Լրահոս
Օրվա լրահոսը

Ուր են կորել անվճար ավտոբուսները

Օգոստոս 17,2012 10:56

Արդեն երկու շաբաթից ավեւի է՝ Երեւանի կենտրոնի փողոցներում այլեւս չեն երեւում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ավտոբուսները։ Խոսքը 259 համարի Աբովյան-Երեւան-Աբովյան երթուղին կրկնող անվճար ավտոբուսների մասին է, որոնց վրա գրված է. «Անվճար բարեգործական երթուղի»։

Այս երթուղով անվճար ավտոբուսների չգործելու իրողությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի անվճար ուղեւորափոխադրումների դիսպետչեր Արեւշատ Եղիազարյանը։ Ըստ վերջինիս, իրենց կողմից իրականացվող Աբովյան-Երեւան-Աբովյան անվճար ուղեւորափոխադրումները հիմնականում սովորականի պես շարունակվում են, իսկ ահա 259 համարի երթուղին կրկնող անվճար ավտոբուսների առնչությամբ Եղիազարյանն ասաց. «Այդ գիծը մինչեւ սեպտեմբեր չի լինելու, ավտոբուսներ չունենք, վերանորոգում ենք»։ Դիսպետչերը քիչ հավանական համարեց այդ երթուղին ընդհանրապես չշահագործելու տարբերակը։ «Ոչ մի նման տեղեկություն չունեմ, ոչ էլ նման հրահանգ ունենք. ինձ թվում է՝ նման բան չի կարող լինել»,- ենթադրեց դիսպետչեր Եղիազարյանը։

Այս երթուղով անվճար ուղեւորափոխադրումները սկսվեցին այս տարվա փետրվարից։ Սկզբում ավտոբուսների վրա փակցված էին ԲՀԿ-ի խորհրդանիշով պաստառներ, որոնց վրա գրված էր. «Ուսանողական անվճար երթեւեկություն»։ Չնայած երթուղու վրա գրված էր, որ ուսանողների համար է, բայց գործնականում դրանից օգտվում էին բոլոր ցանկացողները։ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի շրջանում ավտոբուսների վրայից հանվեց ԲՀԿ-ի խորհրդանիշը։ Փետրվարի կեսերին պարզվեց, որ անվճար ավտոբուսների շահագործումը պայմանավորված է 259 համարի երթուղին սպասարկող «Քինգ Դե Լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (հանրության շրջանում առավել հայտնի է «Պալաչ» մականունով) եւ նրա քավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի միջեւ ծագած հակասություններով։ Այս հակամարտությունն օրեցօր ավելի ու ավելի էր սրվում։ Բանը հասավ այնտեղ, որ Արթուր Հարությունյանը հրապարակավ մի լավ «քլնգեց» իր քավորին։ Իսկ հուլիսի սկզբին «Քինգ Դե Լյուքս» ընկերության 259 համարի երթուղին սպասարկող վարորդները, անվճար ավտոբուսների դեմ որպես բողոքի նշան, երկու անգամ գործադուլ արեցին։ Այս հակամարտության ողջ ընթացքում «Բարգավաճ Հայաստանը» հայտարարում էր, որ անվճար ավտոբուսների շահագործումը պայմանավորված չէ Գագիկ Ծառուկյանի եւ նրա սանիկ Արթուր Հարությունյանի հարաբերություններով, եւ իբր՝ դա անշահախնդիր բարեգործություն է։

Հուլիսի 26-ին Արթուր Հարությունյանը մի հայտարարություն տարածեց, որով ներողություն էր խնդրում իր քավորից։ Այդ հայտարարությունում մասնավորապես ասվում էր. «Ես ցավում եւ ափսոսում եմ, որ Գ. Ծառուկյանի հանդեպ թույլ եմ տվել որոշ ձեւակերպումներ եւ արտահայտություններ։ Գուցե, դա իմ անփորձության կամ հուզմունքի արդյունքն էր, բայց ոչ երբեք՝ միտումնավորության։ Ես միշտ բարձր եմ գնահատել Ծառուկյանի կատարած աշխատանքը մեր պետության եւ մեր ժողովրդի համար ու նաեւ նրա բարեգործական գործունեությունը։ Ես մարդկայնորեն խնդրում եմ բոլոր լրատվամիջոցներին, մի շահարկեք այդ թեման։ Հարցը խնդրում եմ համարել փակված։ Իմ բոլոր խնդիրները ես կներկայացնեմ անձամբ Գ. Ծառուկյանին եւ կխնդրեմ նրան՝ արժանապատիվ լուծումներ գտնել։ Մի բան կարող եմ հստակ ասել, ես թույլ չեմ տա երրորդ կողմին՝ օգուտներ քաղել ծագած խնդիրներից»։ Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանին եւ նրա սանիկին իրար հետ հաշտեցրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

Այսինքն, կարող ենք արձանագրել, որ հակամարտող կողմերի հաշտությունից անմիջապես հետո 259 համարի երթուղին կրկնող անվճար ուղետրափոխադրումները դադարեցվել են։

Ի դեպ, երբ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեցինք, թե ինչու են վերը նշված անվճար ուղետրափոխադրումները դադարեցվել, նա պատասխանեց, թե նման բան չկա, այդ երթուղով ավտոբուսները շարունակում են գործել։ Դե, եթե մարդն ասում է, որ ավտոբուսները գործում են, ուրեմն՝ գործում են։ Իսկ որ դրանց ոչ ոք չի հանդիպում, ոչ ոք չի տեսնում, թող չհանդիպողն ու չտեսնողն իրենց մեջ փնտրեն պատճառները, երեւի վատ տեսողություն ունեն։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Հայկական ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031