Գործազրկության խնդիրն առաջնային է ոչ միայն Հայաստան եկած սիրիահայերի, այլեւ հենց ՀՀ քաղաքացիների համար։ Ու հիմա սփյուռքի մեր հայրենակիցներն էլ, մի քանի օր ավել մնալով այստեղ, սկսել են «ճաշակել» այն նույն խնդիրները, որոնք արդեն տասնյակ տարիներ հետապնդում են ՀՀ քաղաքացիներին։
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր գործազուրկ է Հայաստանի բնակչության մոտ 7 տոկոսը կամ 65 հազար 100 մարդ։ Ընդ որում, հիմնականում գործազուրկները կանայք են։ Բայց սա միայն պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվն է։ Իրականում, բոլորին է հայտնի, որ այս թիվը մի քանի անգամ ավելի մեծ է։ Նախ՝ ԱՎԾ հրապարակած թվերն այնքան էլ հավատ չեն ներշնչում, եւ հետո, կա մեկ այլ գործոն. ոչ բոլորն են ցանկանում փաստաթղթային քաշքշուկների մեջ մտնել ու գերադասում են «շառից-փորձանքից» հեռու մնալ։
Սիրիահայերը սկսել են առնչվել նաեւ հայաստանյան մյուս խնդիրներին։ Մասնավորապես, ովքեր կարողացել են հաղթահարել գործազրկության պատնեշն ու ժամանակավոր աշխատանք գտնել, դժգոհում են վարձատրության չափից։ Օրինակ՝ Հալեպից եկած Հարություն Դանոյանը «Ազատություն» ռ/կ-ին պատմել է, որ իրեն հաջողվել է աշխատանք գտնել Սեւանի մոտակայքում՝ քարհանքում, օրական 5 հազար դրամով։ Իսկ այդ 5 հազար դրամի դիմաց նա բահով ժայռաբեկորներ է հավաքել, 25-կիլոգրամանոց ավազի պարկեր քարշ տվել եւ այդպես շարունակ։ Խոստովանենք՝ ֆիզիկական այդ տքնաջան աշխատանքի դիմաց օրական 5 հազար դրամն իրոք շատ քիչ է՝ չհաշված այն, որ համատարած գնաճի պայմաններում այն հազիվ է հերիքում ընտանիքի գոյությունը պահպանելու համար։ Բայց, ցավոք, որ սա մեր իրականությունն է։
Դժվար չէ ենթադրել, որ մի քանի օր անց սիրիահայերի կողմից կլինեն նաեւ այլ բողոքներ, օրինակ՝ Հայաստանում տիրող անարդարության ու ամենաթողության մթնոլորտի, ժողովրդավարության բացակայության մասին։ Մինչդեռ հայրենիքը հեռվից քաղցր էր թվում։
Կարդացեք նաև
«Ժողովուրդ»