Ամառային այս սեզոնին գրեթե ամեն տարի անձնագրային եւ վիզաների վարչությունում մշտապես հերթեր են, իսկ այս տարի այդ հերթերն ավելացել են, քանի որ մեծ է նաեւ սիրիահայերի հոսքը Հայաստան: Երեկ անձնագրային եւ վիզաների վարչություն մեր այցի ժամանակ մարդկանց բավականին մեծ կուտակումներ կային, իսկ այսօր ՀՀ անձնագիր կամ ՀՀ քաղաքացիություն ստացող սփյուռքահայերի հերթն ավելի թեթեւ էր:
Aravot.am-ի հետ զրույցում սիրիահայ մի տիկին չցանկացավ ներկայանալ եւ թույլ չտվեց լուսանկարել իրեն, բայց մի «բոլ» դժգոհեց. «Սխալ բաներ են ներկայացնում, իբր թե հալեպահայերը Սիրիայի իրենց բնակարաններում զենք են պահում` ապահովության համար: Բայց նման բան չկա, էդ մարդկանց վտանգի տակ եք դնում: Բարեկամս է կարդացել ու զանգել ինձ պատմել: Ես միեւնույն է՝ անձնագիրս ստանալու եմ ու էլի վերադառնամ Հալեպ»: Մեր այն հարցին ի պատասխան էլ` հայրենիքում մշտապես ապրելու մտադրություն չունե՞ն, տիկինը կրկին վրդովված խոսեց. «Մեզ այստեղ այնքան էլ լավ պայմաններ չեն առաջարկում, ոչ կարգին աշխատանք կունենանք, ոչ էլ մեկ այլ բան: Մենք Հալեպում մեծ խանութ ունենք, չեմ կարծում, որ այստեղ կկարողանանք էդպիսի խանութ ունենալ: Լսել եմ, տեղացիներն են պատմել, որ էստեղ էնքան էլ հեշտ չէ խանութ աշխատացնելը: Ես ինքս, անձամբ չեմ հետաքրքրվել բիզնեսի օրենքների մասին, բայց հաստատ չեմ ուզի այստեղ մշտապես բնակվել: Հալեպում եմ ծնվել, իմ բոլոր ծանոթներն ու բարեկամները Բեյրութում ու Սիրիայում են ապրում, ես չեմ կարող գալ Հայաստան: Սիրում եմ հայրենիքս, էլի կգամ, բայց` տուրիստ»:
Պարսկահայ երիտասարդ Տադին էլ հերթ էր կանգնել, որպեսզի ՀՀ անձնագիր ստանա, եւ ինչպես նա ասաց` սիրով էլ հերթ է կանգնում ու չի նեղվում. «Հայաստանի անձնագիր պիտի ստանամ, ինչո՞ւ դժգոհեմ: Այստեղ ավելի ապահով եմ զգում ինձ, բայց Պարսկաստանում էլ հայերը շատ հարգված են, խնդիրներ չունեն պետության հետ եւ պետության մեջ»:
Մեկ այլ սփյուռքահայ երիտասարդ էլ մեզ հետ զրույցում ասաց. «Այստեղ ամեն ինչ շատ թանկ է` տաքսին, ուտելիքը, հյուրանոցը, ձեռնտու չէ այստեղ ապրելը: Եթե որոշեմ գալ այստեղ ապրել, ուրեմն պիտի մի ճոխ բիզնես ունենամ, ճոխ բիզնես էլ, տեղացիք ասում են` չես կարա ունենաս, ձեռիցդ կխլեն: Է˜, մեկ է, հայրենիքս է, սիրում եմ: Բնությունը շատ սիրուն է, մարդիկ էլ շատ լավն են, բայց ամեն քայլի խաբում են` ժպտալով խաբում են, մեզի, որպես անտեղյակ մարդու, մի գին են ասում, տեղացիքին` մեկ այլ գին»:
Կարդացեք նաև
Սիրիահայ Սարգիսն էլ անձնագրային եւ վիզաների վարչությունում հերթ էր կանգնել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար: Նրա պատմելով` մեկ տարի առաջ էր դիմել, եւ այս օրերին այստեղ է, որ վերջապես Հայաստանի քաղաքացի էլ կդառնա. «Բայց շատ են տանում-բերում: Ամեն մի թղթի համար ձգձգում են: 15 օրով եմ եկել Հայաստան, 5 օր միայն էստեղ հերթերի մեջ եմ, բայց եթե ամեն ինչ մի քիչ դյուրին լիներ, էս հերթ կանգնելու տեղը Հայաստանի սիրուն տեղերը կայցելեի: Մեկ մի հատ դակումենտ են ուզում, դակումենտը բերում ենք` ասում են` պիտի զինապարտության համար գնանք, հաշվառվենք ու էլի չգիտեմ ինչ: Ինչ արած` ձեր օրենքներն են էդպիսին»:
Սիրահայ Կարոն էլ իր ընտանիքի հետ դեռ անցյալ տարի դիմել էր ՀՀ անձնագիր ստանալու համար, հաճախ է Հայաստան այցելում, բայց եթե մի օր որոշի Սիրիայից ընդմիշտ հեռանալ, ապա Հայաստան հաստատ չի գա ապրելու ու աշխատելու համար. «Մեկ այլ երկիր կգնամ: Այստեղ չեմ կարող բիզնես անել, երկիրը պուճուր է, մարդիկ էլ քիչ են, չես կարող մի բան առնել`մի բան ծախել, եկամուտ չի լինի»: Կարոյի պատմելով` Հալեպում ոսկերչական արհեստանոց ունի, եւ պատվիրատուները հիմնականում արաբական երկրներից են. «Եթե փորձեմ էլ այստեղ աշխատել այնպես, ինչպես Սիրիայում է` չի ստացվի, չեմ կարող ապրանքս վաճառել, առնող չի լինի: Ամեն, ամեն ինչ թանկ է, հյուրանոցները 100 դոլար օրական, տների վարձն էլ ամիսը 1000-1500 դոլարից են սկսում: Բա սնվել էլ է պետք, էդ ամեն ինչը որ կպցնում ենք իրար, շատ թանկ է ստացվում ապրուստն այստեղ, մանավանդ, որ բիզնես էլ անես ու եկամուտ չունենաս»: Մեր այն հարցին էլ, որ եթե մտադրություն չունի այստեղ բնակվելու, ինչո՞ւ է դիմել ՀՀ անձնագիր ստանալու համար. «Դե վերջը հայրենիքս է»:
Aravot.am-ի հետ զրույցում անձնագրային եւ վիզաների վարչության պետ Հովհաննես Քոչարյանը վարչությունում կուտակված հերթերի եւ սփյուռքահայերի դժգոհությունների վերաբերյալ ասաց, որ այս սեզոնին հերթերն անխուսափելի են, բայց ամեն ինչ անում են, որպեսզի արագ սպասարկեն: Պարոն Քոչարյանի խոսքերով` սիրիահայերի կամ մեկ այլ երկրի մեր հայրենակիցների դժգոհությունները, ցավոք, կապված են նրանց թյուր տեղեկացվածության հետ. «Քաղաքացիություն ստանալն ու անձնագիր ստանալը տարբեր գործողություններ են: Նրանք հենց իմանում են, որ անձնագիրը ստանալու հրամանագիրը կա, մտածում են` գալու են ու միանգամից պատրաստի ստանան: Քաղաքացիություն ստանալու համար զինապարտության տարիքի անձինք`18-ից 50 տարեկանները, պետք է զինվորական հաշվառման կանգնեն, որից հետո էլ անձնագիր ստանան: Երբ ասում ենք` գնացեք զինվորական հաշվառման, միանգամից վրդովվում են, բայց դա մեր օրենքն է պարտադրում: Հաճախ է պատահում, որ փաստաթղթերը թերի են լինում, իսկ մենք պարտավոր ենք ունենալ բոլոր փաստաթղթերը` ազգային անվտանգությունից ելնելով, եթե մի բան կասկածելի կամ պակաս է լինում, ուղարկում ենք ԱԱԾ: Որովհետեւ, հատկապես այս վերջին շրջանում, ով ասես` հայի փաստաթղթերով կարող է գալ Հայաստան ու քաղաքացիություն ստանալու հայտ ներկայացնել: Իսկ մշտական բնակության հաշվառվելու համար պետք է որեւէ տեղ սեփականատիրոջ համաձայնությունը ստանան, կամ էլ որեւէ տեղ փաստացի հաշվառվեն` առանց սեփականատիրոջ համաձայնության: Պատահում է, որ սեփականատեր չեն գտնում,կամ համաձայնություն տվող չեն գտնում: Իսկ հաշվառման համար, որտեղ, որ բնակվում են ժամանակ է պետք` 8-10 օր, դիմում է գրում, որ փաստացի այդտեղ է բնակվում, տեղամասային տեսուչն էլ ստուգում է, որ այդտեղ է ապրում, տալիս է հավաստում, անձնագրային ծառայությունը հաշվառում է, որից հետո կարող են անձնագիր ստանալ: Ինձ ասում են` էդքան բան մի արա, ո՞նց չանեմ, օրենքն է պահանջում: Արգելված է Հայաստանում առանց հաշվառման անձնագիր տալ»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ