Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը հեռացվեց քրեական գործի վարույթից

Օգոստոս 17,2012 16:13

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը «Մոսկվա» կինոթատրոնում 2010թ.հունվարի 10-ի գողության գործով Ստեփան Հովակիմյանի եւ Վահրամ Քերոբյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունն անհնար համարեց շարունակել:

Պատճառն այն էր, որ մեղադրանքը պաշտպանող, Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանը գրավոր դիմել էր դատարանին, հայտնելով, որ հուլիսի 26-ին, երբ դատական նիստի ժամանակ իր դաստակը սուր-կտրող-ծակող գործիքի միջոցով վնասեց ամբաստանյալ Ստեփան Հովակիմյանը, վերջինը ոտքով հարվածել էր իր ոտքին, ինչի կապակցությամբ հարուցվել էր քրեական գործ: Դատախազն իր հետագա մասնակցությունը Հովակիմյանի եւ Քերոբյանի գործին համարում էր ոչ նպատակահարմար:

Դատավոր Մխիթար Պապոյանը որոշում կայացնելու համար մտավ խորհրդակցական սենյակ:

Ըստ դատարանի որոշման, ընդունվեց դատախազի ինքնաբացարկի միջնորդությունը, այդպիսով, հեռացնելով դատախազին քրեական գործի վարույթից:

Այս գործով կներգրավվի նոր մեղադրող:

Հիշեցնենք, որ դատարանը հետազոտել էր ապացույցները, դատական վիճաբանությունների փուլն էր. սպասվում էր մեղադրական ճառի հրապարակումը:

Ստեփան Հովակիմյանն այսօր  դատական նիստերի դահլիճ չբերվեց: Չնայած նա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից բերվել էր դատարան: Նախորդ դատական նիստի ժամանակ դատավորը սանկցիա էր կիրառել նրա նկատմամբ՝ 2 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից:

Այսօր, եթե դատախազը միջնորդությամբ հանդես չգար, նա 35 րոպե հետո բերվելու էր դահլիճ, քանի որ նախորդ նիստին մեկուկես ժամն արդեն «սպառել» էր:

Վահրամ Քերոբյանի մորից՝ Ռուզաննա Քերոբյանից փորձեցինք իմանալ որդու առողջական վիճակի մասին: Վահրամը մինչ գրավով խափանման միջոցը փոխվելը, 2,5 տարի գտնվել էր անազատության մեջ: Վահրամի մայրը, հետո նաեւ նա, ասացին, որ առողոջության հետ կապված որեւէ խնդիր չունեն, իսկ մեր հարցին, թե «ազատության մեջ» գտնվող Վահրամին անհանգստացրե՞լ են այս ընթացքում, հետեւեց պատասխանը՝ ոչ:

Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 21-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031