Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի առջեւ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» բողոքի ակցիային մասնակցել է նաեւ ամերիկահայ ռեժիսոր Ռոբերտ Դավիդյանը, որը, ինչպես ինքն իրեն ներկայացրեց, սոցիալական ակտիվիստ է եւ սոցիալական ակտիվիզմի տարբեր դրսեւորումների վերաբերյալ ֆիլմեր է պատրաստում:
Նշենք, որ այդ դատարանում է ընթանում Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի, որն, ըստ մեղադրող կողմի, հարսին դաժանորեն ծեծել է, պատճառելով մարմնական բազմաթիվ վնասվածքներ: Դատարանի առջեւ բողոքի ակցիա էին կազմակերպել նաեւ հարսին խոշտանգած սկեսուրի հարազատները, որոնք բավականին ագրեսիվ էին հարսի հարազատների նկատմամբ եւ փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում:
Aravot.am-ը պարոն Դավիդյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տպավորություն ստացավ այս ակցիայից եւ, մասնակցելով բազմաթիվ սոցիալական ակցիաների, երբեւեէ նմանատիպ բողոքի դրսեւորման հանդիպե՞լ է: Ռեժիսորը մեղադրվող սկեսուրի հարազատների կազմակերպած ակցիայի վերաբերյալ հետեւյալն ասաց. « Իմ բոլոր սոցիալական ակտիվիզմը եղել է Հայաստանում, ես այլ տեղ նման բռնության եւ ագրեսիայի տեսարաններ չեմ տեսել: Իրենք ապացուցեցին, որ իրենք սովոր են իրենց խնդիրները լուծել հենց ագրեսիայի միջոցով, ինչը շատ հիմար բան է եւ եսասիրական պահվածք»:
Ինչ վերաբերում է առհասարակ տարբեր բնույթի սոցիալական ակտվիվիզմին, պարոն Դավիդյանն ասաց. «Մարդկային ուժը շատ հզոր է, մարդիկ են կառավարությանը պարտադրում, ոչ թե կառավարությունը` մարդկանց: Հենց այդպես է ժողովրդավարությունը լինում: Ժողովուրդն էլ հենց փոփոխության հիմնական աղբյուրն է»:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ