Գյումրու մի քանի դպրոցների ՀՀԿ-ական տնօրեններ ու ուսուցիչներ՝ օրինակ՝ թիվ 29 հիմնական դպրոցի տնօրեն Գայանե Բիչախչյանը, թիվ 4 դպրոցի տնօրեն Զարիկ Համբարձումյանը, թիվ 19 դպրոցի տնօրեն Նարինե Մեսրոպյանը, թիվ 11 միջնակարգ դպրոցի տնօրեն Հրայր Կարապետյանը, թիվ 3 ավագ դպրոցի ուսուցիչ Մանվել Մանուկյանը եւ այլք, եւս ցանկություն են հայտնել դառնալ Գյումրու ավագանու անդամ, որն էլ յուրատեսակ քննադատության է արժանացել քաղաքի այլ մտավորականների կողմից:
«Առավոտի» հետ զրույցում, վերլուծելով առաջադրված թեկնածուների ցանկը, Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության կառույցի Շիրակի մարզային գրասենյակի պատասխանատու Սեյրան Մարտիրոսյանը, ով ժամանակին եղել է նաեւ դպրոցի տնօրեն, կարծիք հայտնեց, որ դպրոցի տնօրենի գործը պետք է լինի ապաքաղաքական. «Ինձ հատկապես անհանգստացնում է, որ շարունակվում է իշխանությունների կողմից արատավոր պրակտիկան, մարդկանց մի ահռելի խումբ կա, որոնք շատ կոնկրետ գործ ունեն, որոնք ինչքան քաղաքականությունից հեռու լինեն, այնքան ավելի լավ: Իրենց գործը ենթադրում է ապաքաղաքականություն, մասնավորապես՝ իմ խոսքը վերաբերում է դպրոցի տնօրեններին: Շատ հետաքրքիր է այդ տնօրենի վիճակը, որը մեծ քանակությամբ գործ ունի տարեսկզբին եւ պետք է զբաղվի ոչ իրեն հատուկ գործունեությամբ, հետո իր դպրոցի երեխաներին պիտի բաժանի յուրայինների եւ օտարների, հետո՝ ծնողներին պիտի կանչի, հետո՝ քարոզչական խոստումներ տա, եւ հետո՝ պիտի լինի ավագանու վատ անդամ: Աննորմալ է»:
Գյումրիում կարծիք կա, որ տնօրենները պարտադրված են առաջադրել իրենց թեկնածությունը՝ չմերժելով Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին: Նշենք, որ այս պաշտոնյան իր տնօրենների ավագանու անդամ դառնալու հարցում ամենայն հավանականությամբ շահագրգռված է այն պատճառով, որ նա գլխավորում է նաեւ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցը: Հիշեցնենք, որ նա մոտ մեկ ամիս առաջ ընտրվեց ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու, երբ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եկավ Գյումրի՝ կուսակցական այդ պաշտոնից սեփական դիմումի համաձայն գահընկեց անելով Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Գյումրու ճանաչված մտավորականներից բաղկացած «Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության խմբի վերջին ժողովի ժամանակ էլ չանտեսվեց տնօրենների թեման, անդամներից մեկն ասաց. «Տնօրեններին պարտադրել են, որ նրանք առաջադրեն իրենց թեկնածությունը, նրանցից մեկը մի տեղ դժգոհել է, թե էսպիսի բա՞ն կլինի, ինչի՞ս է պետք ավագանու անդամ դառնալը, ծախսը մինչեւ 20 հազար դոլար է նստում: Պարտադրողն էլ՝ Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետն է. նա այս քայլով փորձում է ինքնահաստատվել որպես ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նոր ղեկավար»: Նիստի ընթացքում խոսվեց նաեւ այն մասին, որ թեկնածություն չառաջադրած տնօրենների վրա էլ հստակ պարտադրանք կա՝ ամեն մի դպրոցի տարածքից նվազագույնը 100 ձայն ապահովել իրենց ընկերների համար:
«Առավոտը» այս հարցի շուրջ պարզաբանումներ խնդրեց ՀՀԿ Շիրակի մազային կառույցի ղեկավարից՝ Սահակ Մինասյանից, հետաքրքրվելով, թե ինչո՞ւ են պարտադրում մարդկանց ծախսերի տակ ընկնել: «Վստահեցնում եմ, բացարձակապես ոչ մի պարտադրանք չի եղել: Ավագանու անդամ առաջադրված դպրոցի տնօրենները ՀՀԿ-ականներ են, եւ եթե ՀՀԿ անդամը նախաձեռնում է ավագանու անդամ դառնալ, դիմում է կուսակցության մարզային կառույցին, մենք էլ ուսումնասիրում ենք նրա կենսագրությունը ու երաշխավորում, ի՞նչ անենք, չթույլատրե՞նք, որ առաջադրվի: Երեւի այս քաղաքում սովոր են, որ այս կամ այն թաղում կանգնածները պետք է պարտադիր ավագանու անդամ դառնան; Ուրախ չե՞ն, որ մտավորականներ են ուզում ավագանի դառնալ: Հանրապետական կուսակցությունը ոչ միայն տնօրենների է սատարում, այլեւ բժիշկների, էլցանցի եւ գազի աշխատակիցների, այսինքն՝ կուսակցության համար գովելի է ցանկացած մեկի նախաձեռնությունը՝ եթե քաղաքին պետք է բարիք բերի: Եվ հետո, անցել են այն ժամանակները, երբ մարդիկ ավագանու անդամ պիտի ընտրվեն իրենց անձնական հարցերը լուծելու համար: Եթե այսօր մտավորականն է գնում ավագանու անդամ դառնալու, ուրեմն պետք է ողջունել»,-ասաց Սահակ Մինասյանը: Նրա խոսքերով՝ ինքը կայանալու խնդիր չունի. քաղաքը փոքր է, իրեն շատ լավ են ճանաչում. «Եթե դպրոցի տնօրենների առաջադրումը ստվերում է որոշ մարդկանց, դա իրենց խնդիրն է, ես պատրաստ եմ ողջունել ցանկացած մեկի նախաձեռնությունը, ով կգործի ի նպաստ քաղաքի: Ազնվորեն եմ ասում՝ նշանակություն չունի, թե որ կուսակցությունից է, օրինակ՝ մեր մարզի գլխավոր գինեկոլոգը՝ Ֆելիքս Գրիգորյանը, անկուսակցական է, բայց, Հանրապետական կուսակցությունը որոշել է նրան սատարել ՏԻՄ ընտրություններում: Սա նշանակում է, որ մարդուն սատարում ենք քաղաքին օգուտ բերելու, ոչ թե կուսակցական պատկանելության տեսանկյունից»:
«Քաղաքը մերն է» նախաձեռնող խմբի անդամները ժողովի ժամանակ վստահեցրին, որ վերահսկողություն կսահմանեն թեկնածուներ ունեցող դպրոցներում, որպեսզի վերջիններս չսկսեն մոբիլիզացնել ծնողներին ու քարոզչություն անել:
ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ