Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «ՀՀԿ ներկայացուցիչը որեւէ խնդիր չունի կրակելու»

Օգոստոս 17,2012 15:54

Մասիսում կրակոցների հետեւանքով վնասված ավտոմեքենան

«Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը որեւէ խնդիր չունի կրակելու: Եթե խնդիր կա, կարծում եմ, գտնելն այդքան դժվար չի` ո՞վ է կրակոցի հեղինակը»,- Aravot.am-հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գալուստ Սահակյանն` անդրադառնալով վերջին օրերին Մասիս քաղաքում զարգացող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետի թեկնածու, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ավետիք Դալլաքյանի որդին երեկ ձերբակալվել է։ Վոլոդյա Դալլաքյանի ձերբակալությունը կապված է օգոստոսի 13-ի ուշ երեկոյան նրա տան շրջակայքում հնչած կրակոցների հետ։ Այդ դեպքերի առիթով ձերբակալված է նաեւ Համբարձում Հովհաննիսյան անուն-ազգանունով 22-ամյա մի երիտասարդ: Նրանց մեղադրանք առաջադրելու համար սահմանված 72 ժամը դեռեւս չի լրացել։ Միջադեպի առիթով հարուցված է քրեական գործ՝ զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով, որի համար նախատեսված պատիժը 4-7 տարվա ազատազրկումն է:

Ըստ ոստիկանության պաշտոնական վարկածի՝ օգոստոսի 13-ին ժամը 23.00-ի սահմաններում Համբարձում Հովհաննիսյանը դիտավորությամբ ծակել է Վոլոդյա Դալլաքյանի տան դիմաց կայանված «ՎԱԶ-21-21» մակնիշի ավտոմեքենայի անիվը, որից հետո թեկնածուի որդին իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանից նրա ուղղությամբ արձակել է 2 կրակոց, Հովհաննիսյանը փախել է, հետո կես ժամ անց վերադարձել, «Մակարով» տիպի պնեւմատիկ ատրճանակից կրակոցներ արձակել նույն ավտոմեքենայի ուղղությամբ ու վնասել այն:

Քաղաքապետի թեկնածու Ավետիք Դալլաքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կատարվածը պայմանավորել է քաղաքապետի ընտրություններում իր առաջադրմամբ։ «Երբ որ վերջին ժամերին իմ թեկնածությունս առաջադրեցի, դրանց մեջ աժիոտաժ սկսվեց, որ՝ գործող քաղաքապետ Հակոբյան Սաշիկը պիտի մնար մենակ։ Ինչո՞ւ Ավո Դալլաքյանը դրեց, Ավոն ուժեղ թեկնածու է․․․ ու այդ օրվանից սկսեցին մեր վրա աշխատել։ Մինչեւ մեր տան վրա հարձակումը իրենք 6-րդ շենքում երկու եղբոր են ծեծում՝ 22-23 տարեկան տղաների։ Դրանից հետո մեր բարեկամների վրա քշում, ընկնում են հետեւից ու ատրճանակով սկսում են կրակել։ Դրանից հետո իրենց երրորդ գրոհը՝ ավազակային հարձակումը, մեր տան վրա՝ գալիս են, դռներն են ջարդում։ Վոլոդյային սարքեցին հանցագործ, որ վարկաբեկեն», – ասաց քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածուն։

Ավետիք Դալլաքյանը հայտարարել է, որ կատարվածի իրական դերակատարները ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի ազգականներն են, որոնք շրջում են ազատության մեջ: Ինքը՝ Մուրադ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքել է այդ պնդումները՝ դրանք որակելով «սուտ հեքիաթներ»։
Գալուստ Սահակյանը նոր էր վերադարձել հանգստից եւ դեպքի մանրամասներին ծանոթ չէր, բայց ասաց. «Եթե կրակոցներ են, դա հանցագործություն է: Հհետեւաբար, համապատասխան մարմինները պետք է դրանով զբաղվեն»:

Քանի որ ԲՀԿ-ական թեկնածուն մեղադրանքներ է հնչեցնում ՀՀԿ-ական պատգամավորի եւ նրա շրջապատի վերաբերյալ, հետաքրքրվեցինք` հնարավո՞ր է առաջիկայում կուսակցույունում քննարկվի այս հարցը: «Նույնիսկ եթե նման իրողություն կա, մինչեւ քննչական մարմինների համապատասխան եզրակացությունը չլինի, որեւէ քննարկում կուսակցությունում չի կարող լինել»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031