Օգոստոսի 14-ին Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանի աշխատասենյակում կայացավ վարչական վարույթի նիստ, որին մասնակցում էին քաղաքապետը, նրա տեղակալը, քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը, քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը: Նիստի ընթացքում քննարկվեց Իջեւանի քաղաքային շուկայի առջեւի մայթում, հետիոտների անցման տեղում առեւտուր կազմակերպելու անթույլատրելիության հարցը:
Չնայած շուկայի տնօրինությունը նիստի մասին քաղաքապետարանի կողմից պատշաճ կերպով ծանուցվել էր, սակայն դրան չէր մասնակցում: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը որոշեց ոչ սահմանված վայրում առեւտուր կատարելու համար ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով Իջեւանի շուկայի տնօրինությանը տուգանել 30 հազար դրամի չափով: Այդ հոդվածով նախատեսվում է տուգանք 20-30 հազար դրամի չափով: Քաղաքապետն ասաց, որ մոտ 10 անգամ իրենք զգուշացրել են շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանին, որ նշված տեղում, մայթի վրա առեւտուր չկազմակերպեն: Վ. Ղալումյանն ասաց, որ շուկայի հետեւի մասում առեւտուր կատարելու համար ազատ տարածքներ կան, որոնք չեն օգտագործվում:
Քաղաքապետի վկայությամբ` շուկայի առջեւի մայթի վրա առեւտուրն արգելելու համար իրենք բազմիցս դիմել են Իջեւանի ոստիկանություն:
Հավելենք, որ Իջեւանի շուկայի տնօրեն Գառնիկ Օհանյանն էլ դեմ է, որպեսզի Իջեւանի կենցաղի տան հարեւանությամբ, գյուղատնտեսական մթերքների բացօթյա առեւտուր կատարվի, Գ. Օհանյանը դա համարում է հակասանիտարական: Նշենք, որ նշված հատվածում գյուղմթերքների առեւտրի թույլտվության որոշումը կայացրել է համայնքի ավագանին: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ շուկայի տարածքում ապօրինի կառուցապատման համար Իջեւանի քաղաքապետարանը շուկայի տնօրինությանը տուգանել է 200 հազար դրամի չափով: Իջեւանի շուկայի 3 փայատերերից մեկը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի եղբայր Աշոտ Ղուլարյանն է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ