Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետ է ուզում դառնալ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստացած նախկին կոմունիստը

Օգոստոս 17,2012 16:14

Նախորդ օրը Գյումրին ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բավականին դժկամությամբ գրանցեց Գյումրու քաղաքապետի ամենատարեց թեկնածուին՝ Լենինականի Շիրակի շրջկոմի 1-ին քարտուղար Սպարտակ Պետրոսյանին, ով, պարզվում է, բավականին երկար տարիներ՝ 1998-2005 թվականներին, կտրված է եղել Գյումրվա իրականությունից, բնակվել է ԱՄՆ-ում, ավելին, ոչ ավել, ոչ պակաս՝ քաղաքական ապաստան է հայցել ԱՄՆ կառավարությունից ու ստացել: Այժմ էլ Սպարտակ Պավլովիչը Գյումրիում տուն չունի, բնակվում է Եղվարդի Զովունի գյուղում տեղադրված տնակում ու հողամաս մշակում, իսկ ընտանիքը՝ տիկինն ու երկու որդիներն իրենց ընտանիքներով, դարձյալ ԱՄՆ-ում են: Ո՞վ է հալածել նախկին պաշտոնյային, ի՞նչն է դրդել նրան թռչել օվկիանոսից այն կողմ ու քաղաքական ապաստան խնդրել ԱՄՆ կառավարությունից եւ ինչո՞ւ է բարեկեցիկ կյանքը թողել ու շտապել ավերակ Գյումրի՝ ՏԻՄ ընտրությունների, մեր այս հարցերի շարանից Սպարտակ Պավլովիչին, թերեւս, ամենաշատը զարմացրեց այն, թե որտեղի՞ց են գյումրեցիները ձեռք բերում նեղ անձնական կյանքին վերաբերող այդքան գաղտնի տեղեկությունները:
Թեեւ իշխանությունները գյումրեցիներին արդեն իսկ հրամցրել են քաղաքապետի իրենց թեկնածուին՝ ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, սակայն ակնհայտ է, որ այս օրերին թեկնածուներից ամենամեծ հետաքրքրություն ներկայացնողը Շիրակի շրջկոմի առաջին քարտուղար Սպարտակ Պետրոսյանն է: Նա թեեւ նոր սերնդին բացարձակ անծանոթ դեմք է, միայն մեծահասակներն են լավ հիշում նրան, այդուհանդերձ սա չի խանգարում, որ ամբողջ քաղաքով՝ ահել, թե ջահել քննարկեն Սպարտակ Պավլովիչի անձը՝ սկսած նրա կոմունիստների ժամանակ տարբեր պաշտոններ զբաղեցնելուց մինչեւ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան խնդրելն ու ստանալը, ու հանկարծ նորից ավերակ քաղաք վերադառնալն ու պաշտոնի հավակնելը:
Մենք թեկնածուից նախեւառաջ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է քաղաքական ապաստան խնդրել ԱՄՆ կառավարությունից: «Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե այդ գաղտնի ինֆորմացիան որտեղի՞ց են ստացել գյումրեցիները, բայց եթե նրանք այդպիսի խնդիր են դնում, պարզ ասեմ, այո, ես գնացել եմ ԱՄՆ ու խնդրել եմ ինձ քաղաքական ապաստան տրամադրեն՝ ապրելու համար: 1990 մինչեւ 1995 թվականը՝ հինգ տարիների ընթացքում եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր, աշխատել եմ քաղաքապետի տեղակալ եւ այլն, եւ բավականին խնդիրներ եմ ունեցել այդ տարիների ընթացքում, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով ստիպված եմ եղել մեկնել ԱՄՆ»: Իսկ թե հիմա ի՞նչն է փոխվել, ինչո՞ւ է Սպարտակ Պավլովիչը վերադարձել, նրա մեկնաբանմամբ, երկրում բավականին փոփոխություններ կան, մինչդեռ« նախորդ տարիներին անհասկանալի էր, թե ինչ է կատարվում երկրում, ով ում բարեկամն է, որ կուսակցությունն է դրսից ղեկավարվում, որը՝ ներսից եւ այլն»: Նա նաեւ համարում է, որ ԱՄՆ-ում ապրելը թերություն չէ, ընդհակառակը՝ դա նպաստում է քաղաքապետի գործունեությանը, այնտեղ լրացուցիչ շատ բաներ է սովորել, կապեր է ստեղծել: «1998-2005 թվականը մշտապես ապրել եմ Ամերիկայում, 2005 թվականից հիմնականում եղել եմ Հայաստանում, ձմեռվա ամիսներին գնացել եմ ԱՄՆ, ընտանիքս տեսել, վերադարձել եմ: Այս տարիների ընթացքում հիմնականում ապրել եմ Երեւանում, դե Գյումրիում էլ եմ եղել, բայց ապրել եմ Զովունի գյուղում, ունեմ հողամաս, տնակ: Ինչպես մեր հայրենակիցների միլիոնուկեսը, եթե ոչ ավելին, դուրս է եկել այս տարիների ընթացքում, այնպես էլ ես. երեւի չկա Հայաստանում մի ընտանիք, որը դրսում, արտասահմանում բարեկամներ չունենա՝ դա լինի Ռուսասատան, ԱՄՆ, թե Եվրոպա: Ես էլ իմ պատճառներն եմ ունեցել՝ կոնկրետ եւ բավականին լուրջ պատճառներ: Ինձանից լավ գիտեք, մեր ազգի 70 տոկոսը դրսում է ապրում, 30 տոկոսը՝ Հայաստանում, այս առումով տարբեր պետական, կառավարական ծրագրեր կան՝ «Արի տուն» եւ այլն: Համարեք, որ նրանցից մեկն եմ ու վերադարձել եմ տուն, նույնիսկ համարեք, որ սփյուռքահայ եմ ու վերադարձել եմ»,- հորդորեց մեր զրուցակիցը:
Մենք նրանից փորձեցինք պարզել՝ որքա՞նով են իրականությանը համապասխանում Գյումրիում շրջանառվող այն լուրերը, թե Սպարտակ Պետրոսյանը իր թեկնածությունն առաջադրել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առաջարկով, այլ կերպ ասած՝ նրա «մարդն է»: «Ես իմ էությամբ անկախ անձնավորություն եմ, չկա որեւիցե ուժ, որ իմ վրա ազդի, որեւէ կուսակցության չեմ պատկանում, ինձ համար ընդունելի են բոլոր կուսակցություններն ու ուժերը, որոնք կկանգնեն իմ կողքին՝ քաղաքը վերականգնելու համար: Ես պատրաստ եմ նրանց հետ համագործակցել քաղաքի բարոյահոգեբանական վիճակը բարելավելու համար»:

Մենք թեկնածուին նաեւ փոխանցեցինք, որ Գյումրիում խոսում են այն մասին, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը նույնիսկ նրա առաջադրման գրավի գումարն է տվել: «Ընտանիքիս օգնությամբ եմ տվել, նման խնդիր չկա, եւ այդ ասեկոսեները սուտ են, խնդրում եմ չհավատաք: Ինձ էլ տարբեր բաներ են ասում այս առումով, բայց միանշանակ ասում եմ՝ նման բան չկա, չի էլ կարող լինի: Ես ուզում եմ անկեղծ լինել ու ասել, որ նախընտրական հաշիվը, որը պիտի բացվի, ես նույնիսկ դա չեմ արել, յուրաքանչյուր թեկնածու իր հաշվին կարող է գումար փոխանցել, ես նույնիսկ դա դեռ չեմ արել, այսօր նոր միայն մտածում եմ այդ ուղղությամբ, այդ քայլին չեմ գնացել, որպեսզի որեւիցե մեկին ֆինանսապես պարտական չլինեմ: Պարզ խոսենք, աշխարհում պրեզիդենտները թեկնածություն են դնում, ճաշկերույթներ են կազմակերպում, որպեսզի իրենց քարոզարշավը, նախընտրական կամպանիան կազմակերպվի, ես նույնիսկ այդ քայլին մինչեւ հիմա չեմ դիմել, բայց երեւի որոշ առումով ստիպված կլինեմ այդ հաշիվը բացել ու այդ կարգի օգնություն ընդունել: Բայց միանշանակ ասում եմ՝ որեւիցե ուժ չկա իմ կողքին կանգնած»:

Իսկ ինչպե՞ս է մրցելու նախագահի «դաբրոն» ստացած թեկնածուի՝ Սամվել Բալասանյանի հետ: «Այդպես են ասում, որ Բալասանյանը ստացել է նախագահի դաբրոն, բայց ես չեմ կարող պնդել, թե դա իրականություն է: Ես գտնում եմ, որ եթե քաղաքակիրթ պետություն, քաղաքակիրթ հասարակարգ ենք կառուցում, ապա պրեզիդենտի դաբրոն ի՞նչ հասկացություն է, բավական չէ՞ դաբրո բառը օգտագործի ժողովուրդը, թեկնածուները, ես գտնում եմ, որ էսօր ժողովուրդը պետք է իր խոսքը ասի: Իսկ ժողովրդի հետ աշխատելու ընթացքում՝ երեւի մի 10-15 օրվա ընթացքում ժողովուրդը ինքը պետք է հասկանա, թե ի վերջո ո՞րն է ճիշտը, եւ ոչ թե նախագահի դաբրոյով խնդիրները լուծվեն երկրում, այլ՝ ժողովրդի քվեով: Սա է քաղաքակիրթ հասարակարգը, որը պետք է կառուցվի երկրում: Էդ «դաբրո» հասկացությունը պետք է հանրապետությունից դուրս գա»,-ասաց թեկնածուն:
Իսկ ի՞նչն է դրդել նրան հրաժարվել ամերիկյան բարեկեցիկ կյանքից ու հասնել Հայաստան, ընդ որում՝ Գյումրի, մեր զրուցակիցն ասում է. «Շատերը, իմ մտերիմները, հարազատներն էլ նույնն են ասում, ասում են էնտեղ լավ կյանքով ես ապրել եւ այլն, եւ այլն, հիմա էս դժվար կենցաղային պայմաններում ո՞նց ես ապրելու: Խնդիր չեմ տեսնում, միայն երկրաշարժի ծանր տարիները որ տեսանք. վերարկուներս չէինք հանում հագներիցս, դա արդեն բավական է, որ այս օրերին նորմալ ապրեմ քաղաքում»: Շիրակի շրջկոմի առաջին քարտուղարն իր առաջադրման նպատակը բացատրում է ավերակ Գյումրին վերականգնելու, բարոյական մթնոլորտը փոխելու, իր համաշխարհային կապերն օգտագործելու ու քաղաք ներդրողներ բերելու անհրաժեշտությամբ: Ի դեպ, Սպարտակ Պավլովիչն ասում է, որ իր կառավարման տարիներին պաշտոնյաները սրտացավ վերաբերմունք էին ցույց տալիս ժողովրդին, համբերատար լսում էին նրանց խնդիրները եւ եթե անգամ մարդուն մերժում էին, ապա բացատրում էին մերժման պատճառները: Ըստ նախկին պաշտոնյայի, հիմա հենց այդպիսի մոտեցում է պետք Գյումրիի բորբոքված ժողովրդին, պետք է այնպես անել, որ ժողովրդի վստահությունը վերականգնվի:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031