Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարի վարպետությունը փրկել է երեխայի ձեռքը

Օգոստոս 16,2012 19:33

Օգոստոսի 15-ին հերթապահում էր ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի 4-րդ խումբը։

Ժամը 13.36-ին ահազանգ է ստացվում, որ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի թիվ 2 շենքի 2-րդ բնակարանի բնակչուհի` 2001 թ. ծնված Իննա Շիրինյանի մատները մնացել են ոչ գործարանային արտադրության մսաղացի մեջ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնում 1-ին ջոկի ընդհանուր պրոֆիլի փրկարար ենթասպա Ռոման Խաչատրյանը և 2-րդ ջոկի վարորդ-փրկարար, ենթասպա Արտակ Մովսիսյանը` ավագ հրահանգիչ, կապիտան Արմեն Գյուրջինյանի գլխա­վորու­թյամբ;

Ժամը 13.54-ին «1-03» ծառայության աշխատակիցները, փրկարարների ուղեկցությամբ, տուժածին տեղա­փոխում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այնտեղ նրան ցավազրկող դեղեր են տալիս ու տեղափոխում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հի­վան­դա­նոցի միկրովիրաբուժության բաժանմունք:

Երեխայի աջ ձեռքի դաստակը գրեթե ամբողջությամբ մնացել էր մսաղացի մեջ։ Պարզվում է, որ սովորական մսաղացը, տնայնագործական պայմաններում դարձրել էին էլեկտրական։ Երեխան, փորձում է մսի կտորը հրել մսաղացի մեջ, և էլեկտրական մսաղացը կլանում է նրա ձեռքը։ Առաջին և ամենահավանական ելքը` դաստակի անդամահատումն էր։ Հապաղելու ժամանակ չկար։ Գնահատելով իրավիճակը` փրկարարները բժիշկներին առաջարկում են օգտագործել վերջին հնարավորությունը` փորձել էլեկտրական սղոցով մասնատել մսաղացն ու ազատել երեխայի ձեռքը։

Վերհիշելով հրահանգիչների վերապատրաստման շվեյցարական «Արձագանք» ծրագրի հոգեբանության դասընթացների ժամանակ ստացած գիտելիքները` կապիտան Ա. Գյուջինյանը դիմում է 11-ամյա Իրինային։

–         Գիտե՞ս ես ով եմ։ Փրկարար։ Ես այստեղ եմ եկել ոչ թե քեզ ցավ պատճառելու, այլ` օգնելու։ Բայց դու պետք է ինձ օգնես։ Առանց քեզ` մենք ոչինչ չենք կարողանա անել։ Դու պետք է քաջ լինես։ Հանգստացիր ու բռնիր իմ ձեռքը։

Երեխայի հետ հոգեբանական կապ հաստատելով ու շահելով նրա վստահությունը` փրկարարները, անմիջապես վիրահատարանում, բժիշկների ներկայությամբ, էլեկտրական սղոցով սկսում են կտրել մսաղացի կաղապարը։

Իրինան առողջ ձեռքով բռնել էր փրկարարի ձախ ձեռքը, իսկ ազատ` աջ ձեռքով փրկարարը զգուշորեն սղոցով կտրում էր մսաղացը` միաժամանակ աընդհատ խոսելով երեխայի հետ, բացատրելով, թե ինչ է անում, պատմում փրկարար ծառայության մասին, հետաքրքրվում նրա նախասիրություններից` հանգստացնելով ու շեղելով նրա ուշադրությունը։

Իրինան լսում էր նրան ու… ժպտում։ Նա արդեն գիտեր, որ փրկարարներն այդտեղ են իրեն օգնելու համար։

Ավելի քան 40 րոպե տևած նրբակրկիտ ու բարդագույն աշխատանքի արդյունքում` ցուցաբերելով մեծ մասնագիտական հմտություն փրկարարները կարողանում են էլեկտրական սղոցի օգնությամբ զգուշորեն մասնատել մսաղացի իրանն ու ազատել երեխայի ձեռքը։

Առաքելությունն ավարտված էր, և փրկարարները պատրաստվում էին մեկնել հաջորդ ահազանգի հետքերով։ Իրինան խնդրում էր, որ նրանք չհեռանան ու մնան իր կողքին։

–         Ուղղակի հիշիր «911» հեռախոսահամարը և իմացիր, որ ցանկացած պահի, երբ օգնության կարիք կունենաս, կարող ես զանգել, և մենք կշտապենք օգնության։

Աղջիկը նրանց բաց է թողնում միայն այն ժամանակ, երբ կապիտան Գյուջինյանը խոստանում է առողջանալուց հետո նրա հետ վոյելբոլ խաղալ։

Արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031