Այսօր Արարատի եւ Վայոց ձորի ընդհանուր իրավասության դատարանում պետք է լիներ հերթական դատականի նիստը, որտեղ պետք է քննվեր Մարիամ Գեւորգյանի հայցն ընդդեմ սկեսուրի` Հայկանուշ Միքայելյանի, որն, ըստ մեղադրող կողմի, հարսին դաժանորեն ծեծել է` արդուկով այրել է հարսի կրծքերն ու մեջքը, պատառաքաղով ծակծկել մարմինն ու ստիպել ուտել իր հետ տված մաղձը: Սակայն նիստը հետաձգվեց մեկ շաբաթով, քանի որ մեղադրող դատախազը չէր եկել: Ընդ որում, սա արդեն 2-րդ անգամ է, որ մեղադրող դատախազը չի ներկայանում նիստին: Այս անգամ էլ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» դատարանի շենքի առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել:
Դատարանի մոտ էին նաեւ Մարիամ Գեւորգյանի եւ ամբաստանյալ սկեսուրի հարազատները: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» երիտասարդ աղջիկները, Aravot.am-ի հետ զրույցում պատմեցին, որ երբ պաստառներով նոր-նոր մոտենում էին դատարանի շենքին, մեղադրվող կողմի հարազատները վիրավորական խոսքեր են հնչեցչել իրենց հասցեին. «Մեզ էլ ոչխար, էլ ինչ ասես, որ չասեցին, նույնիսկ բ..ի աղջիկ ասացին»:
Մարիամ Գեւորգյանի հարազատներն ու հարեւանները դատարանի շենքի առջեւ վանկարկում էին` «Արդար դատ», «Ամոթ», ինչին հետեւեցին սկեսուրի բարեկամների բացականչություններն ու փոխադարձ վիրավորանքները` «Ամոթ Մարիամին: Աղջկադ փողով ծախել ես: Ամոթ թարախին»:
«Տո ամոթը ձեզ»,-ասաց Մարիամի հարազատներից մեկը, որն օպտիկական ակնոցներ է կրում,իսկ սկեսուրի հարազատներից մեկն էլ ի պատասխան ասաց. «Ամոթը քեզ, այ ութաչքանի, դու քեզ տեսե՞լ ես, վաքսի վրի մեյմուն: Ամոթը ձեզ, գետինը մտնենք, ավելի լավ ա: Հիվանդոտներ»:
Կարդացեք նաև
Երբ դատարանի շենքից դուրս եկավ Մարիամ Գեւորգյանը, սպասվում էր, որ կողմերը հանգիստ ամեն մեկն իր տուն կգնա, սակայն սկեսուրի հարազատներից մեկը կրկին վիրավորական խոսքեր հնչեցրեց Մարիամի հասցեին. «Ոչխար, գետինը մտնես»:
Իսկ երբ պարզ դարձավ, որ նիստը հետաձգվում է, եւ սպասվում էր, որ կողմերի հարազատներն արդեն հանգիստ տուն պիտի գնան, ընդհարում տեղի ունեցավ: Սկեսուրի բարեկամները գոռգոռում էին` «Տո հիվանդոտներ, ոչխարներ»: «Հիվանդոտը դուք եք, վարակիչը դուք եք, ոչխարն էլ եք դուք»,-պատասխանեցին Մարիամի հարազատները:
Պետք է նշել, որ ամբաստանյալ սկեսուրին պաշտպանող բարեկամների շարքերում էին նաեւ անչափահաս տղաներ, որոնք ծաղրում էին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» անդամներին:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ