ և իրականում ո՞րն է Սամվել Բալասանյանի նպատակը: «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի վերջին խորհրդակցության ժամանակ նույնիսկ առաջարկ հնչեց պարոն Բալասանյանից ճշտել, թե որպես ի՞նչ է իրենց հրավիրում: «Թող ինքն իր համախոհներով մշակի իր ծրագիրը, ես ի՞նչ գործ ունեմ նրա ծրագրի հետ , չպիտի գնանք նրան լսենք, որ ինքն իրեն լավ զգա , բայց եթե անգամ գնամ, ապա գնալու եմ մի ճշտող հարց ուղղեմ` 2003 թվականի նախագահական ընտրություններին ո՞ւմ է սատարելու Սամվել Բալասանյանը: Հասկանալի է, որ ինքն ուզում է ցույց տալ, թե հասարակության բոլոր շերտերի հետ պատրաստ է հանդիպել, պարզապես մի մտավախություն ունեմ, սա հանկարծ չօգտագործվի մեր դեմ», -նման կարծիք հնչեցրեց Գյումրու ավագանու անդամի թեկնածուներից մեկը` ազգագրագետ Արտաշես Բոյաջյանը:
Եղան ավելի կտրուկ արտահայտվողներ, օրինակ` ռեժիսոր Արթուր Հարությունյանը հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ այս տեսակ անմակարդակ հրավերով թակարդ են հյուսում մեր դեմ, հ/կ-ներ անվան տակ բերում ու մեզ չակերտավոր ասած փչացնում են: Ես դեմ եմ նման հրավերի ընդունմանը»:
Փոքր-ինչ տարբեր էր Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի դիրքորոշումը: «Անկախ իրենց մոտիվացիաներից` այն գնահատելի է: Իսկ մենք պարտավոր ենք կանխատեսել մոտիվացիաները , մեր թեկնածուները ծայրից ծայր պետք է կարդան մեր մշակած էթիկայի կոդեքսը, որպեսզի հանդիպումների ժամանակ չօգտագործվենք բառի անդուր իմաստով:Կարելի է այսպես ասած ինդիկացիոն`(ճշտող, ստուգող) առաքելությամբ պատվիրակություն ուղարկել, որոնց մեջ կլինեն մարդիկ, ովքեր չոր, հստակ հարցեր կտան Բալասանյանին: Նման հրավերքը չի կարելի անարձագանք թողնել, որովհետև պատմության դասագրքերում ուզենք, թե չուզենք գրվելու է` առաջին անգամ քաղաքապետի թեկնածուն ծրագիր մշակելու համար կանչում է հ/կ ներկայացուցիչներին»:
Կարդացեք նաև
Երեկ «Առավոտը» պարոն Բարսեղյանից մեկ անգամ ճշտեց ի վերոջ ընդունելո՞ւ է հրավերը, թե՞ ոչ, որին ի պատասխան նա տեղեկացրեց, որ ագրեսիվ մերժմանը ինքը դեմ է, բայց իրենք զբաղված են, դեռևս ամիսներ առաջ հենց այդ օրն է նշանակված «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի հերթական ժողովը, այնպես որ Բալասանյանի հետ հանդիպումը հարմար չի լինի: Բացի այդ, ըստ պարոն Բարսեղյանի, հրավերը եղել է անահատական, ոչ թե ուղղված «Քաղաքը մերն է» նախաձեռնության խմբին, հետևաբար և յուրաքանչյուր անդամ ինքը կորոշի գնա՞լ, թե `ոչ: « Իհարկե որոշ հարցեր կգրեմ ու կուղարկեմ պարոն Սամվել Բալասանյանին, բայց կարծում եմ, «Քաղաքը մերն է» խմբի անդամների մեծ մասը չեն գնա այդ հանդիպմանը` որոշ նկատառումներից ելնելով, եթե գնանք` մեզ այդ դեպքում հաստատ կասոցացնեն Սամվել Բալասանյանի թիմի հետ,կգրեն, կնկարեն, ցույց կտան, հաստատ կասեն, թե նրա թիմից ենք», -մեկնաբանեց Լևոն Բարսեղյանը:
«Քաղաքը մերն է» խմբի անդամներից խիստ տարբեր է միայն «Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի կարծիքը: «Եթե ես պիտի վախեցած ապրեմ, դիմացինին տեսնելուց չբարևեմ, թե նրա ռեյտինգը հանկարծ կբարձրանա, ես համաձայն չեմ դրան, մեր գործունեությունը պետք է ուղղված լինի քաղաքական մշակույթի հարստացմանը: Վարդան Ղուկասյանի ռեժիմից ազատվելու համար ես կհամագործակցեի ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի ու Գյումրու մանկավարաժական ինստիտուտի ռեկտոր Վարդևան Գրիգորյանի հետ, եթե ԲՀԿ-ն Բալասանյանի փոխարեն նրանց քաղաքապետի թեկնածու առաջադրեր և ով որ Գյումրու իրավիճակը փոխելու ռեալ շանս ունենար: Ես համոզված եմ, որ նման հանդիպումը դրական ազդեցություն կթողնի և քաղաքացիական հասարակության կայացման և քաղաքի խնդիրների համատեղ լուծման համար: Եթե քաղաքապետի ուրիշ թեկնածուներն էլ հանդիպման հրավիրեն` բարի ցանկություններով, ես կգնամ: Անհատական հրավերք է, ովքեր ցանկանում են թող գնան, բայց այստեղ նստածները չգիտեն, թե 2013 թվականի նախագահական ընտրություններին ո՞ւմ պետք է պաշտպանեն, ո՞ւր մնաց Բալասանյանը, կամ դա ի՞նչ կապ ունի հանդիպման թեմայի հետ, եթե քաղաքապետի պաշտոնը ապաքաղաքական է», ասում է Վահան Թումասյանը: Ըստ նրա, եթե հ/կ ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ իրենց կօտագործեն PR նպատակով, ապա հանդիպումը կարող են անցկացնել առանց ԶԼՄ-ների ներկայության :
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ