«Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը օրեր առաջ հայտարարություն էր տարածել իր դեմ կատարված միջադեպի կապակցությամբ: Պարոն Խանումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ԱրՊՀ-ում տեղի ունեցած միջադեպի առթիվ: Այս առիթով հարուցվել է քրեական գործ 258-րդ հոդվածի երկրորդ մասով: Հ. Խանումյանը իր հայտարարության մեջ նշում է. «Այս պարագայում, երբ նախաքննությունը հսկող մարմնի ղեկավարը և Գերագույն դատարանի նախագահն իմ նկատմամբ ունեն խիստ կողմնակալ դիրքորոշում, դատարանից արդար վճիռ սպասելը ամբողջական միամտություն կլինի իմ կողմից»:
Հ. Խանումյանի հնչեցրած քննադատություններին ի պատասխան հանդես է եկել նաև ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: Նա կարծիք է հայտնել, թե պարոն Խանումյանն ունի հիվանդագին ամբիցիաներ, խանգարված մտածելակերպ, հոգեբանորեն անհավասարակշիռ անձնավորություն է, որը ծեծել է 65 տարեկան մարդու: Նա Հ. Խանումյանին նաև քաղաքական թափառական է անվանում և նշում, որ նրա գործունեության նպատակն է Արցախի հանրապետության վարկաբեկումը:
Նշենք նաև, որ Հ. Խանումյանը ԼՂՀ պետական համալսարանի նախկին դասախոս է և ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբի անդամ:
Aravot.am-ը հնչեցված մեղադրանքների և որակումների առիթով պարզաբանումներ ստացավ Հ. Խանումյանից: Մեզ հետ զրույցում նա նշեց. «Դավիթ Բաբայանը սուտ բաներ է ասում: Որպես մեղադրյալ ես իրավունք ունեմ ծանոթանալու գործի նյութերին, ուստի Դավիթ Բաբայանն ասել է նույնիսկ այնպիսի բաներ, որոնք չկան մարդկանց վկայություններում: Սա մեկ անգամ ևս փաստում է, որ այս ամենը պատվեր է նախագահականի կողմից: Դավիթի սուբյեկտիվ գնահատականները, որոնք նպատակ ունեն ինձ վարկաբեկելու, կապված են նաև իմ նախկին աշխատանքի՝ դասավանդման հետ: Նա ինձ հետ անձնական պահեր ունի: Երբ ինձ համալսարանից փորձում էին հեռացնել և դեռ հրամանը չկար, գնացել էի քննություն ընդունելու, սակայն ինձ թույլ չտվեցին, փոխարենը Դավիթն ընդունեց: Ես նրան զանգեցի ու ամոթանք տվեցի, որ միացել է իմ դեմ հետապնդումներին: Ուստի Դավիթն անձնական շահագրգռվածություն ունի նման հայտարարություններ անելով՝ փորձելով իրեն արդարեցնել»:
Կարդացեք նաև
Այն, որ իրեն քաղաքական թափառական են անվանել, Հ. Խանումյանն այսպես է մեկնաբանում. « Եթե մարդն արդեն հայհոյանքների է անցնում, դա որևէ կերպ ընդունելի չէ: Թափառական միայն Դավիթը չի ասում, ամբողջ ֆեյսբուքում կեղծ պրոֆիլներով ինձ քոչվոր, թափառական էին անվանում՝ ասելով, թե ինչու ես եկել այստեղ: Ուստի նման կարծիք ստեղծելը հատուկ երևում է, որ նախագահականի կողմից է թելադրված: Փաստորեն ամբողջը սուտ հայտարարություններ են, կեղծ պրոֆիլներ: Իհարկել, լավ կլիներ, որ Դավիթը այս ամենը չասեր: Այսպիսով նա ըստ էության մատնել է իշխանություններին»:
Հ. Խանումյանը հավելեց, որ արդեն տարիներ շարունակ իր վրա ճնշումներ են գործադրվում և մանրամասնեց. «Պատկերացնում ենք մեկ քննադատական հոդվածի համար Արցախի նախագահը հսկայական պատվիրակություններ է ուղարկել Երևան: Դեպք եղավ, որ նախկին ոստիկանապես Ալիկ Սարգսյանին էր խնդրել, որ հորս և իմ վրա ճնշում գործադրեն, որ ինձ ետ կանչեն, մեկ ամիս առաջ էլ մեկ հեղինակավոր մարդու են խնդրել ինձ վրա ճնշում գործադրել, որ ես վերադառնամ: Մի շրջան կար, որ գրեթե ամեն շաբաթ ԱԱԾ տնօրենն ինձ կանչում էր իր մոտ և խորհուրդներ տալիս խելոք մնալ, ինչ գրելու, կամ ինչ չգրել»:
Հ. Խանումյանը նաև տեղեկացրեց, որ իր կինը համալսարանի պրոռեկտորի հետ միջադեպի ընթացքում թեթև մարմնական վնասվածք է ստացել, սակայն քննչական մարմինը հաշվի է առնում միայն հակառակ կողմի կարծիքը: Ուստի Հ. Խանումյանը մտադիր է փաստաբան վարձել և գնալ արդարության հետևից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ