Երեկ «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը, խոսելով Հռիփսիմե Խուրշուդյանի օլիմպիական բրոնզե մեդալի մասին, հայտարարեց, որ Հռիփսիմեն եւ մարզական բարձունքներ նվաճած մեր մյուս ծանրորդներն առանց ֆեդերացիայի ու օլիմպիական կոմիտեի, այդպիսի հաջողությունների չէին հասնի: Այսօրվա ասուլիսում Հռիփսիմեին հարցրին, թե, արդյոք ֆեդերացիայի նախագահի այդ հայտարարությունը չափազանցված չէ: «Ամենեւին: Եթե հիշում եք, անցած տարի Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում ես ձեռքս վնասեցի: Անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն էր առաջացել, որը մեծ գումարների հետ էր կապված: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն այդ հարցերը կարգավորեց: Իսկ հետվիրահատական վերականգնողական շրջանը կազմակերպեց նաեւ պարոն Սամվել Խաչատրյանը: Հունվար ամսին դեռ 90 կգ հրում չէի կարողանում անել: Բայց հետագայում այդ աջակցությունների շնորհիվ կարողացա ժամանակին վերականգնվել ու Լոնդոնում մեդալ նվաճել: Սա վերաբերում է այս օլիմպիական խաղերին: Իսկ դրանից առաջ ես եւ Հայաստանի մյուս ծանրորդները բազմաթիվ մեդալներ ենք նվաճել Հայաստանի համար: Չեմ կարծում, թե որեւէ մեկը կասկածի տակ կառնի, որ նման հաղթանակները միայնակ հնարավոր չէին», – ասաց Հռիփսիմե Խուրշուդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ