Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահի մրցանակակիր բանաստեղծ Հասմիկ Սիմոնյան. «Երեւանի՝ գրքի մայրաքաղաք լինելը ստահոդ լուր է»

Օգոստոս 17,2012 13:34

Վերջին շրջանում գրական աշխարհում հոլովվում է երիտասարդ բանաստեղծ Հասմիկ Սիմոնյանի անունը, թեեւ վերջինս ունի հրատարակած ընդամենը երկու գիրք՝ «Լուսնոտ բառեր», որն արժանացել է Սլավիկ Չիլոյանի ու ՀՀ նախագահի մրցանակներին եւ «Թափթփված սենյակները»:

«Առավոտը» հանդիպեց բանաստեղծի հետ՝ լուր ստանալով, որ նա բացել է «Երկրորդ» գրական գործակալությունը եւ պատրաստվում է մասնակցել սեպտեմբերի 6-10-ը Մոսկվայում կայանալիք գրքի 25-րդ միջազգային տոնավաճառին: Հասմիկը հայտնեց, որ երկրորդ լուրը չի համապատասխանում իրականությանը, ասելով, թե կուզեր ներկա գտնվել մոսկովյան տոնավաճառին, ինչը պահանջում է շուրջ 500 000 դրամ, սակայն ինքնաֆինանսավորումն այս անգամ չի բավականացնի: Կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեց. «Հայաստանում կա 5-6 փորձառու չինովնիկներ, որոնք տոնավաճառում ներկայացրած գրքերը չարչիաբար կվաճառեն»:

Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երեւանում գրքի վաճառքը կազմակերպվում է շուրջ 10 ռուսական գրախանութներում, այն էլ՝ վատ ներկայացված հայ գրքի փոքրաթիվ տեսականիով, ինչպես նաեւ գետնին: Մեր զրուցակիցը, հաստատելով ասվածը, հիշեց ժամանակին վարչապետի խոսքերը, թե գիրքը գետնին լինի՝ մարդկանց ավելի մոտ կլինի:

Խոսելով իր կողմից հիմնված գրական գործակալության մասին՝ Հասմիկն ասաց, որ «Առաջին» գրական կազմակերպության հետ մրցակցության խնդիր չունի, հակառակը՝ ցանկություն ունի համագործակցելու, նշելով. «Ես հայ ժամանակակից գրող եմ, որը ուղնուծուծով գիտի ժամանակակից հայ գրականությունը, հեղինակներին, տպագիր գրքերը եւ այլն: Հայտնի է, որ մեզանում հեղինակն ունի խնդիրներ՝ գիրք տպագրելու, տարածելու, էլ չեմ խոսում թարգմանության ու միջազգային շուկա դուրս գալու մասին: Փաստորեն, հեղինակը բացի գրելուց, պետք է զբաղվի գրքի հետ կապված բոլոր գործերով: Իսկ հիմա գործակալությունը կզբաղվի դրանցով: Շուրջ երկու տարի էլ բլոգ եմ վարում, որտեղ կգտնեք հիմնականում ընկերներիս գործերը, թարգմանություններ, ինչպես նաեւ արտերկրյա ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ»:

Գրքի համաշխարհային մայրաքաղաքի «մասով» էլ բանաստեղծուհին հայտնեց հետեւյալը. «Դա ինձ համար ստահոդ լուր է: Երեւանն իրականում գրքի գերեզմանոց է: «Վերեւների» ճանաչած հեղինակները վաղուց մեռած են, եւ «վերեւները» կարիք չունեն նոր հեղինակների, որովհետեւ մեռածները չեն պահանջում ֆինանսավորում, գրքի որակյալ տպագրություն եւ այլն, ինչը «վերեւներին» ձեռք է տալիս: Հարգում եմ հայ մեծանուն գրողներին եւ համոզված եմ, որ եթե Պարույր Սեւակը ողջ լիներ, հեղափոխական կլիներ»:

Անդրադառնալով իր տպագրված բանաստեղծությունների երկու ժողովածուներին՝ մեր այն դիտարկմանը, թե դրանք նվիրված են զուտ մարդուն ու նրա խնդիրներին, Հասմիկ Սիմոնյանը նշեց. «Մարդկային խնդիրները համամարդկային են. ապրում ենք նույն Երկիր մոլորակի վրա, իսկ ապրել՝ նշանակում է կարողանալ ճակատագրորեն բանեցնել ազատությունը, վերջինն էլ չի կարող լինել ռուսական, չինական, շվեդական կամ այլ «արտադրության»: Այլ խնդիր է, որ մարդկային երկու տեսակ կա. առաջիններն ունեն անհնարին երազանքներ, որոնց հասնելու համար հասարակական կարծիքը, առարկայական պայմանները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ, երկրորդ տեսակն էլ «արձակվող փամփուշտներ» են, որոնց շառավիղը ի սկզբանե գծված է: Նրանք ֆիգուրներ են, որոնց քայլերը ծնված օրից որոշված են, եւ այդ ֆիգուրները քայլ չեն կատարում, իրենց են «կատարում»: Նրանք ի զորու չեն ինքնուրույն որոշում կայացնել, քայլ անել, խոսելիս էլ բերում են մշտական տարատեսակ վիճակագրություն, պատմական փաստեր եւ այլն: Ես մարդկային առաջին տեսակի մեջ եմ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ օրաթերթ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031