Aravot.am-ը Շինարարների 15/2 շենքի բնակիչներից դժգոհություն է ստացել ջրամատակարարման հարցերի վերաբերյալ: Մեզ հետ զրույցում բնակիչները, հատկապես բարձր հարկերում բնակվողները, դժգոհեցին. «Ախր ամոթ է, այս դարում էլ ջուրը խնդիր լինի: Երեք օր է՝ ջուր չունենք, իսկ երբ ջուր ենք ունենում, գրաֆիկով են տալիս. առավոտյան 7-13.00-ն և երեկոյան 19.00-ից: Էլ չենք խոսում այն մասին, որ երբ տալիս էլ են՝ հիմնականում շատ բարակ է գալիս: Ինչքան կարելի է դիմանալ, հոգնել ենք «Երևան ջուր» զանգելով: Փաստորեն, որ օրերով բնակիչները չլողանան, ոչինչ, հա՞…տարիներ շարունակ նույն խնդիրը»:
Аravot.am-ը խնդրի մասին պարզաբանումներ փորձեց ստանալ պատասխանատու օղակներից: Աջափնյակ վարչական շրջանի թաղապետարանի կոմունալ բաժնից մեզ տեղեկացրին, որ այսօր իրենք «Երևան ջուր» ընկերությունից էլեկտրոնային հաղորդագրություն են ստացել, որով տեղեկացվում է, թե կատարվում են Շինարարների 15/2 շենքի պոմպի ապամոնտաժման և նոր պոմպի՝ զոդման միջոցով տեղադրման աշխատանքներ:
Պարզաբանումներ ստացանք նաև շենքի համատիրության նախագահ Հրայր Ղարիբալթյանից: Նա նշեց. «Ո՞վա դժգոհել, իրանք շուրջօրյա ջուր ունեն, ջրմուղից մի քանի օր առաջ են էդ բանը տեղադրել, իսկ եթե ջուր չի եղել, ջրմուղը բոլորի տներ զանգել զգուշացրել է: Խնդիրը Շինարարների փողոցի շինարարության հետա կապված, դրա համար գրաֆիկները խախտվել են»: Մեր այն հակադարձմանը, թե նույնիսկ «Երևան ջուր» ընկերությունն է թաղապետարանին տեղեկացրել, որ աշխատանքներ են կատարվում և ջրամատակարարման հետ կապված խնդիրներ կան, Հ. Ղարիբալթյանը պատասխանեց. «Գիտեմ, որ ջուրը շուրջօրյա է, հենց հիմա էլ կարող եք գալ, տեսնել, որ շենքում ջուր կա: Նոր էդ շենքից եմ եկել, հենց հիմա էլ կարամ մի քանի տուն զանգել, հարցնել: Ես չգիտեմ, ով ինչի համար է զանգել, տենց խնդիր չի եղել, չգիտեմ ինչի հետ ա դա կապված: Գիտես ինչ կա, հարցեր կա, որը խոսքի օրինակ, ուզում են միանգամից լուծել, բայց այդ ձևի բան չի ստացվում, կյանքում էլ չեն կարա ամեն ինչի միանգամից հասնել: Ուղղակի ասեմ, որ էսօրվա դրությամբ իրանք ունեն շուրջօրյա ջուր: Լավ հարաբերությունների մեջ ենք ջրմուղի աշխատակիցների հետ, ամեն դեպքում ինչ որ է, իրենց ջուրը շուրջօրյա ա»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ