Քյարամ Ամոյանի մասին «Առավոտն» առիթ ունեցել է գրելու: Առողջական լուրջ պրոբլեմներ ունեցող երիտասարդ տղան մեղադրվում է հանցավոր բանդայի մաս կազմելու մեջ: Տղայի հարազատները ոչ միայն չեն ընդունում այդ մեղադրանքները, այլեւ պնդում են, որ այդ մեղադրանքների հիմքում նաեւ ազգային խտրականության տարր կա` Քյարամը եզդի է:
Ըստ այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անող Քյարամի հարազատների` իրենց տղան անմեղ է: Քյարամի մոր` Կարինե Ամոյանի խոսքերով` իր 18-ամյա որդուն գլխի վիրահատություն է անհրաժեշտ եւ շատ շտապ: Տիկին Ամոյանը նաեւ պնդում է, որ իրավապահները նույնպես ընդունում են Քյարամի անմեղությունը, սակայն իրեն բացատրում են, թե «Տասնյոթ հոգի են եղել, մնացել են վեց հոգի, եւ եթե Քյարամին հանենք, մեկն էլ կա, նրան էլ պիտի հանենք, արդեն բանդա չի կոչվի… Էդ ժամանակ նախագահը մեզ կախաղան կհանի»: Տիկին Ամոյանը վրդովվում է` «բա մենք ի՞նչ մեղք ունենք, իմ հիվանդ երեխան ի՞նչ մեղք ունի…»: «Իմ երեխան ոչ մի կապ չունի, էդ բանդայի հետ կապ չունի, ոչ էդ բռնվածներին է ճանաչում, ոչ մեկին, տասնյոթ հոգու, որ բռնեցին` բանդա սարքեցին… ի՞նչ բանդայի մասին է խոսքը… Իմ 18 տարեկան երեխայի առողջության համար ո՞վ է պատասխան տալու: Իրենք շատ լավ էլ գիտեն, որ իմ երեխեն բան չի արել, ես դիմում եմ, ասում են` երեխեդ չի արել, բայց ոչ մեզ օգնում ա, ոչ էլ զղջում ա… Իմ երեխան էդ ժամանակ պառկած է եղել, հետո տեգորս տղան մահացել է` 24 տարեկան, եկան թաղումի տեղը խայտառակ արեցին, Քյարամչոյիս բռնեցին տարան… Աստված ո՞նց կների…»,-հուզված պատմում էր մայրը:
Այսքանից բացի` տիկին Կարինեն ասում է, որ «Եթե եզդի չլիներ, հիվանդ չլիներ` կթողնեին…»: Դրա հետ մեկտեղ նաեւ ինքը եւ իր հարազատները նշում են` «Ձեր հայերն ասում են` ո՞նց թե, էդ ո՞նց են մեր Քյարամչոյին ասում, թե` բանդայի մեջ ա, մենք կգանք կբողոքենք… Հենց ձեր հայերն էլ գիտեն, որ իմ Քյարամչոն էդ երեխեն չի»:
Քյարամ Ամոյանի տատիկն էլ նստած էր կառավարության շենքի աստիճաններին եւ լաց էր լինում, ըստ տիկին Կարինեի` «Քյարամիս տատի ծոցը բենզին կա, եթե էս հարցը չլուծվեց, ինքը իրան վառելու ա, ես էլ եմ վառելու, քույրերն էլ, ախպերներն էլ…»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ