Կապանում 13:27 րոպեին 2-3 բալ ուժգնությամբ նոր հետցնցում են գրանցել Սյունիքի մարզային սեյսմիկ պաշտպանության ծառայության սարքավորումները:
Ըստ «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ստեփան Բաղդասարյանի` երեկ երեկոյան մարզի տարածքում ժամը 21:49-րոպեին գրանցված 3-4 բալ ուժգնությամբ հետցնցումից հետո մարզի տարածքում շարունակվել են հետցնցումներ գրանցվել, բայց ավելի թույլ ուժգնությամբ: Գիշերվա ու առավոտյան ժամերին մոտ 5-6 հատ նոր հետցնցումներ են եղել 2-3 բալանոց: Գիշերը 04:15 րոպեին, 07:40 եւ 08:34 րոպեներին եւ այլ ժամերին են ծառայության սարքավորումները գրանցել, իսկ վերջին հետցնցումը մարզում եղել է այսօր 13:27 րոպեին: Ծառայության պետի փոխանցմամբ` մարզում զգացվող ցնցումները գնալով թուլանում են:
Իսկ մարզի քաղաքներում դեռ լարվածությունն ու անհանգստությունը շարունակվում է: Կապանում մի շարք բնակիչներ իրենց ընտանիքների հետ շարունակում են հեռանալ Կապանից` տեղափոխվելով մայրաքաղաք կամ ավելի ապահով բնակավայրեր: Լարվածությունը չի մարել նաեւ Ագարակում ու Մեղրիում: Ագարակցիները պատմում են, թե ինչպես են անակնկալի եկել օգոստոսի 11-ին հարեւան Իրանում գրանցված երկրաշարժի ցնցումներից: Առաջին ցնցման ժամանակ չեն գիտակցել՝ ինչ է կատարվում, իսկ երկրորդ ավելի ուժեղ ցնցումից անմիջապես հետո բազմաբնակարան շենքերում մարդ չէր մնացել, բոլորը խուճապահար ոտաբոբիկ, տնային հագուստներով դուրս են վազել տներից եւ ապահով տեղ փնտրել շրջակայքում:
Ագարակում երկրաշարժի ցնցումների հետեւանքով թափվել են բազմահարկ շենքերի երեսպատման սալիկները, բնակարանների պատերն են ճաքճքել, տներում պահարանների սպասքն է թափվել ու ջարդվել, վնասվել է նաեւ Ագարակի քաղաքապետարանի վերջերս վերանորոգված շենքը:
Կարդացեք նաև
Սյունիքի մարզպետարանի կողմից ստեղծված մասնագիտական հանձնաժողովը` քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի գլխավորությամբ, այցելել է Մեղրու տարածաշրջան`օգոստոսի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ցնցումների հետեւանքներին ծանոթանալու նպատակով: Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի փոխանցմամաբ` մասնագետներն այցելել են Ագարակի դպրոց, շրջել մանկապարտեզում, որտեղ ցնցումներից լուրջ հետքեր չեն եղել: Քաղաքի 6 շենքերի բնակիչների ահազանգերի հետքերով գնացած խումբը տեղում պարզել է, որ կոնստրուկցիոն շեղումներ չկան շենքերում, ճաքերն էլ կոսմետիկ են, իսկ երկու շենքերի համար որոշվել է, որ ուսումնասիրություն արվի սեյսմոլոգիական հանձնաժողովի կողմից:
Մարզպետարանի հանձնաժողովն այցելել է Մեղրի քաղաք, քաղաքի 8 շենքերում արտաքին զննում կատարել, որտեղ հասցված վնասները մտահոգության տեղիք են տվել:
Մեղրի քաղաքում ցնցումների հետեւանքով սարից պոկված ժայռաբեկորի պատճառով նաեւ երկհարկանի անհատական տուն է վնասվել: Շուտով Մեղրու տարածաշրջան պետք է այցելի սեյսմոլոգիական մասնագիտական հանձնախումբը, որն էլ կտա վերջնական եզրակացությունը:
Տուժած բնակիչներից մարզի քաղաքապետարաններ դիմումներ են ստացվում: Կապանի քաղաքապետարան մոտ 5 դիմում է ստացվել վնասված անհատական տան տերերից, որոնք քաղաքապետարանից աջակցություն են ակնկալում: Ինչպես տեղեկացնում են Կապանի քաղաքապետարանից` դիմող բնակիչներին կաջակցեն շինանյութով կամ շինարար մասնագետներով` տների պատերն ամրացնելու ու վերականգնելու համար:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ