Լրահոս
Օրվա լրահոսը

Փանջունիության գյումրիական ֆենոմենը

Օգոստոս 18,2012 11:48

Վարդան Ղուկասյանինՙ Գյումրու տակավին գործող քաղաքապետին, իշխանությունները «կարմիր քարտ» ցույց տվեցին եւ արգելեցին առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու: Այսինքն, իշխանությունները, հանուն «գաղափարի», հանուն այն բանի, որ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանն ու իր թիմը «վայրէջք» կատարեն իրենց «այլընտրանքային» բարձունքից ու պառկեն իրենց ոտքերի տակՙ ապահովելով իրենց նոր հնգամյա երթը… Ըստ էության, նրանք խախտեցին ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքներըՙ արգելելով նրան առաջադրվել… Բայց, բնականաբար, Վարդան Ղուկասյանը զոհ չէ եւ ոչ էլ խաչելության տարված Քրիստոս: Նույն քրեաօլիգարխիկ համակարգի կարկառուն ներկայացուցիչներից է, որ առավել ազատ ու անկաշկանդ դարձավ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին եւ ամրապնդեց այն հենարանները, որոնց վրա է իր գոյությունը կառուցում իշխանական համակարգը… Վարդան Ղուկասյանը 13 տարի ծառայել էր համակարգին, ինքն իրեն եւ իր քաղաքին: Նա համակարգի դեմ ելել էր միայն այն ժամանակ, երբ հարկավոր էր պահանջներ ներկայացնել հանուն քաղաքի, լուծել անօթեւանների համար բնակարաններ կառուցելու հարցըՙ ճշմարիտ հայրենասիրությունը միախառնելով գավառական պոռոտախոսությանն ու պոպուլիզմին: Կռվում էր, բողոքում, պահանջում, կարողանում էր որոշ հարցեր լուծել, քաղաք բերել բնակարանաշինության հսկայական ծրագիրՙ այսպես նաեւ աջակցելով շինարարությունն իրականացնող «Գլենդել Հիլզին»… Տարիներ շարունակ կռիվ էր տալիս շաքարի գործարանի համար, իսկ իշխանություններն էլ շահագրգռված էին դրա կառուցմամբ, քանզի դա էլ իշխանության հենարան օլիգարխներից մեկիՙ Լֆիկ Սամոյի սեփականությունն էր… 13 տարի Վարդան Ղուկասյանը կառուցեց քաղաքը, դուրս բերեց ցնցոտիավոր վիճակից, քաղաքին հոգեւոր տաճարներ պարգեւեց, արձաններով ողողեց քաղաքի փողոցներն ու պուրակներըՙ այսպես լույսն ու ստվերն իրար ագուցելով, այսպես քաղաքի ու սեփական բարօրության խնդիրները համաժամանակյա լուծելով:

Բայց եթե քաղաքն իր խնդիրներով դանայան տակառի էր նման, ուստի անհնար էր փոքր բյուջեով, համապետական ծրագրերի բացակայությամբ շատ բանի հասնել, ապա քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կարողացավ հարստանալ, իր բարօրության հարցերը լուծել: Ժամանակ առ ժամանակ Վարդան Ղուկասյանին ծնկի բերելու համար իշխանությունները Գյումրին քրեական քաղաք էին հայտարարումՙ նույն պահին սքողելով այն իրական քրեավտանգ իրավիճակը, որը տիրում էր ու է երրորդ քաղաք Վանաձորում… Գյումրու քաղաքապետի դեմ իրականացված մահափորձը դյուրությամբ պարտակեցին, որովհետեւ հանկարծ պարզվեց, որ հետքերը մի տեղ են տանում, որի հետ խնամիական կապեր ունի նաեւ Հովիկ Աբրահամյանը… Վարդանը չաղմկեց, Վարդանը հետեւողական քննություն չպահանջեց, որովհետեւ համակարգը չի սիրում «նվնվացողներին»: Ուրեմն, համակարգն ու Վարդան Ղուկասյանն ապրեցին գրեթե գիրկընդխառըՙ մեկը մյուսին պարգեւներ տալով… Բայց եկավ նաեւ ժամանակ, որ Գալուստ Սահակյանը սկսեց նախագահի ականջին փսփսալ, որ հարկավոր է «զոհել» Վարդանինՙ առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ ձայները տանելու համար: Նույնն էլ նախագահին ներշնչեց Հովիկ Աբրահամյանըՙ խնամի Գագիկ Ծառուկյան-նախագահ հարաբերությունները «բարձր մակարդակի» վրա դնելու համար: Նախագահը Ծառուկյանին «նվիրաբերեց» Վարդան Օսկանյանի «Սիվիլիթասի» փակվող գործը, Գյումրի քաղաքը, Ծառուկյանն էլ խոստացավ մոռանալ Ռոբերտ Քոչարյանին ու հպատակորեն ծառայել Սերժ Սարգսյանին: Վարդան Ղուկասյանի «գլխին սարքեցին» խորհրդարանական ընտրությունները, երբ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի ջանքերով նաեւ Գյումրիում հաղթեց ԲՀԿ-ն: Այսինքն, Վարդան Ղուկասյանի հեռանալու ժամն էր: Գյումրին ԲՀԿ-ին հանձնելու հարցում էլ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը դիմեց ինքնատիպ փոխատեղմանՙ կռվազան ու համարձակ, գավառական խարիզմայով նշանավոր դարձած, բայց իր քաղաքն իսկապես սիրող Վարդան Ղուկասյանին փոխարինելով տարբեր կուսակցությունների դռներին ծնրադրող, տարբեր խարդավանքների մեջ ներքաշված, հանուն պաշտոններիՙ շատերին զոհաբերած, դիմազուրկ ու կամակատար Սամվել Բալասանյանով, որը ոչ պակաս հարուստ է, քան Վարդան Ղուկասյանը, որը ներքաշված է բազմաթիվ ֆինանսական «կոմբինացիաների» մեջ, որը փոշիացրեց Գյումրու գարեջրի գործարանիՙ մարդասիրական օգնության ճանապարհով ստացված ունեցվածքը, իր ողջ կյանքում զբաղվեց ցուցադրական-էժանագին բարեգործություններովՙ նաեւ երկու բնակարան նվիրելով անօթեւան ընտանիքների… Երբ անցած տարեմուտին Բալասանյանի որդին այդ ընտանիքներին հանձնեց բանալիները, արդեն ակնհայտ էր, որ Բալասանյան-ավագը նորից արթնացրել է քաղաքապետ դառնալու իր 13-ամյա երազանքը, միայն թե դեռ մտքում հաշվարկներ էր անում, չգիտերՙ ինքն առաջադրվեր, թե՞ որդին: Երկու դեպքում էլ Բալասանյանը կանգնում էր դժվարագույն խնդրի առջեւ. նախ, որդին չունի այն ճանաչումն ու հեղինակությունը, որոնք նրան օգնեին քաղաքապետ դառնալ: Երկրորդ, Վարդան Ղուկասյանի հզորագույն կլանից զատՙ նրա առջեւ հառնում էր ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կլանըՙ նույնքան հզոր եւ հարուստ, թաթախված մի շարք սկանդալային պատմությունների եւ սպանությունների մեջ: Գյումրեցիներից շատերը սիրում են Մարտուն Գրիգորյանին, համակրում նրան, այդ համակրանքին գումարվում էր նաեւ Գրիգորյանների ուժը: Բայց այս ամենից զատՙ կար նաեւ Գագիկ Ծառուկյանի աջակցությունը, քանզի նախընտրական արշավի օրերին Ծառուկյանը Գյումրիում հրապարակավ հայտարարել էր, որ աջակցելու է Մարտուն Գրիգորյանինՙ նրան դարձնելով քաղաքապետ: Բնականաբար, Բալասանյանը մնում էր խաղից դուրս վիճակում, որովհետեւ նա երբեք աչքի չի ընկել հավատարմությամբ, միշտ խաղացել է մի քանի լարերի վրա, միշտ ունեցել է «պահուստային տարբերակ»:

Հասկանալով, որ կարող է միշտ մնալ շարքային պատգամավորի կարգավիճակում, Բալասանյանը դիմեց խորհրդարանի «ամենախորագետ» մարդունՙ Գալուստ Սահակյանին, որն էլ Հովիկ Աբրահամյանի հետ կարողացավ լուծել Բալասանյանի հարցը…

Հիմա մի շարք այսպես կոչված գյումրեցի ժողովրդավարներ էյֆորիայի մեջ են, փանջունիական ոգեւորությամբ եւ հորթային հրճվանքով հայտարարում են, թե եկել է բարեփոխումների ժամանակը, թե քաղաքն ազատագրվել է, թե Գյումրիում նոր ժամանակներ են սկսվում: Ուրեմն, ինչքա՜ն վատ ժամանակներ են սպասում Գյումրիին, երբ հենց այդ կեղծ ժողովրդավարներն են հայտարարում, որոնց մեջ կան նաեւ Բալասանյանի կողմից վարձվածներ…

Բայց արդյոք Գյումրին ազատագրվեց եւ արդյոք քաղաքը կթոթափի վախի ու սարսափի մթնոլորտը, ինչի մասին հատկապես վերջին օրերին տարփողում են ոմանք: Միանշանակ ասենք. Վարդան Ղուկասյանի հեռացումը ասպարեզից ժամանակի հրամայականն էր: Մավրն արեց իր գործը, մավրը պիտի հեռանար… Ղուկասյանը որոշակիորեն վերականգնեց քաղաքի կերպարը, լուծեց բազմաթիվ սոցիալական հարցեր, պահպանեց քաղաքի մշակութային շատ հաստատություններ, ստեղծեց նոր ավանդույթներ, կյանքի կոչեց մի շարք նախաձեռնություններ, ժամանակ առ ժամանակ քաղաքին տվեց տոն ապրելու թանկ ու մոռացված հաճույքը: Վարդան Ղուկասյանը Գյումրիում ամրապնդեց իշխանության դիրքերը, ձեւավորեց երկրորդ եւ երրորդ նախագահների վարկանիշը, ամրապնդեց ունեւորների, այդ թվում նաեւ Սամվել Բալասանյանի դիրքերըՙ վերջինիս հնարավորություն տալով Գյումրիում ունենալ իր բիզնեսի հենարաններից մեկըՙ Գյումրին դիտարկելու Երեւանի, Ջավախքի, Բաթումի, Ռոստովի, Մոսկվայի իր բիզնես հանգրվանների ճյուղերից մեկը: Սակայն 13 տարվա ընթացքում լճացումը դարձել էր անխուսափելի, մինչդեռ քաղաքին կառավարման նոր ձեւեր եւ սկզբունքներ էին հարկավոր, նոր մարդիկ էին հարկավոր տեղական իշխանության մեջ: Ինքըՙ քաղաքապետը, չէր զգում նոր հոսանքի անհրաժեշտությունը, նաեւ խանգարում էր նրա շրջապատը, մասնավորաբար Գյումրիում մեծ հարստություններ դիզած ոմն Հովհաննես Գրքիկյան, որ անգամ լուծում էր որոշ կադրային հարցեր: Լճացածության կողքին հառնում էին նաեւ անձնական ողբերգությունները, որոնք ջլատում ու հոգնեցնում էին Վարդան Ղուկասյանին: Հեռանալը ճիշտ ժամանակինՙ քաղաքական ու պետական գործչի խոհեմության գրավականն է: Վարդան Ղուկասյանին սա էր պակասում, չնայած նա իր մնալը բացատրում էր մի շարք ծրագրերի կենսագործման անհրաժեշտությամբ: Իշխանություններն էլ չէին շտապում հրաժեշտ տալ Վարդան Ղուկասյանին, որովհետեւ նա դեռ պետք էր իրենց: Պետք էր այնքան ժամանակ, քանի դեռ չէր նյութվել գլխավոր դավը, որի ակունքների մոտ կանգնեցին շատերը…

Այնինչ Վարդան Ղուկասյանից հետո իշխանությունները պիտի խոհեմություն ունենային եւ թույլ տային գյումրեցիներինՙ ինքնուրույնաբար լուծելու քաղաքի ապագան, սեփական նախաձեռնությամբ ընտրելու իրենց քաղաքապետին: Սակայն երկրի նախագահն ապացուցեց, որ Գյումրին իր համար ընդամենը մի տարածք է, որն անհրաժեշտ է իր ձայներն ապահովելու համար: Գյումրու իրական խնդիրները երկրի իշխանություններին չեն հետաքրքրել եւ չեն էլ հետաքրքրելու: Մենք արդեն անդրադարձել ենք այն խնդրին, որ Բալասանյանի առաջադրումից մի քանի օր առաջ կառավարությունը մերժեց իր դրածոյի ներկայացրած մի շարք օրինագծեր, այդ թվում նաեւՙ «Գյումրու մասին ՀՀ օրենքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախաձեռնությունը: Այսինքն, Գյումրին չի հետաքրքրում նրանց, Գյումրին տեղ չունի նրանց ծրագրերում: Պետք էր քաղաքը պատանդի կարգավիճակով հանձնել Գագիկ Ծառուկյանինՙ արդեն վճռական քայլը կատարված է: Սակայն այստեղ էլ համակարգն իր մեթոդներով է առաջնորդվելՙ քաղաքապետի գրեթե նշանակված թեկնածու դարձնելով կամակատար, ֆինանսական կապիտալի ներկայացուցիչ մեկին, ում սանձերը միշտ իր ձեռքերում են լինելու եւ ով լռեցնելու է Գյումրուց հնչող անհանգստության ամեն մի կանչ… Ուրեմն, Վարդան Ղուկասյանը փոխարինվում է Վարդան Ղուկասյան-2-ով, գյումրեցիների համար առավել վտանգավոր մեկով, որը հանուն իր բիզնեսի ու փողի, հանուն իր պաշտոններիՙ կարող է վաճառել ամեն ինչ, հպատակվել իշխանություններին եւ Գյումրին վերածել չգոյության գոտու: Բալասանյանն արդեն իսկ անցել է խարդավանքներիՙ ավագանու անդամ առաջադրելով գարեջրի գործարանի 20 աշխատողի, իսկ իրեն որպես մրցակիցՙ  «հորինելով» շատերի հիշողությունից ջնջված, տեւական ժամանակ Միացյալ Նահանգներում բնակված, Կոմկուսի Շիրակի շրջկոմի նախկին առաջին քարտուղար Սպարտակ Պետրոսյանինՙ մի դիմազուրկ եւ սկզբունքներ չունեցող մարդու, որի միջոցով, իբր թե, կամենում է ամրապնդել իր դիրքերը…

Իսկ էյֆորիայի մեջ գտնվող գյումրեցի փանջունիներն այդպես էլ չկարողացան արժանավոր թեկնածուով հակազդել իշխանություններին եւ Սամվել Բալասանյանին, մտահոգվել քաղաքում իսկապես բարեփոխման շունչը բերելու խնդիրներով:

Վերջերս թերթերից մեկում կարդացի մի երիտասարդ գյումրեցու մտորումները. «Իսկ իմ քաղա՞քը, նա տակավին դեռ հույսեր է փայփայում ու վառ, գունավոր երազներ տեսնում: Նա կկառուցվի ու կլինի ավելի լավը, քան երբեւէ եղել է: Մենք դա դեռ կտեսնենք: Խավարը թանձրանալիս լույս է ծնում, լույսը ծնում է հույս, հույսը ծնում է տեսիլք, տեսիլքըՙ ապագա, իսկ ապագան ծնեց ներկա սերունդըՙ մտածող, փնտրող-գտնող, պայքարող, չհամակերպվող, չլռող, ով խավարից ծնված լույսն էՙ ժամանակի պահանջով: Մի հույս կա, ու մի առկայծող պատրույգ: Ես եմ, դու ես, մենքՙ մի բազուկ, մի կռնակ ու մի հենարան, ամուր ու անվարան, իսկ ասպարեզումՙ բազմագլուխ մի ախոյան, մեր բազկումՙ մի սուր, որ օժտված է օրենքի ու կամքի ուժով: Գործ կա անելու, անձնուրաց գործ, շա՜տ գործ: Նոր միտք, մի նոր սերունդ, նոր ուժ, նոր քաղաք ու երազ մի երկիր: Շուտով» :

Սկզբում ուրախացա, իսկ հետո խորապես տխրեցի, որովհետեւ համակարգն ու գյումրեցի մի խումբ փանջունիներ այս տողերի հեղինակի, նրա հասակակիցների հույսը կոխկրտեցին, նրանց ձեռքի պատրույգը մարեցին… Նրանք թքեցին քաղաքի ապագայի վրա, որովհետեւ եւս չորս տարի Գյումրին խարխափելու է չգոյության, աղքատության ու խավարի, իշխանական «վերեւներից» թափվող անտարբերության ու դիմազրկության մեջ:

Գյումրին հերթական անգամ հայտնվելու է ժամանակի գերության մեջ…

Լեւոն ՄՈՒԹԱՖՅԱՆ

«Ազգ» օրաթերթ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031