Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվեց «ՍՕՍ Սեւան» նախաձեռնությունը

Օգոստոս 16,2012 15:35

Այսօր Երեւանի Օրհուս կենտրոնում մի շարք բնապահպանական  հասարակական կազմակերպությունների, բնապահպանության եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչների միջեւ տեղի ունեցավ հանրային քննարկում Սոթքի ոսկու բացահանքի շահագործման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ:

Ինչպես ներկայացրեց Էկոդաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը` «Սոցքի հանքավայրի խնդիրն ակտուալ է դարձել դեռ  2009 թ.-ից, երբ ՀԿ սեկտորը փորձում էր  կասեցնել հանքի շահագործումը, որովհետեւ դրա ազդեցությունը Սեւանի ավազանի վրա վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Մի քանի հանդիպումների ժամանակ նրանց համոզել են, որ հանքավայրի շահագործումը չի կայանա եւ Սեւանի մասին օրենքը չի խախտվի, սակայն ժամանակը հակառակը ցույց տվեց»:

Տիկին Ադամյանը նշեց, որ բացի շահագործումից՝ Սոթքում տեղադրել են մի ջարդող-տեսակավորող սարք, որը, նրա խոսքերով` «Ես, որպես բնապահպան, հստակ կարող եմ ասել, որ անօրինական է , այդ սարքավորումը դրվել է` առանց շրջակա միջավայրի ազդեցության փորձաքննության եզրահանգման ու հիմա պետք է վերացնել հետեւանքները»:

Քննարկմանը հրավիրված էր նաեւ Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի ներկայացուցիչը, որն այդպես էլ չներկայացավ:

ՀՀ Օրհուս կենտրոնների ծրագրի ղեկավար Լիաննա Ասոյանն էլ ավելացրեց, որ եթե մեկ տարի առաջ Սոթքի բնակիչները բնապահպանների հետ պատրաստ էին պայքարել, ապա այսօր նրանք կողմ են շահագործմանը. «Ես հասկանում եմ, նրանց սոցիալական վիճակն այնպիսի խղճուկ վիճակում է, որ կարեւոր են համարում այսօրվա մի կտոր հացը: Հիմա այնտեղ ճանապարհներ են կառուցվել, ջուր են քաշում, այսինքն` բաներ, որ այդ մարդկանց օդ ու ջրի պես անհրաժեշտ են: Սակայն նրանք ուղղակի չեն պատկերացնում, որ մի քանի տարի անց ապրելու տեղ էլ չեն ունենալու, քանի որ արդեն Սոթք գետն է աղտոտվել, իսկ այդ գետից նրանք օգտվում են, գյուղացիների անասուններն են ջուր խմում, անգամ իրենց հագուստն են լվացնում այդ թունավոր ջրով»:

Բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանն ասաց, որ նախարարությունը դեռ եզրակացություն չի տվել, որովհետեւ  լսումների առաջին փուլից հետո երկրորդ փուլի աշխատանքները դեռ ընթացքի մեջ են եւ լիարժեք բոլոր կարծիքների համագումարը չունեն: Ըստ նրա` ամբողջ աշխատանքն անելուց հետո կկարողանան վերջնական փորձագիտական եզրակացություն տալ:

Բնապահպանության նախարարությանը կից ստեղծված Սոթքի հարցերով հանձնաժողովի կազմում է նաեւ «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը, որը  համաձայն չէ ոչ հանձնաժողովի աշխատաոճին, ոչ էլ առաջարկներին: Նա պատմեց, որ երբ իրենք գնացել են Սոթք`տեղում ծանոթանալու իրավիճակին, իրենց թույլ չեն տվել մոտիկից տեսնել ջարդող-տեսակավորող սարքավորումը. «Մենք բացատրեցինք, որ սա պաշտոնական, պետական հանձնաժողով է, բայց մեզ արգելեցին, ասելով, որ այստեղ ամեն ինչ որոշում է իրենց տնօրենը: Այս սարքը միանշանակ անօրինական է տեղադրվել եւ արդեն մեկ ու կես տարի գործում է»,-ասաց տիկին Զառաֆյանը:

«Մենք պետք է փորձենք համախմբել բոլոր այն հկ-ներին, շահագրգիռ կողմերին, մասնագետներին, մարդկանց, ովքեր հասկանում են, թե ինչպիսի հսկայական նշանակություն ունի Սեւանա լիճը մեր երկրի համար: Փորձելու ենք բոլորիս անունից  ստեղծել մի նախաձեռնություն, որն ամբողջությամբ կկոչվի «ՍՕՍ Սեւան» եւ կներկայացնենք ինչպես ժողովրդին, այնպես էլ կառավարությանը: Հայտարարության մեջ կետ առ կետ կնշենք մեր պահանջները»,-քննարկման արդյունքներն ամփոփեց Էկոդաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը:

Արմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031