Այսօր «Առավոտի» հյուրն էր ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը: «Առավոտի» աշխատակազմը մեծ ուրախությամբ ընդունեց Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրին: Անկեղծ եւ հետաքրքիր զրույցի ընթացքում Հռիփսիմեն պատմեց օլիմպիական խաղից իր տպավորություններից եւ ապագա ծրագրերից:
Այս տարի օլիմպիական խաղերից Հայաստանին առաջին մեդալ բերեց Հռիփսիմեն, ոգեւորված է հիմա՝ հատկապես Հայաստանում՝ մարդկանց ջերմ ընդունելությունից: «Բոլորը շատ ջերմ էին, շատ ուրախացա»,- ասում է նա, անկեղծանում է, որ ծանրորդ լինելու համար պետք է ագրեսիվ լինել՝ իհարկե ծանրաձողի նկատմամբ, նաեւ պետք է «սպորտային նախանձ» ունենաս, որ աշխատես՝ դո՜ւ քո երկրին մեդալ բերել:
Ծանրամարտով Հռիփսիմեն մեկ տարի չի զբաղվելու. ամուսնանում է, հիմա շատ կարեւոր անելիք ունի, ամուսնության օրը պետք է որոշի, սպորտ կվերադառնա բալիկ ունենալուց հետո: Ապագա ամուսինը՝ Տարոնն էլ է նույն սպորտաձեւով` ծանրամարտով զբաղվում: Իսկ մեր հարցին՝ կցանկանա՞, որ իր աղջիկն էլ ծանրամարտով զբաղվեր, Հռիփսիմեն պատասխանում է. «Ո՜չ, չեմ ցանկանում: Իմ ծնողներն էլ են դեմ եղել, որ ես այդ սպորտաձեւով զբաղվեմ: Ուղղակի ստացվեց…»,- ժպտում է նա: 11 տարեկան էր, հիշում է` հորեղբոր տուն գնալիս միշտ լսել էր մարզադահլիճից ձայներ, հետաքրքրել էր, մի անգամ էլ ներս էր մտել, նայել. «Մեկ էլ Սամվել Եսայանը՝ իմ առաջին մարզիչը, կանչեց՝ արի-արի, գնացի, հետո տվյալներս ստուգեց, ասաց, որ լավ տվյալներ ունեմ, այդպես սկսեցի հաճախել…»,- պատմում է Հռիփսիմեն:
Հիմա չի փոշմանել ընտրության համար, այլ սպորտով էլ չի զբաղվում, չի կարողանում, ասում է նա: Իսկ երբ կատակում են` ասելով, թե նրա ուժից պիտի վախենան հատկապես տղաները, նա ծիծաղում է` երբեք այդ ուժը նման իրավիճակներում չի կիրառել. «Հետո ես ինքս շատ վախկոտ եմ, մենակ ծանրաձողից չեմ վախենում»,- ասում է նա:
Հռիփսիմեին խմբագրությունից ճանապարհեցինք` ամենալավ ցանկությունները մաղթելով: Անձնական երջանկությունը մեր ամենամեծ ցանկությունն էր նրան, իսկ նրա մեծ խոստումը` մեզ` բոլորիս, հետագայում սպորտ վերադառնալը եւ օլիմպիական խաղերում ոսկե մեդալ Հայաստան բերելն էր: