«1-02» հեռախոսահամարը ոստիկանության Երեւանի վարչության հերթապահ մասի հեռախոսահամարն է, այսինքն՝ անգործության մատնված ոստիկանները Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի ենթակայության տակ գտնվող ծառայողներն էին։ Տեղի ունեցածի մասին երեկ մի քանի հարց ուղղեցինք Նազարյանին։
– Պարոն Նազարյան, «ՀԺ»-ում այսօր նյութ էինք հրապարակել այն մասին, որ ոստիկանները չեն արձագանքել քաղաքացիների ահազանգին, ինչի հետեւանքով տուժած կինը մահացել է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ դեպքը։
– Այո, ծառայողական քննություն է անցկացվում հանգամանքները պարզելու համար։
– Այդ մասին ե՞րբ եք իմացել, մեր հրապարակումի՞ց։
Կարդացեք նաև
– Ոչ, ոչ։ Մենք տեղյակ ենք եղել այդ մասին։ Մենք տեղյակ ենք։ Ծառայողական քննություն է անցկացվում հանգամանքները պարզելու համար, պետք չի շտապել։
– Դուք՝ որպես ոստիկան ինչպե՞ս կմեկնաբանեք այս դեպքը։ Ոստիկանների նման գործելաոճը նորմա՞լ է:
– Ո՞րը։
– Որ ոստիկանը կարող է չարձագանքել քաղաքացիների կանչին, ինչի հետեւանքով էլ մարդ մահանա։
– Ոչ։ Նման բան լինել չի կարող, եւ նման դեպքը պետք է հայտնաբերել, խստագույնս պատժել։ Եթե որեւէ մեկը նման բան անի, պետք է պատժվի։ Միանշանակ։
– Պարոն Նազարյան, առաջին զանգից հետո հերթապահը ասել էր, թե ոստիկանները գնացել-ստուգել են, սակայն պարզվել է, որ աղմուկը աղբատար մեքենայից է եղել, այդ պատճառով էլ վերադարձել են ոստիկանություն։ Ոստիկանները իսկապե՞ս գնացել էին, թե դա էլ չէին արել։
– Չէ, եղել էր ստուգում, եղել էր մեքենայի աղմուկ, բայց դա չի նշանակում, որ դրանով պետք էր հանգստանալ, ուրիշ ստուգում չանել։ Դրա համար էլ հիմա քննությունը անցկացվում է, որ պարզաբանվի եւ պարզվի ամեն ինչ։
– Իսկ հաճա՞խ է լինում, որ ոստիկանության հերթապահները նման կերպ ահազանգեն քաղաքացիների կանչերին։
– Չէ, իհարկե, եղել են։ Թերացումներ եղել են։ Եղել է, որ դեպքերը շատ են լինում, լինում է, որ որեւէ դեպք բաց է թողնվում կամ անուշադրություն է լինում, կամ ուղղակի… կարող է աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառ լինել, բայց բոլոր դեպքերում էլ ծառայողական քննություն է անցկացվում, եւ ըստ խախտման չափի, աստիճանի՝ նրանք պատասխանատվության են ենթարկվում։ Լինում են դեպքեր, որ ծանր հետեւանք չի ունենում։
– Իսկ եթե հաստատվում է, որ ոստիկանի նմանատիպ գործողությունները հենց ծանր հետեւանք են առաջացրել…
– Այդ դեպքում գործը գնում է ՀՔԾ։
– Այսինքն, նաեւ քրեակա՞ն պատասխանատվություն է նախատեսվում։
– Այո, իհարկե, եթե ծանր հետեւանքներ են լինում, իհարկե։ Դա կախված է արարքի հետեւանքից։
– Ըստ ձեզ, կոնկրետ այս դեպքում ոստիկաններին ի՞նչ պատասխանատվության է պետք ենթարկել։
– Նայած, թե ինչքանով է, նայած ինչ դեպքով։ Եթե ինչ–որ հետեւանք չի ունեցել, պարզ է, որ դա ավելի մեղմ է։
Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ
«Հայկական ժամանակ»