«Եհովականների` պարտադիր զինվորական ծառայությունից հրաժարվելը համարում եմ դավաճանություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր տեր Կորյուն քահանա Կարապետյանը: Անդրադառնալով եհովականների այն պատճառաբանութանը, թե «սուր վերցնողը սրից կընկնի», հոգևորականնն ասաց. «Քրիստոս չի ասել` սուր մի վերցրու, այլ ասել է` սուրդ տեղը դիր: Իսկ սրի տեղը կամ դրա պատյանն է, կամ` թշնամու սիրտը: Եթե պատերազմական իրավիճակում սրով գալիս են մեզ վրա, ապա մենք էլ պետք է սուր ունենանք, որպեսզի խոցենք, ու թշնամին սրից ընկնի»:
Խոսելով զինվորների հոգեբանական պատրաստվածությունից, տեր Կորյունը փաստեց, որ վերջիններս զինված են գիտելիքներով և հավատով. «Հաղթանակելու սկզբունքը համեհատում եմ ուժեղ բռունցքի հետ, որը բաղկացած է հինգ մասից` գիտակցություն, գիտելիք, ունակություն, հավատք և պատրաստակամություն: Այս բոլորի առկայությամբ զինվորն անպարտելի է»:
Բանախոսը նշեց, որ Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականներն առաջնահերթ ուշադրություն են դարձնում զինվորի բարոյահոգեբանական պատրաստվածությանը. «Զինվորը վաղվա երկրի տերն է: Եթե նա գիտի հայրենիքի արժեքը, վաղը դավաճան չի լինի: Որպես ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր, բանակում հետամուտ եմ զինվորի նաև կրոնական գիտելիքների խորացմանը: Տագնապների ժամանակ կանգնում եմ հրամանատարի կողքին, որպեսզի զինվորը զգա հոգևորականի ներկայությունը»:
Aravot.am-ի հարցին, թե ինչ կերպ է հոգևորականը շփվում ոչ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ-զինծառայողի հետ, տեր Կորյունը պատասխանեց. «Մոտեցումը նույնն է, բայց աղանդավոր-զինծառայողին վերաբերվում եմ առավել նրբանկատ: Եթե նրան կաշկանդում է իմ հագուստը, հանում եմ, այսինքն` հեռացնում եմ այն, ինչը կարող է խանգարել մեր շփմանը: Իսկ դավանաբանական խնդիրները ցույց եմ տալիս Աստվածաշնչով: Հետո ինչ, որ զինվորն աղանդավոր է. նա նույնպես իմ զավակն է»:
Կարդացեք նաև
Aravot.am-ի մյուս հարցին, թե ինչ կրոնական կառույցների հետևորդնեիր են հաճախ հանդիպում ՀՀ զինված ուժերում, հոգևորականն ասաց. «Ծպտյալ Եհովայի վկաներ, ովքեր, միևնունն է, խոստովանում են իրենց կրոնական պատկանելության մասին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ