Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Խաչատրյան. «ՀԱՕԿ-ը, նախարարությունը եւ ֆեդերացիան արել են հնարավոր ամեն բան»

Օգոստոս 16,2012 17:44

Այսօր «Հայելի» ակումբում կազմակերպված մամուլի ասուլիսին ներկայանալով` Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանն ասաց. «Պատրաստ եմ ճակատամարտին: Ինչ հարց ուզում եք` տվեք: Բոլորին էլ պատասխանելու եմ ճիշտ ու անկեղծ»:

Ու լրատվամիջոցների գրոհն սկսվեց: «Ինչո՞ւ հրաժարական չեք տալիս», « Որպես ֆեդերացիայի նախագահ ինչո՞վ եք բացատրում մեր ծանրորդների ձախողումները», «Առաքել Միրզոյանին ինչո՞ւ էիք թույլատրել մարզվել հավաքականից առանձին` գոմում եւ ինչո՞ւ էիք համաձայնել, որ նա տեղափոխվի ավելի ցածր քաշային կարգ», «Ինչո՞ւ Ռուբեն Ալեքսանյանի փոխարեն Լոնդոն մեկնեց Յուրի Վարդանյանի որդին` Նորայր Վարդանյանը», «Կոնկրետ որքա՞ն գումար են ստանում մեր ծանրորդները», «Այսօրվա հայ ծանրորդներին փոխարինողներ ունե՞նք: Տվեք կոնկրետ անուններ»: Այս եւ բազմաթիվ այլ հարցեր հնչեցին ասուլիսում:

«Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնն ընտրովի է: Սեպտեմբերին հրավիրվելու է ֆեդերացիայի արտահերթ նիստ: Քննարկումներից հետո եթե մասնագետները, մարզիչները, նախարարությունը եւ Օլիմպիական կոմիտեի նախագահը կորոշեն, որ ես պիտի հրաժարական տամ, խնդիր չկա` կգնամ: Բայց մինչ այդ պահանջելու եմ, որ նշեն, թե այս ամբողջ ընթացքում ո՞րն է եղել իմ թերացումը: Արել եմ ամեն բան, ինչ հավաքականների մարզիչներն ու մարզչական խորհուրդը ներկայացրել են ինձ: Դեռ մի բան էլ ավելի: Իսկ եթե որեւէ բան իմ հնարավորություններից վեր է եղել, դիմել էմ պարոն Ծառուկյանին ու նա բոլոր խնդիրները կարգավորել է: Նա անգամ լրացուցիչ մեծ գումարներ է տրամադրել եւ ես չինաստաններից ու ճապոնիաներից վերականգնիչներ եւ խթանիչներ եմ բերել, որպեսզի մարզիկները նախապատրաստության շրջանում խնդիրներ չունենան: Անհրաժեշտության դեպքում վնասվածքներ ունեցող ծանրորդների բուժումը կազմակերպվել է արտասահմանյան լավագույն կլինիկաների լավագույն բժիշկների մոտ:

Լոնդոնում մենք ծանրորդներից մեդալներ ակնկալում էինք: Եթե Տիգրան Մարտիրոսյանը մասնակցեր` ոսկի, Մելինե Դալուզյանից` ոսկի, Առաքել Միրզոյանից եւ Արա Խաչատրյանից` մեդալ, Հռիփսիմե Խուրշուդյանից` բրոնզ, այն էլ 50 տոկոսի հույսով:

Տիգրանի հին վնասվածքը Պոդոլսկում ակտիվացավ: Ամեն ինչ արեցինք, որ նա Մոսկվայի լավագույն կլինիկաներում արագ բուժվի: Ինքս եմ անձամբ բժիշկների մոտ տարել: Ամեն բան սկզբում լավ էր ընթանում ու նա ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանի հետ միասին պետք է գար Խաղեր: Բայց, երբ արդեն հայտերը ներկայացրել էինք ու այլեւս որեւէ բան փոխել հնարավոր չէր, Պարոն Ալավերդյանը Մոսկվայից զանգահարեց եւ ասաց, որ վնասվածքը կրկին սրացել է: Ի դեպ, Ռուսաստանի տղամարդկանց ազգային հավաքականի երկու առաջատար մարզիկներ էլ նույն պատճառով մրցահարթակ չմտան ու նրանք էլ ոչինչ փոխել այլեւս չէին կարող:

Մելինե Դալուզյանը մեկնարկի ելնելուց առաջ օլիմպիական մրցահարթակի ետեւի մարզումային սրահում նախավարժանքի ժամանակ 110 կիլոգրամն այնպիսի թեթեւությամբ բարձրացրեց, որ ես եւ հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը միմյանց նայեցինք ու մտածեցինք, թե Մելինեն այդ օրը կարող է նաեւ 120-122 կիլոգրամներ էլ բարձրացնել: Բայց մրցահարթակում նա ամբողջովին փոխվել էր: Ամեն մի մոտեցումից հետո ասում էր, թե ծանրաձողը բռնում է ու իրեն թվում է, թե մեկ տոննա է կշռում: Ի՞նչ կատարվեց հետը: Անհայտ է: Մարդ է, կարող է եւ այդպես էլ լինել:

Առաքել Միրզոյանի քաշը փոխելու առաջարկությունը դեռ գարնանը եղել է իրենից եւ հորից, անձնական մարզիչ Հոկսեն Միրզոյանից: Ու դա հիմնավորել են, որ 77 կգ-ն, որում նա հանդես էր գալիս, Առաքելի համար արհեստական է, իսկ 69-ը, ինչպես ծանրորդներն են ասում, նրա վրա արդեն նստած քաշ է: Ես այն ժամանակ եմ ասել, որ եթե որոշել են ու աստիճանաբար քաշը գցելը հնարավոր են համարում, ապա նոր քաշային կարգում մեդալի համար ինչ կիլոգրամներ են պետք լինելու: Ինքս հաճախակի եմ այցելել իրենց տանը կպած երեք հարթակ ունեցող մարզադահլիճ, որն ամենեւին էլ գոմ չէ: Ու նա իմ աչքի առջեւ լավ կիլոգրամներ է բարձրացրել: Միայն Լոնդոնում զրո ստանալուց հետո Հոկսեն Միրզոյանն ինձ պատմեց, որ վերջին տասը օրերին Առաքելի հետ հոգեբանական ինչ-որ բաներ էին կատարվում` մոտենում էր ծանրաձողին ու չէր զգում, թե ինչ պիտի անի: Ինչ վերաբերում է հավաքականից առանձին` անհատական պլանով, մարզվելուն, դա էլ իրենք են ցանկացել ու առաջին տարին չէ, որ այդպես են անում: Առանձին մարզվելով Առաքելը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը, դարձել աշխարհի առաջնության մրցանակակիր: Ո՞վ կարող էր նախապես ենթադրել, թե այս անգամ այսպես է լինելու: Իսկ հիմա պատկերացրեք, որ եթե ես ստիպեի թիմի հետ մարզվել ու այդ ժամանակ այս ձախողումը լիներ, մեղադրելո՞ւ էիք, որ ես եմ պատճառ դարձել: Իհարկե` այո:

Արա Խաչատրյանը մասնակցում էր մի քանի վնասվածքներից հետո: Նա «B» խմբում հայտնվեց մեր ներկայացրած երկամարտի 380 կգ նախնական հայտի համար, որը Արայի ցուցադրած իրական կիլոգրամներն էին նախապատրաստության շրջանում: Բայց մրցակիցներն ավելի շատ էին ներկայացրել եւ այդ պատճառով նա «A» խումբ չընկավ: Թեեւ դա ոչ մի նշանակություն չունի ու չպիտի ազդեր մարզիկի հոգեբանության վրա: Նույն Լոնդոնում 56 կգ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն դարձած կորեացի մարզիկը նույնպես հանդես էր գալիս «B» խմբում:

Մեր ֆեդերացիայում խոսում են կիլոգրամները: Ծանոթությունը չի անցնում: Հայաստանի գավաթի առաջնությունում, որը հավաքականի վերջնական կազմը որոշելու նպատակով ընտրական բնույթ էր կրում, Ռուբեն Ալեքսանյանը ցավեցրեց ուսը ու չկարողացավ լուրջ կիլոգրամներ ցույց տալ: Նորայրը համեմատաբար ավելի լավ հանդես եկավ ու ինքն ընդգրկվեց օլիմպիական հավաքական: Ընդամենը սա: Ոչ ոք երբեք մեզ չի ասել, թե այսինչի փոխարեն այնինչին տար, որովհետեւ նա այսինչի տղան կամ բարեկամն է:

Իսկ Հռիփսիմե Խուրշուդյանի մասին ասելիք չկա: Նա լիովին արդարացրեց սպասելիքները` անելով առավելագույնը, ինչի ընդունակ էր: Բայց նա կարո՞ղ էր միայնակ նախապատրաստվել ու օլիմպիական խաղերում մեդալ նվաճել: Իհարկե` ոչ:

Ես չեմ գտնում, որ մեր ծանրամարտը ճգնաժամում է: Սպորտում լինում են եւ հաջողություններ եւ անհաջողություններ: Լոնդոնը մեզ համար ձախողվեց: Բայց համբերեք: Շուտով կայանալու են Եվրոպայի պատանիների, ավելի ուշ` աշխարհի առաջնությունները, ծանրամարտի համաշխարհային ուսանողական եւ 20 ու 23 տարեկանների առաջնությունները: Մեր ծանրորդներ մասնակցելու են: Դրանցից հետո կրկին կհանդիպենք:

Ֆեդերացիան կազմակերպչական բոլոր պարտականությունները կատարել է, իսկ ՀԱՕԿ-ի նախագահը արդեն քանի տարի է պատանեկանից մինչեւ մեծահասակների չեմպիոններին ու մրցանակակիրներին իր անձնական միջոցներից ամենամսյա թոշակներ է տալիս: Այնպիսի գումարներ, որ դրանք ծանրորդներին լիովին բավարարում են բոլոր հարցերը լուծել ու մտածել-զբաղվել իրենց մարզումներով:

Եվ վերջում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան վերջին վեց տարիներին Հայաստանին 346 մեդալ է պարգեւել` ավելի շատ, քան հայկական ծանրամարտն իր 60 տարիների ընթացքում: Ինչո՞ւ այս մասին չենք հիշում: Դա հենց այնպես, ինքն-իրեն չի եղել չէ՞: Աշխատանք է թափվել: Մոռանո՞ւմ ենք, որ Անկախ Հայաստանի առաջին չեմպիոնը ծանրամարտում եղել է Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը, իսկ Նազիկ Ավդալյանն ընդհանրապես մեր միակ աշխարհի չեմպիոնն է կանանց մեջ: Մոռանո՞ւմ ենք, որ Եվրոպայի առաջնություններից վերադառնում էինք միանգամից հինգ չեմպիոնով: Մյուս մեդալների մասին չեմ խոսում, որ երկու անգամ հայերն են ճանաչվել Եվրոպայի լավագույն ծանրորդ: Ես անում եմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի ծանրամարտը Հայաստանում զարգանա: Հիմա էլ երիտասարդ սերունդ ունենք, որ գալիս է ետեւից: Այսօր կոնկրետ անուններ չեմ տա: Ինքներդ կտեսնեք ու կհամոզվեք», – բոլոր հարցերին պատասխանեց Սամվել Խաչատրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031