Սիրիայի ակտիվիստների համաձայն, նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ ուժերը կրկին հրետանային կրակ են բացել Հալեպի և Դամասկոսի թաղամասերի ուղղությամբ:
Մեծ Բրիտանիայից գործունեություն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հաղորդել է նաև Դամասկոսի ռազմական հիմնական օդանավակայանի մոտակայքում ապստամբների և կառավարական ուժերի միջև տեղի ունեցած բախումների մասին:
Կազմակերպության տնօրեն Ռամի Աբդ ալ-Ռահմանը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ հինգշաբթի օրը Սիրիայում իրականացված բռնությունների արդյունքում երկրում ընդհանուր առմամբ զոհվել է 180 մարդ, իսկ ևս 65 մարդու դիակ հայտնաբերվել է Դամասկոսից դեպի հարավ-արևելք գտնվող Քաթանա քաղաքում:
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը հայտնել է Սիրիայում գործող դիտորդների մանդատը չերկարացնելու մասին: Դիտորդների մանդատի գործողության ժամկետը լրանում է կիրակի օրը, սակայն Անվտանգության խորհուրդը հույս է հայտնել, որ Սիրիայում կհաջողվի հիմնադրել քաղաքական գրասենյակ:
Կարդացեք նաև
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ներկայիս նախագահ, Ֆրանսիայի դեսպան Ժերար Արոդն ասել է, թե անդամները համաձայնության են եկել այն հարցում, որ ներկայիս դիտորդական առաքելությունը երկարաձգելու համար անհրաժեշտ պայմանները չեն կատարվել:
ՄԱԿ-ի պաշտոնյաների համաձայն, Սիրիայի նախագահ Ասադի դեմ ուղղված՝ արդեն 18 ամիս շարունակվող ապստամբության պատճառով օգնության կարիք է զգում երկրի մոտ 2,5 միլիոն բնակիչ: Մարդիկ շարունակում են լքել այն տարածքները, որտեղ չի դադարում հակամարտությունը:
Սիրիայի Ազազ սահմանամերձ քաղաքում գտնվող «Ամերիկայի Ձայն»-ին լրագրող Սքոթ Բոբբի համաձայն, այս շաբաթ հարյուրավոր մարդիկ լքել են իրենց բնակարանները ապստամբների կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ կառավարական ուժերի իրականացված ռմբակոծությունից հետո:
«Ամերիկայի Ձայն»-ին լրագրողի համաձայն, նա անձամբ է տեսել, թե ինչպես հարյուրավոր մարդիկ անցնել են Թուրքիայի տարածք: Նրա համաձայն, այս քաղաքի և դրանից դեպի հարավ գտնվող բնակավայրերի բնակիչները շարունակում են լքել իրենց բնակարանները:
Սքոթ Բոբբը հայտնել է, որ Ազազ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծության զոհ է գնացել ավելի քան 50 մարդ, իսկ քաղաքից մարդկանց խուճապահար փախուստի արդյունքում անհայտ կորած է համարվում 25 բնակիչ: Լրագրողն ասել է նաև, որ ռմբակոծության պատճառով վնասվածքներ ստացվածները էվակուացվել են Թուրքիա, քանի որ Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծում են ապստամբների կողմից վերահսկվող տարածքներում գտնվող հիվանդանոցները:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան