Թե ինչ է այսօր արվում բանակում ինքնասպանությունների, սպանությունների դեպքերը, ագրեսիան զսպելու համար, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց. «Մարտական պատրաստության ընդհանուր գործընթացն իր մեջ ունի բարոյահոգեբանական դաստիարակության հստակ տարրեր: Պաշտպանության նախարարությունը, զինված ուժերն ունեն բազում մեխանիզմներ ընկերակցական, զինվորական մթնոլորտը համահարթեցնելու համար: Այո, կան որոշակի դեպքեր, ինքնասպանության, օրինախախտումների, բայց թվական ցուցանիշներով, կա նմանատիպ դեպքերի նվազում: Բանակի բարեփոխումների գործընթացը ժամ առ ժամ է կատարվում»:
Ըստ Հովհաննիսյանի՝ այժմ զորակոչային մեխանիզմի եւ ամբողջ համակարգի հետ կապված լուրջ բարեփոխումներ են կատարվում: Ըստ նրա՝ խնդիրների պատճառով ազատվեց ՀՀ գլխավոր զինկոմն ու այլ պաշտոնատար անձինք ու այժմ էլ չի բացառվում, որ էլի փոփոխություններ լինեն կապված զինկոմների, բժշկական հանձնաժողովների հետ:
Հովհաննիսյանը նաեւ հայտնեց. «Սերգեյ Չալյանը պաշտոնից չի ազատվել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով: Պարզապես զորակոչային գործընթացը ունեցել էր լուրջ խնդիրներ»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ