Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբն ու առնետներն անպակաս են

Օգոստոս 17,2012 14:52

Արաբկիր վարչական շրջանի Հովսեփ Էմին 7 շենքի բնակիչները որոշել են հրաժարվել իրենց շենքի աղբահանությունն իրականացնող ընկերությունից, քանի որ արդեն 1 տարի է, ինչ 10-15 օրով շենքում աղբահանություն չի կատարվում:
«Առավոտի» հետ զրույցում շենքի բնակիչները վստահեցրին, որ եթե ձմռանը գոնե մի քիչ տանելի է, որ աղբը 10 օր չի տարվում, ապա ամռանը անհնար է դիմանալ հակահիգիենիկ վիճակին, գարշահոտությանն ու առնետներին:
Սուսաննա Գրիգորյանի ներկայացմամբ՝ «Ամառվա կեսին պատուհան բացել չի լինում, էնպիսի տհաճ հոտ է տարածված: Կուտակված աղբի պատճառով կռիսները բույն են դրել, օրը ցերեկով մինչեւ 11-րդ հարկ են բարձրանում, անգամ մարդկանցից չեն վախենում, էդ մենք ենք վախենում դուռ բացել, որովհետեւ մի քանի անգամ պատահել է՝ հարեւաններս դուռը բացել են, 1-2 հատ կռիս թռել են ոտերի վրա: Հազար ու մի համաճարակ կա, էրեխեքն ամբողջ օրը լուծ են, ի՞նչ իմանանք, հնարավոր է բակում խաղալիս էդ աղբամուղից ի՞նչ վարակ են կպցրել՚» Մեզ հետ զրույցում բնակիչներն ասացին, որ դիմել են հիգիենիկ, հակահամաճարակային տեսչություն, որպեսզի գան՝ առնետների «դեմն առնեն».«Եկել են դեղ են ցանել, բայց ոչ մի օգուտ, չեն էլ սատկում, եթե սատկեն էլ, նորերը կգան, քանի որ աղբը՝ դրանց ուտելիքը, բոլ-բոլ ա»: Տեսչությունը, բացի շենքում առնետների դեմ դեղամիջոց տեղադրելուց, նաեւ խորհուրդ է տվել՝ ուղղակի հրաժարվել աղբահանող ընկերության ծառայություններից:
Բնակիչների պատմելով, իբր իրենց աղբը քիչ է, դեռ մի բան էլ հարեւանությամբ գտնվող էլիտար շենքի բնակիչներն են իրենց աղբը բերում ու նույն աղբամուղում դատարկում, քանի որ էլիտարը ոչ աղբամուղ ունի, ոչ էլ տարածքում՝ աղբաման. «Կողքի խանութի աղբն էլ է մեզ մոտ թափվում: Կրակն ենք ընկել բոլորի ձեռքը: Առավոտ շուտ աղբամուղի շուրջը լվանում ենք, մաքրում, որ աղբը չտարածվի, իսկ երեկոյան՝ պահակ ենք կանգնում, որ կողքի շենքերից իրենց աղբը մեզ մոտ չթափեն»:
Շենքի բնակիչները մեզ վստահեցրին, որ մինչեւ վերջին մի քանի օրը աղբահանման վարձը պարտաճանաչ վճարել են, սակայն արդեն ստորագրահավաք են կազմակերպել, եթե մեծամասնությունը համաձայնի, հրաժարվեն շենքը սպասարկող ընկերությունից եւ իրենք իրենց միջոցներով պարբերաբար աղբատար մեքենա վարձեն, որպեսզի շենքի աղբահանությունը նորմալ կազմակերպվի:
Ըստ բնակիչների, խնդիրը լուծելու խնդրանքով դիմել են իրենց համատիրությանը, Արաբկիր վարչական շրջանի համպատասխան բաժնին եւ քաղաքապետարան: Սակայն խնդիրն այդպես էլ չի լուծվում: Տիկին Սուսաննայի պատմելով՝ «Այնքան եմ զանգել թաղապետարան, որ ձայնս ճանաչում են, ասում են՝ էլի դո՞ւ, Սուսաննա, ձեր աղբը դեռ չե՞ն տարել»:
Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի պետ Աբգար Խաչատրյանն «Առավոտին» ասաց, որ իրենք մինչ օրս բանկիչներից բողոք չեն ստացել, եւ ինքը տեղյակ չէ խնդրից. «Երեւի աղբատար մեքենան է փչացել: Բայց եթե պարզվի, որ տվյալ շենքի աղբահանությունն իրականացնող «էկուար» ԲԸ -ն է թերացել, արձանագրություն կկազմենք, եւ համապատասխան անձինք կպատժվեն»:
Իսկ «էկուար» ընկերության փոխտնօրեն Հովհաննես Ստեփանյանն էլ ասաց, որ իրենք շատ էլ նորմալ աղբահանություն են անում. «Խնդիրները ծագում են միայն օգոստոս ամսին, ջերմաստիճանի բարձրացման հետ կապված: Նույնիսկ եթե մեկ օրով խափանվում են մեր աշխատանքները, աղբը բնակիչներին տհաճություններ է պատճառում: Կոնկրետ այս դեպքում շենքի աղբամուղի դիմաց շինարարական աղբ կա թափված, արդեն պայմանավորվել ենք, որ հավաքենք: Բացի այդ, մեքենան է փչացել, մենք երկրորդ աղբատարով կզբաղվենք այդ հարցով»:
Մեր այցելության պահին էլ աղբամուղը լեփ-լեցուն էր աղբով, եւ ակնհայտ էր, որ դա 2 օրում հավաքված աղբ չէր, նույնիսկ շենքին կպած փոսերի մեջ էր աղբ լցված, իսկ աղբի գարշահոտոթյունը շենքից 5-6 մետր հեռավորությունից էլ էր զգացվում:
ԱՐՄԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031