Մամուլի հրապարակումների հիման վրա ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակել է ծառայողական քննություն՝ պարզելու, թե արդյո՞ք 45-ամյա Լուսինե Ղազարյանի սպանության օրը բնակիչների ահազանգերին ոստիկանությունը պատշաճ ու ժամանակին է արձագանքել: Այս մասին պարզաբանում է տվել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Օգոստոսի լույս 12-ի գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս Արաբկիրի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 1-ին մուտքի մոտից ձայներ են լսվում:
Ոստիկանության հավաստիացմամբ, օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով, օպերատիվ խումբը վերադարձել է:
Որոշ ժամանակ անց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս դարձյալ ահազանգ է ստացվել: Ահազանգողը, նշելով նույն հասցեն, հայտնել է, որ 2-րդ հարկի հարևանուհին չի արձագանքում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է նշված հասցեով և Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն օգոստոսի 13-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնումունքում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
«Փաստինֆո» գործակալություն