Լրահոս
Օրվա լրահոսը

ԷԺԱՆ ԱՐԱՂ

Օգոստոս 17,2012 15:26

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆՉՈՐՍԵՐՈՐԴ

Գլուխ քսաներեքերորդ

ԷԺԱՆ ԱՐԱՂ

Եվ Գագոն մի  քիչ մտածեց ու խեղճացած ասաց՝ «ախր ի՞նչ եմ խոսացել, որ ինչ գրի», եւ Աշոտը Գագոյին թարս նայելով ասաց՝ «էսքան խոսացածդ էլ ա հերիք», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «ախր բան չեմ խոսացել», եւ Կարենը փռթկացնելով Գագոյին ասաց՝ «որ գրի, կարող ա պարզվի՝ ամենաշատը դու ես խոսացել», եւ Գագոն խեղճ-խեղճ նայեց ինձ ու հարցրեց՝ «ճիշտ ե՞ն ասում», եւ Աշոտն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «կարաս չկասկածես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «որ գրի, կարող ա պարզվի, որ համ ամենաշատն ես խոսացել, համ էլ՝ ավելորդ բաներ ես խոսացել», եւ Գագոն մի քիչ մտածեց, նայեց ինձ ու խեղճացած հարցրեց՝ «ի՞նչ ավելորդ բան եմ խոսացել, շեֆ», եւ ես ժպտալով ասացի՝ «ոչ մի ավելորդ բան էլ չես խոսացել», եւ Գագոն Աշոտին ասաց՝ «կերա՞ր», եւ Աշոտն արհամարհական նայեց Գագոյին ու ասաց՝ «էդ ասածներդ ոչ թե Շեկոյանի համար ա ավելորդ, այլ՝ մեր», եւ Գագոն խեղճացած նայեց Աշոտին ու հարցրեց՝ «ի՞նչ ավելորդ բան եմ խոսացել», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու Գագոյին ասաց՝ «արաղի մասին մի քիչ առաջ որ ասեցիր, լրիվ ավելորդ ասեցիր», եւ Գագոն մի քիչ  մտածեց ու խեղճացած հարցրեց՝ «արաղի մասին ի՞նչ եմ ասել», եւ Աշոտը Գագոյին թարս նայելով ասաց՝ «որ ասեցիր՝ չորս հատ թերթի փողով կարանք մի հատ արաղ առնենք» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «հիմի Շեկոյանը կմտածի, որ ամենադիշովի արաղն ենք խմում», եւ Կարենը հռհռալով ասաց՝ «ոչ միայն կմտածի, այլեւ կգրի էլ», եւ Աշոտն ասաց՝ «կգրի, որ վեց հարուր դրամանոց արաղ ենք խմում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու մեղավոր ժպտալով ասաց՝ «որ տեղներս նեղն ա էղել, ավելի էժանանոցն էլ ենք խմել», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու Գագոյին վրդովված ասաց՝ «հիմի էս ասածդ էլ կգրի», եւ Կարենը հռհռալով ասաց՝ «կգրի, որ հինգ հարուր դրամանոց արաղ ենք  խմում», եւ Գագոն զարմացած նայեց Կարենին ու հարցրեց՝ «բա դո՞ւ ինչի ես ուրախանում, ընկեր Ջանիբեկյան», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչ ուզում ա գրի, մենակ թե՝ իմ էս թազա ընտանիքի մասին ավելորդ բաներ չգրի», եւ Աշոտը ժպտալով Կարենին ասաց՝ «քո թազա ընտանիքի մասին նաղդ գրել ա», եւ Կարենը թարս նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոնց որ գրել ա, ըտենց էլ կջնջի», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դժվար էլ ջնջի», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «չջնջելու  մենակ մի վարիանտ կա», եւ Աշոտը հարցրեց՝ «ի՞նչ վարիանտ», եւ Կարենն ասաց՝ «էդ միակ վարիանտն իմ համաձայնությունն  ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «Արմենը մենակ իմ համաձայնության դեպքում կարա էդ հատվածները տպի», եւ Աշոտը խորամանկ ժպտալով Կարենին հարցրեց՝ «բա Լիանայի համաձայնությունը պարտադիր չի՞», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես որ համաձայնվեմ, Լիանան էլ կհամաձայնվի», եւ Աշոտը Կարենին ասաց՝ «բա ասում ես՝ Լիանան սկզբունքային ա» եւ մի քիչ  մտածեց ու ավելացրեց՝ «շատ հնարավոր ա, որ ինքը չհամաձայնվի», եւ Կարենը բավական երկար մտածեց ու ասաց՝ «սկզբունքային կինն էն կինն ա, որն իրա ամուսնուն չի հակաճառում», եւ Գագոն ասաց՝ «շատ հնարավոր ա՝ Լիանան չհամաձայնվի», եւ Աշոտն արհամարհական նայեց Գագոյին ու ասաց՝ «դու քո՛  մասին մտածի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ մտածեմ»,  եւ Աշոտը մի քիչ մտածեց ու քմծիծաղով Գագոյին ասաց՝ «որ Շեկոյանը քո մասին գրի, էն վախտ կիմանաս», եւ Գագոն ժպտալով ինձ հարցրեց՝ «իմ մասին ի՞նչ ես գրելու, շեֆ ջան», եւ Աշոտն իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «կգրի, որ չորս հատ թերթի փողով մի հատ արաղ ես առնում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «դրա մեջ ի՞նչ ամոթ բան կա», եւ Աշոտն արհամարհական նայեց Գագոյին ու ասաց՝ «որ մի քիչ ուղեղիդ զոռ տաս, կհասկանաս», եւ Կարենը Գագոյին ասաց՝ «ամոթ ա, որ քո պես տղեն ամենաէժանագին արաղն ա խմում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դրանից էժանն էլ կա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «իրեք հատ թերթի գնով էլ կարաս արաղ առնես», եւ Կարենը Գագոյին ասաց՝ «ամոթ ա, որ քո պես տղեն էդ արաղներն ա խմում», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «կարող ա՞ մենակ եմ խմում», եւ Կարենն ասաց՝ «մեր համար էլ ա ամոթ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող իշխանություններն ամաչեն, որ մեր պես տղերքն էդ արաղներն են խմում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ էլ կամաչեն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Շեկոյանն արաղի մասին մեր էս խոսակցությունը հաստատ չի գրի», եւ Աշոտն արհամարհական նայեց Գագոյին ու հարցրեց՝ «քեզ ո՞վ ասեց, որ չի գրի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «դուք եք ասում», եւ Աշոտը զարմացած հարցրեց՝ «մենք՝ ո՞վ», եւ Գագոն ժպտալով Աշոտին ասաց՝ «Գուրգենիչն ու դու ասում եք, որ Շեկոյանը սուտ ու չեղած բաներ ա գրում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էլի ենք ասում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ սուտ բաներ ա գրում, արաղի մասին մեր էս խոսակցությունն ինչի՞  պիտի գրի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «արաղի մասին մեր էս խոսակցությունը ծերից ծեր ճիշտ ա», եւ Աշոտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ինքը հիմնականում ճիշտն ա գրում, բայց շատ ճոխացրած ա գրում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «որ ճոխացրած գրի, ուրեմն պիտի գրի, որ թանկանոց արաղ ենք խմում» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «պիտի գրի, որ «Պուտինկա» ենք խմում», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ճոխացրած ձեւով կարող ա հակառակն էլ գրի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «հակառակը ո՞րն ա», եւ Աշոտն արհամարհական նայեց Գագոյին ու ասաց՝ «հակառակն ամենաէժանանոցն ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «էդ ամենաէժանանոցն անուն չունի՞», եւ Աշոտը թարս նայեց  Գագոյին, հետո նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «անունն ասեմ, որ էս մարդը գրի՞», եւ Կարենը Գագոյին ասաց՝ «Աշոտը որ մի բան ասում ա, ուրեմն՝ գիտի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մեջներիցս մենակ ինքն ա էս մարդու գրածները կարդացել», եւ ես ժպտալով ասացի՝ տասներկու հատորից  ընդամենը մի քանի գլուխ ա կարդացել», եւ Կարենը վրդովված ինձ հարցրեց՝ «կարող ա՞ լրիվ տասներկուսն էլ կարդար», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ինձ ասաց՝ «Կրիվոյի Նվերի մասին գրածներդ ծերից ծեր կարդացել եմ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացեց՝ «հենց Նվերի թեման փակեցիր, դրանից հետո չեմ կարդացել», եւ Գագոն ծիծաղելով Աշոտին ասաց՝ «հենց որ մեր թեման բացի, նորից կսկսես կարդալ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «մերինից առաջ նախ ընկեր Ջանիբեկյանի թեման ա քոքելու», եւ Կարենը թարս նայեց Աշոտին ու ասաց՝ «իշտահիդ քացախ», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «կարամ հետներդ գրազ գամ» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ինչի վրա ուզում եք», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «էս անգամ երեւի ես էլ կարդամ»,  եւ Աշոտը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «լավ ծախսի տակ ենք ընկնելու» եւ մի քիչ էլ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «մինչեւ մեր հատվածները տպվի, էդ թերթի գինը վայ թե էրկու հարուր դառնա», եւ ես ժպտալով ասացի՝ «շատ հնարավոր ա», եւ Գագոն ժպտալով ասաց՝ «էրկու հարուրը լրիվ տնաքանդություն ա», եւ Աշոտը մի քիչ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «փաստորեն, համաշխարհային ճգնաժամը թերթերի գների վրա էլ ա ազդում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «բնական ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «որ թատրոնի տոմսերի գների վրա ազդում ա, թերթերի գների վրա էլ պիտի ազդի», եւ Կարենը թարս նայեց Գագոյին ու քամահրանքով ասաց՝ «մեռնեմ  օբյեկտիվ ջանիդ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «ինչ գին էլ դնեն, ստիպված առնելու ենք՝ կարդանք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ճարներս ինչ» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացրեց՝ «հազարից մեկ մեր մասին գրվելու ա» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ավելացրեց՝ «թե չէ՝ մենակ Շահվերդյանի մասին են գրում», եւ Աշոտը ժպտալով Գագոյին ասաց՝ «քո մասին լրիվ բացասական ա գրվելու», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «թող գրեն՝ թող բացասական գրեն» եւ մի  քիչ էլ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Շահվերդյանի ու իրա բեմադրած «Քաոսի» մասին որ էդքան բացասական գրեցին, կարող ա՞ հիմի մեզանից վատ ա ապրում», եւ Աշոտն արհամարհական նայեց Գագոյին ու քամահրանքով ասաց՝ «էնքան լավ ա ապրում, որ կյանքում ըսենց դիշովի արաղ չի խմի», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «որ ըսենց երկարացնենք, էս դիշովի արաղը շատ ա տաքանալու» եւ մի քիչ էլ մտածեց ու բաժակը բարձրացնելով ավելացրեց՝ «առաջարկում եմ Շեկոյանի կենացը խմենք» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էս դիշովի արաղով, բայց մեծ սրտով», եւ ես ժպտալով Գագոյին հարցրի՝ «բայց ինչի՞ իմ կենացը», եւ Գագոն բաժակը բաժակիս խփելով ասաց՝ «որ մեր մասին մենակ դրական բաներ գրես», եւ Աշոտը թարս նայեց Գագոյին ու ասաց՝ «կգրի՝ կուրախանաս», եւ Գագոն նայեց ինձ, հետո նայեց Աշոտին, մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «Աստված իրա հետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ նայելով ավելացրեց՝ «սիրտն ինչ ուզում ա՝ թող գրի» եւ մի քիչ էլ մտածեց ու փռթկացնելով ասաց՝ «խոսքի ազատություն ա» եւ նորից բաժակը բաժակիս խփելով ավելացրեց՝ «կենացդ, ախպեր ջան» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով ասաց՝ «մենք խոսքի ազատությունից վախեցող տղերք չենք», եւ Կարենը թարս նայեց ինձ ու ասաց՝ «խոսքի ազատությունն էլ պիտի չափ ու սահման ունենա», եւ Գագոն ժպտալով Կարենին ասաց՝ «մեր թազա ախպոր կենացը խմենք, հետո նոր ազատության հարցերի մեջ կխորանանք» եւ բաժակը նորից բաժակիս խփելով ավելացրեց՝ «ուրախ եմ, Շեկոյան ջան» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ինձ ասաց՝ «բայց որ մեր մասին դրական բաներ գրես, ավելի ուրախ կըլնենք» եւ նորից իր բաժակը բաժակիս  խփելով ասաց՝ «կենացդ, ախպեր ջան» ու խմեց, եւ ես ասացի՝ «անուշ», եւ Գագոն հացի կտորը հոտոտելով ինձ ասաց՝ «անուշի ծոցում մնաս», եւ Աշոտը ժպտալով ինձ ասաց՝ «կգրես, որ զակուսկի էլ չունենք», ու էդ պահին բուֆետապանուհին ներս մտավ, եւ Գագոն ժպտալով ինձ ասաց՝ «ամեն ինչ էլ ունենք, շեֆ ջան» եւ տեղից վեր կենալով մոտեցավ դախլին ու բուֆետապանուհուն ասաց՝ «էդ նույնից մի հատ էլ կրկնի», եւ բուֆետապանուհին Գագոյին հարցրեց՝ «ո՞ր նույնից», եւ Գագոն ձայնը ցածրացնելով ասաց՝ «մի հատ արաղ, հացուպանիր ու կոֆե», եւ Աշոտը նստած տեղից ձայն տվեց ու Գագոյին ասաց՝ «Շեկոյանի համար էլ կոֆե ուզի», եւ Գագոն արհամարհական նայեց Աշոտին ու հեգնանքով ասաց՝ «մերսի, որ հուշեցիր», եւ Աշոտը նայեց ինձ ու փռթկացնելով ասաց՝ «թե չէ՝ մեր մասին փիս-փիս բաներ կգրի», եւ բուֆետապանուհին նայեց ինձ ու ասաց՝ «բայց ձեր դեմքը շատ ծանոթ ա», եւ ես ժպտալով  ասացի՝ մի ժամանակ էստեղ շատ էի սուրճ խմում», եւ բուֆետապանուհին ուշադիր նայեց ինձ, մի քիչ մտածեց ու հարցրեց՝ «Խորեն Բաբկենիչի հետ էիք չէ՞ սուրճ խմում», եւ Կարենը ծիծաղելով բուֆետապանուհուն ասաց՝ «ինքը նույնիսկ Իշտոյանի հետ ա սուրճ խմել», եւ Աշոտը բուֆետապանուհուն ասաց՝ «մեր ախպեր Շեկոյանը շատ հայտնի գրող ա», եւ բուֆետապանուհին ուշադիր նայեց ինձ, մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ հայտնի գրող ըլներ, մենք էլ երեւի կճանաչեինք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «էդքան էլ անգրագետ չենք» եւ մի քիչ էլ մտածեց ու հռետորական հարցրեց՝ «Շիրազին ու  մյուսներին ո՞նց էինք ճանաչում» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ ասաց՝ «Վարդգես Պետրոսյանն էլ ա վախտին էստեղ տոննաներով կոֆե խմել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Հրաչ Նիկիտիչի հետ» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «ինքը լրիվ դառն էր խմում», եւ Աշոտը հեգնանքով հարցրեց՝ «Նիկիտիչը՞», եւ բուֆետապանուհին արհամարհական նայեց Աշոտին ու հեգնանքով ասաց՝ «չէ՝ Համազասպովիչը», եւ Աշոտը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «հայրանունները լավ էլ հիշում ես», եւ բուֆետապանուհին արհամարհական նայեց Աշոտին ու ասաց՝ «հիշողությունիցս առանձնապես դժգոհ չեմ», եւ Աշոտը քմծիծաղով բուֆետապանուհուն հարցրեց՝ «կարող ա՞ մեր հայրանուններն էլ հիշես», եւ բուֆետապանուհին մի քիչ  մտածեց ու հեգնանքով Աշոտին ասաց՝ «մարդը նախ պիտի հայրանուն ունենա, որ հիշես կամ չհիշես» եւ մի քիչ էլ մտածեց ու Կարենին նայելով ավելացրեց՝ «օրինակ, Կարեն Գուրգենիչի հայրանունը հիշում եմ», եւ Կարենը նայեց Աշոտին ու ժպտալով ասաց՝ «կերա՞ր», եւ բուֆետապանուհին մեր սեղանին մոտենալով՝ նախ օղու շիշը սեղանին դրեց, այնուհետեւ՝  հացն ու պանիրը, եւ Աշոտը բուֆետապանուհուն հարցրեց՝ «բա կոֆենե՞րը», եւ բուֆետապանուհին արհամարհանքով նայեց Աշոտին ու ասաց՝ «թարսի պես՝ ընդամենը էրկու ձեռ ունեմ» եւ Գագոյին նայելով ավելացրեց՝ «Գուրգենիչի խաթրը որ չըլներ, դժվար էլ ըսենց նիսիա տայի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էն էլ՝ իմ էս կոտրած ձեռով», եւ Գագոն մի քիչ մտածեց ու բուֆետապանուհուն հարցրեց՝ «կարող ա՞ էսքան վախտ թեկուզ մի անգամ պարտք եմ մնացել», եւ բուֆետապանուհին մի քիչ մտածեց ու Գագոյին ասաց՝ «մինչեւ նախկին պարտքերդ փակում ես, թազեքն են առաջանում» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ավելացրեց՝ «սրանից հետո ինձնից նիսիա բան չուզեք» եւ մի քիչ էլ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «հերիք չի նիսիա ուտում ու խմում եք, մի հատ էլ պահանջում եք, որ մատուցողուհու պարտականություններ կատարեմ» եւ մի քիչ  էլ մտածեց ու Աշոտին թարս նայելով ասաց՝ «Գուրգենիչի խաթրը որ չըլներ, էս անգամ նիսիա ոչ մի բան չէի տալու», եւ Կարենը մի քիչ մտածեց ու ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «էսօրվանը նիսիա չի», եւ բուֆետապանուհին զարմացած հարցրեց՝ «այսինքն,  ո՞նց նիսիա չի», եւ Կարենը ժպտալով բուֆետապանուհուն ասաց՝ «էսօրվանը կհաշվես, ինձնից նաղդ կստանաս», եւ բուֆետապանուհին մի  քիչ մտածեց ու Կարենին ասաց՝ «կհաշվեմ, կգումարեմ Գագոյի նախկին պարտքերին», եւ Կարենը բուֆետապանուհուն խիստ տոնով ասաց՝ «քեզ ոնց ասում եմ՝ ըտենց էլ արա», եւ Գագոն Կարենին ասաց՝ «էդ արդեն չեղավ, ընկեր Ջանիբեկյան», եւ Կարենը հարցրեց՝ «ի՞նչը չեղավ», եւ Գագոն մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «ես եմ պատիվ տալի», եւ Կարենը փռթկացնելով ասաց՝ «իմ ունեցած պատիվն ինձ լրիվ հերիք ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու կմկմալով ասաց՝ «բայց… ես էի հյուրասիրում»,  եւ բուֆետապանուհին, որ դախլի մոտ արդեն մեր սուրճերն էր լցնում, ծիծաղելով ասաց՝ «էս Գագոն առավոտից իրիկուն իմ հաշվին ըսենց աջուձախ հյուրասիրում ա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «կարող ա՞ էսքան վախտ գոնե մի անգամ պարտքս չեմ փակել», եւ բուֆետապանուհին մեր սուրճերը բերելով ու սեղանին դնելով՝ Գագոյին ասաց՝ «շատ նեղացկոտն ես, հա՜. կրակը չընկանք՝ մի բան ասեցինք», եւ Գագոն թարս նայեց բուֆետապանուհուն ու նեղսրտած ասաց՝ «էլի ես շարունակում», եւ Կարենը խիստ տոնով Գագոյին ասաց՝ «էրկուսդ էլ շարունակում եք», եւ Աշոտը ծիծաղելով ասաց՝ «էրկուսն էլ չեն հասկանում, որ Շեկոյանն էսօրվա էս սաղ խոսակցությունները մեկ առ մեկ գրելու ա»:

 Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031