Այսօր «Հայացք» ակումբում ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Կորյուն քահանա Կարապետյանը և Ագրեսիվ փոքրամասնությունների ոտնձգություններից պաշտպանության խորհրդի նախաձեռնող անդամ Զարուհի Դիլանյանը խոսեցին հոգևոր անվտանգության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի շուրջ:
Զարուհի Դիլանյանը նշեց, որ օրենքով սահմանված չէ «հոգևոր անվտանգություն» հայեցակարգը, որը երբեմն ասոցացվում է ազգային անվտանգության հետ, քանզի որոշ կրոնական կազմակերպություններ խույս են տալիս պարտադիր զինվորական ծառայությունից. «ԱՄՆ պետդեպարտամենտի 2012թ-ի զեկույցում Հայաստանին մեղադրում են հիսուն եհովականների ճնշելու մեջ, քանի որ վերջիններս ազատվել էին զինվորական ծառայությունից: Բայց համարում եմ, որ մենք շատ ենք ընկրկում եվրոպարտավորությունների առաջ. «գերազանցիկ աշակերտի» կոմպլեքսով չպետք է նստել և տեղի տալ եվրոպական կառույցներին: Ինչո՞ւ պետք է եհովականները հանգիստ նստեն բանտախցերում»:
Տեր Կորյուն քահանա Կարապետյանը նշեց, որ երկրի անվտանգությանը սպառնացող յուրաքանչյուր երևույթ խարխլում է հասարակությունը. «Հոգևոր իմաստով հայ ազգը և եկեղեցին մշտապես մեկ են եղել: Եթե չկա ազգը, ուրեմն չկա Հայ Առաքելական եկեղեցին և հակառակը: Մեր խնդիրն է` պաշտպանված լինել այլոց ոտնձգություններից»
Անդրադառնալով «Խղճի և կրոնական կազմակերպությունների մասին օրենքին»` Զարուհի Դիլանյանն ասաց, որ նոր նախագծերն ունեցել են «վենետիկյան ոդիսականներ». «Դրական է գնահատվում կրոնական կազմակերպությունների բացահայտ գործելու պարտավորությունը, ինչպես նաև` արտասահմանից ֆինանսավորման արգելումը: Սակայն նախագծում հստակ չեն սահմանվում «աղանդ» և «հոգևորսություն» տերմինները: Բացի այդ` պաշտպանված չեն երեխաները, քանի որ ըստ օրենքի` ծնողներն են պատասխանատու նրանց համար: Բայց այդ նույն ծնողը երեխային կարող է տանել աղանդավորական հավաքների»:
Կարդացեք նաև
Տեր Կորյունը նշեց, որ կրոնական պատկանելությունը յուրաքանչյուրի ազատ ընտրությունն է, սակայն խնդրին այլ է, եթե որոշ կրոնական կազմակերպություններ ծավալում են աղանդակերպ գործունեություն: Խոսելով կրոնական կառույցների արտասահմանյան ֆինանսավորումից` հոգևորականն ասաց. «Երբ կրոնական կառույցների ներկայացուցիչները գիշեր-ցերեկ թակում են մեր դուռը, դրա համար մեծ գումարներ են ստանում: Ես մի խղճուկ տուն ունեմ Էջմիածնում, բայց տեսեք, թե ինչպիսին են աղանդավորական կառույցների ղեկավարների շքեղ տները: Անկախ ամեն ինչից` Հայ Առաքելական եկեղեցին կանգնում է իր հավատացյալի կողքին»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ