Այսօր Հայ Ազգային Կոնգրեսի անդամները կազմակերպել էին բողոքի ակցիա` ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների հանդեպ կայացրած վճիռի դատապարտման և նրանց ազատ արձակման պահանջով: Հիշեցնենք, որ 2012 թ. հուլիսի 20-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Հայ Ազգային Կոնգրես ընդդիմադիր դաշինքի երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանին դատապարտեց 6, Արտակ Կարապետյանին` 3, Դավիթ Քիրամիջյանին և Սարգիս Գևորգյանին` 2-ական տարվա ազատազրկման` ՀՀ Քրեական օրենսգիքի 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ դիմադրություն` բռնությամբ կամ բռնության սպառնալիքով) և 258 (խուլիգանություն) հոդվածներով:
Լրագրողների հետ զրույցում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ակտիվիստների դատավարությանը և ասաց, որ եթե նրանցից երեքի նկատմամբ գործը կարճվում է, իսկ չորսի նկատմամբ` կայացվում ազատազրկման դատապարտող վճիռ, հետեւաբար` առկա է իրավական և բարոյական խնդիր: Ն. Փաշինյանը հորդորեց չխորանալ իրավական նրբությունների մեջ. «Խնդիրը կայանում է նրանում, որ ակտիվիստների գործողությունները եղել են միասնական: Նրանցից մի քանիսի նկատմամբ գործը կարճվել է` հանցանք չկատարելու համար, բայց մյուսները նրանցից ոչնչով ավել կամ պակաս չեն: Այս առումով դատարանի որոշումը տարօրինակ էր: Գործը ցույց է տալիս, որ մեր իրավական համակարգը մանիպուլյացիաների լեզվով է շարունակվում»: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ակտիվիստների նկատմամբ կայացրած դատավճիռն ինչ-որ մարդու ճաշակի և քմահաճույքի հետևանք է:
Ցուցարարներն Ազատության հրապարակից շարժվեցին Հանրապետության հրապարակ, այնուհետև` ԵԽԽՎ գրասենյակի դիմաց ՀԱԿ ակտիվիստ Արեգ Գևորգյանն ընթերցեց նամակը և հանձնեց այն գրասենյակի ներկայացուցչին: Նամակում, մասնավորապես ասվում էր. «ՀԱԿ ակտիվիստներին ներկայացված մեղադրանքը կառուցված է սույն գործում որպես վկա և տուժող ներգրավված ոստիկանության աշխատակիցների ցուցմունքների վրա: Միջադեպին ականատես են եղել բազմաթիվ անձինք, ովքեր կարող էին գործի հանգամանքների վերաբերյալ արժանահավատ, օբյեկտիվ ցուցմունքներ տալ, սակայն նրանք նախաքննության ընթացքում չեն հարցաքննվել: Ինչպես բերման ենթարկվելիս, այնպես էլ` որպես կասկածյալ ձերբակալվելիս, ՀԱԿ ակտիվիստները զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բերման ենթարկելու, ինչպես նաև` որպես կասկածյալ ձերբակալելու արձանագրությունները կազմվել են առանց փաստաբանների ներկայության: Նախաքննության ընթացքում ճնշում է գործադրվել միջադեպին ականատես այն անձանց վրա, ովքեր որպես վկա ցուցմունք տալու նպատակով տեղափոխվել էին Ոստիկանության կենտրոնական բաժին: Մենք հանգում ենք այն եզրակացության, որ վրեժխնդրության առումով դեռևս նախադեպը չունեցող այս դատավարության հիմքում ընկած է քաղաքական ասպեկտը: Դիմում ենք Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, միջազգային հանրությանը, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին և պահանջում ենք անարձագանք չթողնել ՀՀ-ում տեղի ունեցող իշխանական ապօրինությունները»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` Photolur-ի եւ PanARMENIAN pfoto