Լրահոս
Օրվա լրահոսը

«Դյուցազնագրքից»՝ «Գիննեսի համաշխարհային ռեկորդների գիրք»

Օգոստոս 17,2012 14:12

Վերջին ժամանակներս Վանաձորում շատ է շոշափվում մի երիտասարդի՝ «Դյուցազն» մականունով կնքված Նարեկ Հակոբյանի անունը: Նրա մասին հաղորդումներ են եթեր սփռվել մարզային եւ հանրապետական հեռուստաալիքներով: 24-ամյա Նարեկով հետաքրքրվում են նաեւ Վրաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Բելգիայում, Ռուսաստանում:

Չնայած Նարեկի մանկությունը համընկավ մեր պետության կայացման ամենածանր տարիներին, սակայն քաղաքամերձ անտառափեշին կառուցված ժամանակավոր կացարանի ընդարձակ բակում պապի տեղադրած մարզական գործիքներն ու հարմարանքները (պտտաձող, մարմնամարզական զուգափայտ, բռնցքամարտի վարժական տանձիկ, ծանրաձող ու կցագունդ) դեռ մանուկ հասակում նրա ամենօրյա սարամագլցումները ձեւավորում ու կոփում էին նրան:

Բուհն «իրավագիտություն» մասնագիտությամբ ավարտելուց հետո Նարեկը մեկնեց բանակ: Ծառայության երկու տարիները բավարար էին ուժն ու եռանդը նպատակին ծառայեցնելու եւ հետագայում երազանքները իրագործելու համար: Իսկ երազանքը ծնվել էր «Գիննեսի համաշխարհային ռեկորդների գիրք – 1988՚»-ը բացելուց հետո. «Ամեն ինչ պիտի անեմ այս գրքում գրանցվելու համար»,- ասում էր նա: Սկզբում այդ խոսքերը լուրջ չէին ընդունվում: Ինչպես լուրջ չընդունվեց մոտ մեկ տարի առաջ արած հայտարարությունը, թե շուրջ ութ տարի առաջ պառկած դիրքից արտակորում վարժությունը կատարել է 7 հազար անգամ, երբ այդ տարիներին համաշխարհային ռեկորդը չէր գերազանցում 3 հազարը: Եվ երբ չհավատացողների համար հանպատրաստից, հենց տեղում, մեկ ժամում կատարեց 1000-ից ավելի արտակորում ու միայն ներկաների պահանջով դադարեցրեց վարժության կատարումը, փլվեց թերահավատության կարծր պատը: Հենց այդ օրերին հեռուստատեսությամբ հայտարարվեց Հայաստանի ռեկորդների «Դյուցազնագրքի» 1-ին հատորի հրատարակման մասին: Սկսվեցին նպատակաուղղված մարզումները:

Նարեկի մարզումները հիմա էլ երկարատեւ ու տքնաջան չեն, իրեն խիստ չի ծանրաբեռնում, դեռեւս հատուկ ծրագրով ու մեթոդիկայով չի պարապում, սակայն անհավանական ու անսպառ կամքը, եռանդը նրան թույլ են տալիս կատարել նախօրոք ընտրած վարժություններն առանց մեծ ջանքերի: Երիտասարդ դյուցազնի համար մեծ խթան էր նաեւ առաջին երկու ռեկորդային կատարումից անմիջապես հետո Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի փոխտնօրեն, հայկական «Դյուցազնագրքի» հանձնաժողովի նախագահ, ՀՀ վաստակավոր մարզիչ, «Դյուցազնագրքի» Ա հատորի (1991-2011թթ.) կազմող Վարդան Թովմասյանի հրատարակությունը՝ հեղինակի բարեմաղթություներով ու մակագրությամբ: Այստեղ Նարեկ Հակոբյանի կողմից ներկայացված հետեւյալ կատարումներն են.

– Կքանիստ մեկ ոտքի վրա՝ 529 անգամ 55 րոպեում, որը «Դյուցազնագրքում» գրանցված նախկին ռեկորդը (200 անգամ՝մեկ ժամում) գերազանցում է ավելի քան 2.5 անգամ:

– Գետնին շրջված դաստակների վրա ձեռքերի ծալում-տարածում, նույնը՝ 1 դաստակի վրա, ինչպես նաեւ՝ մեջքին ամրացված ծանրություններով:

– Ձեռքերի մատների միջնահոդերի վրա հենում-ծալում ինչպես գետնից, այնպես էլ՝ երկաթե զուգափայտերի վրա:

– Հենում-ծալում գետնից մեկ ձեռքի մեկ եւ երկու մատներով, նույնը՝ 2 ձեռքերի 1-ական եւ 2-ական մատներով, նաեւ՝ 1 ձեռքով ու 1 ոտքով եւ այլն:

– Մեջքին պառկած, կրծքավանդակին 50 կգ ծանրությամբ արտակորում դեպի առաջ՝ 208 անգամ 22 րոպեի ընթացքում:

– Ձգումներ պտտաձողին՝ 1 ձեռքով եւ կամ 2 ձեռքով՝ 47 անգամ 1 րոպեում:

– Բռնցքամարտին հատուկ 2 ձեռքերով անընդմեջ րոպեական հարվածներ կախված տանձին՝ 423 անգամ ու նաեւ արեւելյան մարտարվեստին հատուկ 1 ոտքով անընդմեջ հարվածներ՝ 202 անգամ:

Հայաստանյան «Դյուցազնագրքի» հերթական հատորում գրանցվելու հավակնող արդեն 33 տարբեր ռեկորդային կատարում, որոնցից 29-ի համար ստացվել են ՀՀ «Արտասովոր շարժողական գործունեության նվաճումների գրանցման հանձնաժողով»-ի «Դյուցազնագիր» հավաստագրեր, իսկ մի քանիսի համար հայտ է ուղարկվել լոնդոնյան գրասենյակ՝ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվելու համար (հոդվածի պատրաստման ընթացքում հայտնի դարձավ, որ օրերս ստացվել են առաջին պատասխանները Լոնդոնից, ու մոտ ժամանակներս Նարեկ Հակոբյանի միանգամից 3 տարբեր կատարումներ, համապատասխան փաստաթղթային ձեւակերպումներով, կուղարկվեն Լոնդոն):

Իսկ վերջերս, Վանաձորի մարզական մասնագետների խորհրդով, Նարեկը սկսել է մարզվել ատլետիկայով (վազք) ու բռնցքամարտով՝ փորձառու մարզիչների ղեկավարությամբ:

 

Ռ.ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031