Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանրապետությունում տիրող իրավիճակին՝ Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը վրդովվեց. «Մարդակեր ցեղերը անգամ փող չեն վերցնում, իսկ մենք քրիստոնյա ենք,այն էլ փողով են ընտրվում, ոչ եկեղեցին է ձայն հանում, ոչ էլ որևէ մեկը: Դրա համար էլ անարդարությունը տիրում է ամեն տեղ: Մարդկանց վաճառում են, գնում, մարդիկ էլ հայրենիքն ու ազգն են վաճառում, ո՞նց կլինի այդպես»:
Տ. Կարապետյանին խնդրեցինք ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների մասին կանխատեսումներ անել: Ի պատասխան նա նշեց. «Եթե Սերժ Սարգսյանը ընտրվի, դա կլինի մեր ժողովրդի վերջը, կործանումը: Բայց ես ուզում եմ, որ արդար մարդ ընտրվի, ցավոք, այսօրվա դաշտում այդպիսի մարդ չկա»:
Տ. Կարապետյանը ՀՀ նախագահական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը: Հետաքրքրվեցինք՝ հաղթելու և ազատ ընտրությունների երաշխիքներ ունի՞: Նա պատասխանեց. «Ոչ մի երաշխիք էլ չունեմ, բայց ես եթե Արտաշատում 17 ընտրատարածքումընտրվել եմ, եթե մարդիկ ուզում են արդար մարդու ձեն տան, նա պիտի լինի, որ ձեն տան: Իսկ իրա՞նց որտեղից երաշխիք, իրանց երաշխիքը փողն է»:
Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում Ռուբեն Հայրապետյանի՝ մանդատը վայր դնելը: Տ. Կարապետյանը նշեց. «Վայր դնելը որն է, նա ընդհանրապես մանդատ չպիտի ստանար: Գործարար մարդ է, ի՞նչ գործ ունի խորհրդարանում: Բոլոր օլիգարխներին բերել լցրել են խորհրդարան, որ ի՞նչ: Վարչապետն ասում էր, թե օլիգարխները խորհրդարան չեն գալու, խոսքին տեր չկանգնեց: Սա է մեր դաժան իրականությունը»:
Կարդացեք նաև
Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Ինքն ինձ չի հետաքրքրում, մի ազնիվ մարդ չկա՞, որի մասին խոսեք: Ասել եմ ու ասում եմ՝ մի նորմալ քաղաքական ուժ չկա, որի մասին կարելի է խոսել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ