Ամառվա տապից փախել, պատսպարվել էի ծննդավայրումս՝ Տավուշի մարզի Չորաթան գյուղում: Մի սովորական շոգ օր մեկ էլ գյուղ ժամանեցին ՀՀ ոստիկանության Տավուշի ՄՎ ծառայության պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Փաշինյանը, պետի ծառայության գծով տեղակալներ ոստիկանության գնդապետ Գ. Մատինյանը, փոխգնդապետ Ա. Գալստյանը, պետի անձնակազմի գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ, մեր համագյուղացի Ժաննա Ուդումյանը եւ ուրիշներ:
Միանգամից այսքան բարձրաստիճան ոստիկաններ տեսնելով, գյուղացիների «լեղին ջուր դառավ՚» անմիջապես հավաքվեցին, թե «էս ի՞նչ հաշիվ է»: Ոստիկանության աշխատակիցները շտապեցին հանգստացնել, թե՝ ոչինչ չի պատահել, իրենց առաքելությունն էլ բարի նպատակով է, եւ այն հետայսու կրելու է շարունակական բնույթ, քանի որ, ՀՀ ոստիկանության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ծրագրի շրջանակում, ոլորտի աշխատակիներին հանձնարարված է պարբերաբար հանդիպումներ անցկացնել ազգաբնակչության շրջանում:
«Ոչ մեկի համար նորություն չէ, որ երկրում սոցիալական վիճակը ծայրահեղ ծանր է,-այսպես սկսեց իր ելույթը փոխգնդապետ Ա. Գալստյանն ու շարունակեց.- Մի աղքատ գյուղացի գնում է Խոջա Նասրեդինի մոտ, ասում է՝ «խոջա, վիճակս ծանր է, օգնիր»: Ի՞նչ է պատահել՝ հարցնում է Նասրեդինը: 40 հոգս ունեմ՝ պատասխանում է գյուղացին: Առաջինն ասա՝ պնդում է Խոջան: Փող չունեմ՝ ասում է գյուղացին: Նասրեդինն ընդհատում է գյուղացուն՝ ասելով, թե մնացածը 39-ը ինքը գիտի: Անապահով ընտանիքում սոված, ծարավ մեծացող երեխան պոտենցիալ գող կամ հանցագործ է, եւ բոլորիս խնդիրն է ամեն կերպ օգնել այդ ընտանիքներին, որպեսզի կանխվեն հանցագործությունները: Մենք պետք է դողանք ամեն մի դեռահասի ճակատագրի համար, չէ՞ որ մի քանի կիլոմետր այն կողմ սահմանն է եւ ունենք անվտանգության խնդիր»:
Փխգնդապետ Գալստյանի խոսքով, այժմ Տավուշի մարզի ոստիկանության աշխատակիցները ստիպված են մտնել «մատի ու մատանու արանքը»:
Հանդիպման վերջում ոստիկանության աշխատակիցները պատասխանեցին գյուղացիներին հուզող հարցերին:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ