– Որ ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում էր Վանաձորում ֆուտբոլի դպրոց կառուցել՝ ռեա՞լ է:
– Այո:
– Որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատի է տվել ավագանու որոշումը՝ ռեա՞լ է:
– Այո:
Կարդացեք նաև
– Բա ո՞նց է, որ Ռուբեն Հայրապետյանը վերացական հայտարարություններ է արել:
Սա հատված է այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացած «Արթուր Սաքունցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» գործով հերթական դատական նիստում Սաքունցի եւ պատասխանողի ներկայացուցիչ Լուսինե Բակումյանի հարցուպատասխանից: Բանն այն է, որ պատասխանողի ներկայացուցիչը գտնում է, որ Սաքունցի պահանջն անհիմն է եւ ամբողջությամբ ենթակա է մերժման:
Հիշեցնենք, որ հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել 2012 թ. մայիսի 25-ին Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդումը, որտեղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը թույլ է տվել հետևյալ արտահայտությունը. «Երբ որ ես Վանաձորում ուզում եմ ֆուտբոլի դպրոցը կառուցեմ, ոչ մի ծառ, ոչ մի թուփ չկա, սարի վրա դպրոց եմ կառուցում, բայց չգիտես ինչի հայտնվեց Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ ու բռնեց դատի տվեց մեզ, քաղաքապետարանին, ավագանու որոշմանը, այդ թվում ֆեդերացիան էլ որպես երրորդ կողմ, պատասխանող կողմ: Հիմա դրանք մի քանի կոպեկ արտասահմաններից էդ գռանտները ստանում են, իրանց գռանտների հաշվին ցանկացած գեղեցիկ բան այսօր վարկաբեկում են»:
Հիշեցնենք նաև, որ հայցվորի ներկայացուցիչ Կարեն Թումանյանը 2012 թ. հունիսի 15-ին ուղարկած հայցադիմումում նշել է, որ «Լրացուցիչ ժամանակ» սպորտային հաղորդման ժամանակ Ռուբեն Հայրապետյանի կողմից նշված «Հելսինկյան մի հատ ինչ որ անհասկանալի օղերով մի հատ շան ծնունդ» արտահայտությունը արատավորում է Արթուր Սաքունցի պատիվն ու արժանապատվությունը:
Հայցվոր կողմը դատարանից պահանջում էր Ռուբեն Հայրապետյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել Արթուր Սաքունցից, հետևյալ բովանդակությամբ. «Ես` Ռուբեն Հայրապետյանս, 2012 թ մայիսի 25-ին հանրային հեռուստատեսության «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի եթերում թույլ եմ տվել ոչ պատշաճ, վիրավորական արտահայտություններ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցի հասցեին, որի համար ներողություն են խնդրում», ինչպես նաև որպես փոխհատուցում Ռուբեն Հայրապետյանից հօգուտ Արթուր Սաքունցի բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ»: Արթուր Սաքունցն այսօր հայտարարեց, որ վերանայել է իր պահանջը եւ Ռուբեն
Հայրապետյանից պահանջում է մեկ լումա:
Պատասխանողի ներկայացուցչի կարծիքով, Ռուբեն Հայրապետյանը վերացական հայտարարություն է արել եւ Սաքունցին նկատի չի ունեցել, քանի որ «օբյեկտիվ կապ չկա վիրավորական արտահայտության եւ Սաքունցի միջեւ»: Ըստ նրա՝ «պետք է լինի օղ կրող անձ, որը դատի է տվել ֆուտբոլի ֆեդերացիային, մինչդեռ, Սաքունցն օղ չի կրում եւ, ինչպես ինքը հաստատեց իր խոսքում, երբեք էլ չի կրել»: Սաքունցը հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է Հայրապետյանը շփոթել է գործողությունը կատարող եւ օղ կրող անձանց: Լուսինե Բակումյանը հայտարարեց, որ հարցն այս գործին չի վերաբերվում: Մինչդեռ, Սաքունցը գտնում է. «Մեր կողմից կատարված գործողությունները եւ Ռուբեն Հայրապետյանի տված գնահատականները օբյեկտիվ կապի մեջ են»:
Իսկ թե ինչո՞ւ է Սաքունցը նվազեցրել փոխհատուցման գումարը՝ դիտեք տեսանյութում.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ