Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենասիրության պարտադիր բաղադրիչը

Օգոստոս 17,2012 13:53

Հայկական հայրենասիրությունն ունի մի քանի բաղադրիչ: Ամենաառաջնայինն, իհարկե, թուրքերին ատելն է: Մեկ-երկու բաժակ օղի ընդունելուց հետո «գեոպոլիտիկ» վերլուծություն անելը եւ թուրքերի դիմակը պատռելը հայ հայրենասերի առաջին գործն է: Բայց միայն թուրքերին դարավոր ոսոխ համարելը քիչ է: Պետք է սեփական  երկրում, սեփական ազգի մեջ հայտնաբերել եւ անարգանքի սյունին գամել թուրքամետներին, ազգի դավաճաններին, մի խոսքով` ներքին թուրքին: Ճիշտ նույն ձեւով` միայն  «ռեժիմի դեմ» պայքարելը բավարար չէ՝ այնքան էլ հետաքրքիր չէ, անհրաժեշտ է ամեն օր եւ ամենուրեք գտնել եւ բացահայտել ռեժիմի աջակիցներին, նրա գաղտնի գործակալներին, տարբեր դիմակների տակ թաքնված «հաճախորդներին» եւ «դհոլներին»:
Ինչ մնում է ազգի դավաճաններին, ապա նրանք լինում են տարբեր տեսակի: Մի մասը գնում է Թուրքիա՝ հանգստանալու, թուրքին հարստացնելու` այն ժամանակ, եթե հնարավորություն կա 2-3 անգամ ավելի թանկ վճարել եւ հարստացնել  2-3 անգամ ավելի վատ ծառայություն մատուցող հայ բիզնեսմեններին: Դե, իհարկե, դավաճան են նաեւ նրանք, ովքեր ցանկանում են հարեւանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել:
Այժմ ազգի դավաճանների թվում լավ շանսեր ունի հայտնվելու ոչ ավելի, ոչ պակաս` Շարլ Ազնավուրը: Ինչպե՞ս է նա համարձակվում երգել Ախալցխայի «Ռաբաթ» համալիրում, որը բացի ամրոցից նաեւ մզկիթ ունի, իմանալով, որ այդ համալիրը վերականգնել են թուրքերը եւ համերգին ներկա կլինեն նաեւ թուրք պաշտոնյաները: Իսկապես խայտառակություն է, բա մի հատ 88-ամյա աշխարհահռչակ երգիչը չխորհրդակցեր մեր դեռահաս հայրենասերների հետ` կարելի՞ է երգել իր նախնիների քաղաքում:
Բայց ինչո՞ւ չմոտենալ հարցին հակառակ կողմից` ոչ թե դարդ անել հարեւանի «Մերսեդեսի» կապակցությամբ, այլ փորձել սեփական ուժերով մի բան ստեղծել: Ինչո՞ւ մենք չենք վերականգնում մեր սեփական համալիրները, որոնք իրենց արժեքով «Ռաբաթին» առնվազն չեն զիջում: Գուցե այդ դեպքում Ազնավուրը մեզ մոտ է՞լ կերգի: Ի՞նչն է մեզ խանգարում կարգի բերել մեր` Հայաստանի տարածքում գտնվող հուշարձանները: Թուրքե՞րը, թե՞ ներքին թուրքը:

…Վրացի մտավորականների մեջ նույնպես մարդիկ կան, որոնք դեմ են Շարլ Ազնավուրի այցին Ախալցխա: Նրանք ասում են` քանի որ ազգությամբ հայ երգիչը երգում է այդ քաղաքում, դրանով Վրաստանի իշխանությունն ընդունում է, որ Ջավախքը հայկական հող է: Ինչ խոսք՝ Վրաստանում էլ հայրենասերներ կան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031