Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուղիղ խնդիր

Օգոստոս 17,2012 18:29

Պատանեկությանս տարիներին, երբ ես առաջին անգամ Ջավախքից գալիս էի Երեւան՝ տեսա Արարատը: Մինչ այդ տեսել էի ոչ թե գրքերում, թերեւս դասագրքերում չկար Արարատի պատկերը, այլ բացիկների վրա: Եվ Թալինից Արարատյան դաշտ իջնելիս տեսա Լեռը Սրբազան: Հետո ոչինչ, որ մեր պատմության դասատուին երեւանյան կրկեսի ժամանակավոր հյուրանոցում ծեծեցին, ով մեզ Հայաստան էր բերել: Մենք բոլորս պատրաստ ու ուժեղ տղաներ էինք, բայց չփորձեցինք օգնել մեր դասատուին, որովհետեւ մենք եկել էինք մեր երանելի հայրենիքը, որտեղ մեզ բոլորովին չէր թվում, թե այդպես կընդունեն: Հետո շատ ավելի ուշ, երբ ես իմ հայրենիքում ուսանող էի, հասկացա պարզ մեկ բան, որ մենք սխալ էինք, որ մեր ուսուցչին տեր չկանգնեցինք, քանի որ այդ հարբած պատահական ձեւակերպումը բոլորովին էլ իմ հայրենիքը չէր: Ինչպես այսօր իմ հայրենիքը չեն այն մարդիկ, որոնց թվում է, թե իրենց կուտակած հարստությամբ մեր երկիրն են պահում…
Այսօր զարմանալիորեն կա ընդունված առաջին կարծիք, երկրորդ կարծիք, կա դիմություն եւ չընդիմություն: Ես երրորդ կարծիքն եմ: Բայց, բարի եղեք տիկնայք եւ պարոնայք, երրորդ կարծիք բոլորովին էլ չի նշանակում երրորդական կարծիք… Եվ ես՝ երրորդ կարծիքս ասում եմ. – Թողեք անձնական, չափազանց անձնական նկրտումները՝ ինքնահաճո, ինքնանպատակ, անհայրենական եւ հավաքվեք Սրբազան Լեռան պատկերի առաջ, որը Էր եւ Է:
Տարօրինակ է, սակայն, բախտի բերումով Աստծո ամեն օր ես աշխատանքի գնալիս եւ վերադառնալիս նայում եմ, որ տեսնեմ Լեռը, ում պատկերը մանկությունից երազել էի: Եվ մտածում եմ.- Միթե կարելի է այլ բան մտածել, դավադիր բան մտածել, երբ քո դիմաց է Լեռը Սրբազան, ով, որ անվերջ հուշում է երդումը Հայոց՝ թե քեզ մոռանամ Արարատ, թող զրկվեմ լույսից…
Մտածում եմ նաեւ, որ Լեռանն ուխտագնացության եկած աշակերտներին եւ նրանց պատմության դասատուին չի կարելի վիրավորել, ով իր աշակերտներին բերել էր ցուցադրելու Սուրբ Լեռը, քանզի ինչպես մենք, եւ ուսուցիչները նույնպես՝ անցողիկ են, եւ ուսուցչի արժանապատվությունն իր աշակերտների մեջ պետք է լինի: Ուսուցչին չպաշտպանող աշակերտին լեռը չի ճանաչի եւ աշակերտն այդ չի կարող առնչվել Սրբազանությանը, քանի որ լեռն ավելի քան մերն է, հավերժական է եւ ճակատագիր: Այսինքն թե՝ մեր բոլորի դիմաց՝ ուսուցչի թե աշակերտի, ուղիղ խնդիր է դրված: Թե մոռանամ քեզ Արարատ… երդումը, որը մտածվում, սակայն չի հնչում, հասունանում ու չի արթնանում, եւ որը մեզ կմաքրեր դավադիր մտքերից, մեզ կհավաքեր մեր ուղիղ խնդրի դիմաց, որտեղ բոլորը տեր են եւ ոչ մեկը՝ ենթակա:
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031