Ռուսաստանում ուրբաթ օրը դատավորը դատավճռի կներկայացնի «Pussy Riot» ֆեմինիստական փանք խմբի երեք անդամներին, որոնք Կրեմլի դեմ ուղղված բողոքի ցույց էին իրականացրել Մոսկվայի եկեղեցիներից մեկում:
«Ռոյթերս» գործակալության վկայությամբ, մեղադրող կողմը «կրոնական ատելության հիման վրա խուլիգանության համար» երեք տարվա ազատազրկում կպահանջի փանք խմբի ձերբակալված անդամների համար, որոնք այս տարվա փետրվար ամսին Մոսկվայում գտնվող Քրիստոս Ամենափրկչի տաճարի խորանին անց են կացրել «փանք աղոթք»՝ «խնդրելով» ազատել Ռուսաստանը Պուտինից:
Պուտինի ընդդիմախոսները ներկայացնում են այս դատավարությունը որպես երկրում այլախոհության դեմ ուղղված ավելի մեծածավալ պայքարի մասերից մեկը:
Մոսկվա վերջերս այցելած ամերիկացի երգչուհի Մադոննան, որի վերնաշապիկի վրա գրված էր «Ազատություն Pussy Riot-ին», արշավ է անցկացրել՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված կանանց:
Վաշինգտոնի համաձայն, դատական այս գործը քաղաքական բնույթ ունի:
«Մեր բանտարկությունը հստակ նշան է, որ ամբողջ երկրում ճնշվում է ազատությունը», – բանտում գրված և դատապաշտպան Մարկ Ֆեյգինի կողմից համացանցում հրապարակված իր նամակում գրել է խմբի մասնակից, 22-ամյա Նադեժդա Տոլոկոննիկովան:
Մոսկվայի դատական փոքր դահլիճներից մեկում անցկացվող դատավարությամբ ստեղծված լարվածության մասին վկայում է այն փաստը, որ դատավոր Մարինա Սիրնովային հինգշաբթի օրը թիկնապահ է տրամադրվել՝ վերջինիս կողմից ստացված սպառնալիքներից հետո:
Դատավարությունն անհամաձայնություն է առաջացրել Ռուսաստանի ուղղափառ եկեղեցու շարքերում. հոգևորականների մի մասը պնդում է, որ տաճարում «փանք ցույց» անցկացրած կանայք պետք է արժանանան խիստ պատժի, սակայն հնչում են նաև նրանց ներելու մասին ձայներ:
Այս տարի Ռուսաստանի նախագահական պաշտոնը կրկին ստանձնած Վլադիմիր Պուտինն ասել է, որ կանանց պատիժը չպետք է չափազանց խիստ լինի: Փաստաբանները պնդում են, որ գործով ներկայացվելիք դատավճիռը թելադրված կլինի Կրեմլի կողմից: Պուտինի կողմնակիցները սակայն հերքում են նման արտահայտությունները՝ որպես «վիրավորական գործողություններ իրականացրած և ինքնագովազդով զբաղվող անձինք» նկարագրելով դատարանի առջև կանգնած կանանց և պահանջելով, որպեսզի վերջիններս պատժվեն «եկեղեցու դեմ կանխամտածված բողոքի կանխամտածված գործողություն իրականացնոլու համար»:
«Ամերիկայի ձայն» ռադիոկայան