Վանաձորցի Սարգիս Իշխանյանի ընտանիքի միակ հույսն արդեն Պոլսի Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանն ու հասարակական կազմակերպություններն են:
Ընտանիքն արդեն շուրջ 20 oր է` չի կարողանում լուր իմանալ Ստամբուլում կալանավորված որդու եւ հարսի մասին:
Այն բանից հետո, երբ որդին ` 33-ամյա Գրիգորը, կնոջը բռնաբարել ցանկացող տանտիրոջը վիճաբանության ընթացքում սպանեց, Իշխանյաններն այլեւս հանգիստ չունեն:
Նրանք հավատում են, որ վարդապետի անմիջական միջնորդության, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություների ջանքերի արդյունքում որդին ու հարսը իրենց ողջ կյանքը չեն անցկանցնի թուրքական բանտերում:
Կարդացեք նաև
«Տղաս երեկոյան տուն վերադառնալիս ճանապարհին հանդիպել է տանտիրոջը, հրավիրել է հաց ուտելու: Տանտիրոջ հետ տանը հաց ուտելու ժամանակ, տղաս մի պահ հեռացել է, իջել է առաջին հարկ, մեկ էլ կինը ճվացել է, բարձրացել է վերեւ, տեսել է տանտերը` թուրք ոստիկանը, ուզում է բռնաբարել կնոջը: Վիճաբանության ընթացքում սպանել է նրան»,-պատմում է հայրը` զարմանալով, որ եթե որդին է սպանել , ապա հարսին ինչո՞ւ են մինչ օրս կալանավորված պահում:
Սարգիս Իշխանյանը հույս է հայտնում, որ վարդապետ Անուշյանի միջնորդությամբ գոնե տղայի ու հարսի դատական քննությունը փակ դռների հետեւում չի ընթանա. իրենք էլ կկարողանան մասնակցել դատերին:
«Թերթերից իմացել ենք, որ դատերը պիտի փակ լինեն: Ուզում են փակ դատ անել, իսկ մենք չենք ուզում փակ դատ լինի, ուզում ենք , որ ճիշտ լինի, չեզոք գոտում, թեկուզ մենք էլ գնանք մասնակցենք»,-ասում է 53 –ամյա հայրը:
Նրա համոզմամբ` եթե թուրքական կողմը շարժվի օրենքով, ապա որդին խստագույնս չի պատժվի. «Պաշտպանել է իր կնոջը, համ էլ ոստիկանը իրավունք չուներ տեղում գրանցում չունեցողին վարձով տուն տալ, օրենք է խախտել ոստիկանը, նաեւ այն, որ ոստիկան լինելով իրեն բարձր է պահել, ինչ ուզեցել է, այն էլ արել է»:
Հոր խոսքերով` Գրիգոր Իշխանյանն ու Սեդա Բեգինյանը ամուսնացել են դեպքից 9 ամիս առաջ` Վանաձորում, ու անմիջապես մեկնել Թուրքիա` այնտեղ աշխատելու եւ ապրելու: Վերջին երկու ամիսն էլ վարձով բնակություն են հաստատել թուրք ոստիկանի տներից մեկում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ