Լրահոս
Օրվա լրահոսը

Շահեն Պետրոսյանն` իշխանություններին` հին անեկդոտի ոգով.«Երեք հատ նամակ գրի ու ռադդ քաշիր»

Օգոստոս 17,2012 15:45

«Մարդն ասում է՝ ինձ հանգիստ թողեք: Երբ ժամանակը կգա… ես, իհարկե, ցանկանում եմ Հայաստան վերադառնալ, բայց ոչ այս մթնոլորտում: Այս մթնոլորտում ես էլ չեմ ցանկանում Հայաստանում գտնվել: Շատ տաղտկալի մթնոլորտ է: Ֆեոդալական պետություն դարձավ»,- սրանք ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ընկեր եւ զինակից, ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանի տպավորություններն են «Հրապարակ» թերթում հրապարակված Վանո Սիրադեղյանի նամակից: Այլ մեկնաբանություններ անել մեր զրուցակիցը չցանկացավ. «Վանոն ուղիղ ասել է, ինձանից էլ լավ է գրում, ինձանից էլ գրագետ է, ինձանից էլ խելացի է: Ըստ երեւույթին, ինքը շատ լավ տիրապետում է իրավիճակին: Շատ լակոնիկ փոխանցել է, եթե, իհարկե, իր գրածն է: Մարդիկ ասում են, որ իր ձեռագիրն է: Վանոյի կարիքը ես էլ, իր բոլոր ընկերներն էլ ունենք: Շատ ցանկալի կլիներ, որ ինքն այստեղ լիներ: Վանոն բացի քաղաքական խարիզմատիկ լիդեր լինելուց, նաեւ հանճարեղ գրող է»:

Որ ներքին գործերի նախկին նախարարի դեմ գործն ամբողջովին «թխած» է, Շահեն Պետրոսյանն այսօր էլ կասկած չունի. «Ռոբերտ Քոչարյանի սարքած ճղճիմ բանն է, ինչը նաեւ այսօր շարունակվում է մեր ՀԱԿ ակտիվիստ երեխաների նկատմամբ»: Նա հիշեցնում է խորհրդային շրջանի մի հայտնի հումոր, երբ կոլտնտեսության նախագահին փոխում են, հինը նորին ասում է, որ դարակում երեք նամակ կա, եւ հենց գործերը վատանան, կարող է կարդալ նամակները: Նոր նախագահը բացում է առաջին նամակն, այնտեղ գրված է լինում. «Շառը գցիր նախկինների վրա՝ հայհոյիր, հետապնդիր, ժողովուրդը կոգեւորվի, կսկսի լավ աշխատել»: Նախագահն այդպես էլ վարվում է, բայց դրանից բերքատվությունն ու կաթնատվությունը չեն բարձրանում: Բացում է երկրորդ նամակը, որտեղ կարդում է. «Ժողովրդին խոստումներ տուր»: Դա էլ չի օգնում: Բացում է երրորդ նամակը, որտեղ գրված է. «Երեք հատ նամակ գրի ու ռադդ քաշիր»: Շահեն Պետրոսյանը եզրահանգում է. «Վաղուց երրորդ նամակի ժամանակն է, բայց դրա հերթը դեռ չի հասնում: Էդ մեթոդով են աշխատում, դրա համար էլ Վանոյի գործը շինծու էր լրիվ: Վանոյի «տղերքին» ես շատ լավ ճանաչում եմ: Նրանք, հնարավոր է, որ ժամանակին ինչ-որ ավանտյուրաների մեջ են մտել՝ առանց Վանոյին տեղեկացնելու: Հնարավոր է, որովհետեւ ժամանակին այդ տղաներն իրենց ոչ օրինական դրսեւորել են: Ինչքանո՞վ է դա Վանոյի հետ առնչվում: Չի առնչվում: Նման բան լիներ՝ բոլորս էլ կիմանայինք: Եվ հիմա, Վանոյի Հայաստան գալը ոչ թե պետք է նրա համար, որ արդար դատավարություն լինի կամ նա արդարանա, հակառակը, այդ գործը պետք է կարճվի: Ինքը հստակ պետք է ասի՝ ովքե՞ր են մեղավոր, ի՞նչ է եղել, ո՞նց է եղել: Ինքը կարող է դա ասել»:
«Առավոտի» հարցին՝ տեսակետ կա, որ Վանո Սիրադեղյանի հետ կապված այս նախաձեռնությունների եւ բոլոր խոսակցությունների հեղինակը իշխանությունն է՝ նպատակ ունենալով հող նախապատրաստել Վանոյի վերադարձի համար, կիսո՞ւմ եք դա, Շահեն Պետրոսյանն ասաց. «»Չեմ կարծում: Չէ, դա ուղղակի ռոմանտիկ մարդկանց նախաձեռնություն է: Բայց Վանոն մի անգամ գրել էր, չէ՞, ռոմանտիկներին չեմ սիրում: Մարդիկ հիասթափված են, իրենց կարծիքով, ընդդիմությունը թուլացած վիճակում է, եւ լիդեր են ման գալիս: Վանոն լիդերի հատկություններ, իհարկե, ունի: Բայց, հիմա, Լեւոնից մի մասը շրջվել են ու Վանո են փնտրում, նոր մարդ: Բայց Վանոն ասեց՝ ինձ հանգիստ թողեք: Ի դեպ, այս քաղաքացիական նախաձեռնությունները շատ ավելի իմպուլս են տալիս, քան լիդերի որոնումները»:
Այս օրերին լրանում է ՀԱԿ-իշխանություն երկխոսության տապալման մեկ տարին, ու քանի որ մեր զրուցակիցն ինքն էլ նկատեց, որ ընդդիմությունը թուլացած վիճակում է, հետաքրքրվեցինք՝ եթե երկխոսությունը կայանար, դրանից ընդդիմությունն ավելի չէ՞ր շահի: «Չգիտեմ, չեմ կարող ասել: Չեմ կարող ժամանակը ետ պտտացնել: Վերջերս Վարդան Պետրոսյանը շատ լավ հարցազրույց էր տվել. արեւմտյան տիպի մտածող մարդիկ այդպես են կարծում՝ շատ լավ կլինի, որ երկխոսություն լինի, քաղաքակիրթ ձեւով գնանք ինչ-որ հարցերի լուծման: Լեւոնն էլ էր այդպես մտածում, բայց դիմացինները, ցավոք, քաղաքակիրթ չեն: Իրենք անընդհատ դաղալություն են անում, դաղալների հետ խաղալ չի լինում»: «Առավոտի» հարցին՝ ՀԱԿ-ի այս թուլացած վիճակում շատերը լքեցին այդ կառույցը, Դուք այն եզակիներից եք, որ հավատարիմ եք մնացել՝ ինչո՞ւ, Շահեն Պետրոսյանը հակադարձեց. «Ես ՀԱԿ-ին չեմ հավատարիմ: Ես իմ սկզբունքներին եմ հավատարիմ: Ես ազատամիտ մարդ եմ, լիբերալ: Վերջերս երկար քննարկում էինք, թե ո՞րն է լիբերալիզմի եւ դեմոկրատիայի տարբերությունը: Երկար, փիլիսոփայական քննարկումից հետո եկանք եզրահանգման, որ լիբերալիզմը՝ ազատությունը, եւ դեմոկրատիան՝ արդարությունը: Անհնար է լինել եւ արդար, եւ ազատ, բայց մենք, ձգտում ենք որոշակի չափով դրանք մոտեցնել: Բոլորն էլ իմ ընկերներն են եւ ՀԱԿ-ից դուրս են եկել, թե ոչ, ինձ հետաքրքիր չի: Իրենց որոշելու հարցն է, իրենց առջեւ նպատակներ են դնում: Բայց վերջնական նպատակը դա է՝ կարողանանք ազատությունը եւ արդարությունը ինչ-որ ձեւի մոտեցնել: ՀԱԿ-ն էլ է դրան ձգտում, «Ազատ դեմոկրատներն» էլ, «Ժառանգությունն» էլ: Ես բոլորի հետ էլ ընկերություն եմ անում, որովհետեւ իմ սկզբունքներին հոգեհարազատ են»: Ինչ մնում է ՀԱԿ-ից դուրս գալ-չգալուն, Շահեն Պետրոսյանն ասում է. «Ասենք թե՝ դուրս եկա՝ ի՞նչ եմ անելու, կամ՝ դուրս չեկա՝ ի՞նչ եմ անելու: Ի՞նչ տարբերություն: Ես իմ գործն անում եմ»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱԿ-ից Դավիթ Շահնազարյանի դուրս գալը, պարոն Պետրոսյանը պատասխանեց. «Դավիթ Շահնազարյանը շատ լավ պատասխանել էր, ես ի՞նչ ասեմ»: Նա ասաց, որ Շահնազարյանի հետ շփվում են, ընկերություն են անում, բայց այդ թեմայով չեն խոսել: Միայն մամուլից, նրա տված բացատրություններից հասկացել է, որ պատճառը ՀԱԿ-ի՝ ԲՀԿ-ի հետ համագործակցելն է:  «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը ԲՀԿ-ի հետ համագործակցելու խնդիր չի դրել: Մի խնդրի շուրջ՝ արդար ընտրություններ, բանակցել են ու այնտեղ Դաշնակցությունն էլ կար: Ինչո՞ւ դա չի ասվում: Լա՞վ էր այդ համագործակցությունը, թե՝ ոչ, չգիտեմ: Բայց որ չհամագործակցեին էլ՝ արդյունքը նույնը կլիներ. ԲՀԿ-ն մեկա իր ընտրակաշառք տրակտորները պիտի բաժաներ բարեգործության անվան տակ»,- կարծում է նախկին բարձրաստիճան պաշտոնյան:
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031