«Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը երկար ժամանակ տատանվում էր՝ մնա՞լ ՀԱԿ-ի կազմում, թե՞ ոչ: Սակայն օրերս կայացած քաղխորհրդի և ակտիվի համատեղ նիստում կուսակցությունը որոշում կայացրեց այնուամենայնիվ մնալ ՀԱԿ-ի կազմում: Ուստի Aravot.am-ը կուսակցության ղեկավար Գառնիկ Մարգարյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ նման որոշում կայացվեց՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Հայրենիք ու պատիվ» կուսակցությունը ՀԱԿ-ի գործունեության մեջ բազում սխալներ ու թերություններ է արձանագրել: Գ.Մարգարյանը պատասխանեց. « ՀԱԿ-ը հանրապետությունում միակ ընդդիմադիր ուժն է: Հայաստանում ուրիշ ընդդիմություն չկա: Եթե հանրապետությունում մի ուժ ասի, որ ինքը ընդդիմություն է, ուրեմն դա կեղծիք է: Ուստի որոշեցինք մնալ ՀԱԿ –ի կազմում, հակառակ դեպքում ՀԱԿ-ից դուրս գալը կնշանակեր գնալ այս հանցավոր ռեժիմի հետևից: Որոշում է կայացվել մնալ ՀԱԿ-ի կազմում և աշխատել օգնել ու հուշել այդ կառույցին վերացնելու սխալներն ու թերությունները և տանել ռեժիմից ազատվելու ճանապարհով»:
Դառնալով ՀԱԿ-ի թերություններին՝ պարոն Մարգարյանը նկատեց. «Սխալներ ու թերություններ բոլորն էլ ունենում են, մենք պիտի օգնենք ուժեղացնենք ՀԱԿ-ը և գնանք համապետական ընտրությունների»:
Պարոն Մարգարյանին հիշեցրինք, որ ժամանակին իրենք քննադատել են ՀԱԿ-ին ԲՀԿ-ի հետ համագործակցելու հարցում: Գ. Մարգարյանը ի պատասխան նշեց. «Հիմա էլ եմ դեմ, բայց դա մեր կուսակցության մոտեցումն է, Կոնգրեսն այլ ճանապարհ է ընտրել, հիմա թող շարունակեն, գուցե կօգնի գործին: Մեր գնահատականն այն է, որ և′ ԲՀԿ-ն, և′ մյուս կուսակցությունները իշխանության հենարանն են եղել և մնում են»: Մեր հարցին՝ արդյոք այնպիսի կառույցի ներսում մնալը, ինչպիսին ՀԱԿ-ն է, որը համագործակցում է Գ. Մարգարյանի նշած իշխանական ռեժիմին պատկանող ուժերի հետ, չի՞ վարկաբեկում «Հայրենիք ու պատիվ» կուսակցությանը, Գ. Մարգարյանը պատասխանեց. « Հնարավոր է, քանի որ ՀԱԿ-ի կազմում են 10-ից ավելի կուսակցություններ կան, որոնք կունենան իրենց մոտեցումներն ու գնահատականներ, իսկ Կոնգրեսն այլ մոտեցումներ»:
Գ. Մարգարյանը Aravot.am-ի հետ զրույցում թվարկեց Կոնգրեսի մի քանի լուրջ սխալներ. «Պետք էր երկու տարի առաջ, երբ մարտի 1-ին համաժողովրդական մեծ ցասում կար, տանել զարգացումները և բերել իշխանափոխության: Կամ այս տարեսկզբին, երբ Օպերայի հրապարակում նստացույց էր գնում, այդ ժամանակ էլ կար կազմակերպված հզոր ուժ ժողովրդի մասնակցությամբ, դա պետք է տանել առաջ, ինչը չարվեց: Եվ վերջապես մենք չպիտի գնայինք պառլամենտական ընտրությունների, այսպիսով մենք այս ոչ լեգիտիմ իշխանություններին լեգիտիմացրինք աշխարհի առաջ»:
Կարդացեք նաև
Մեր հարցին այսքանով հանդերձ շարունակո՞ւմ են հավատալ ՀԱԿ-ին և Լևոն Տեր-Պետրոսյանին, Գ. Մարգարյանը պատասխանեց. «Ես առաջին հերթին մեր կառույցին եմ հավատում, մեր կուսակցությանը, որ արդեն տասը տարի գործում է: Լևոն Տեր-Պետրոսյանը մեծ պատասխանատվություն վերցրեց իր վրա 2007-ին, դա ամեն մեկը չէր կարող վերցնել: Որտե՞ղ են այն «հայտնի» գործիչները… իշխանության գրպանում են, վաճառվեցին վաշխառուներ են: Իսկ Տեր-Պետրոսյանը կարողացավ այդ ուժը ձևավորել, ուստի նրա հետ անհրաժեշտ է ճանապարհը շարունակել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ