18-ամյա Սամվել Կիրակոսյանը սովորում է ՀՊՃՀ-ի Վանաձորի մասնաճյուղում՝ ապագա երկրաբան է, սակայն նախասիրությունները բոլորովին այլ են. «Զբաղվում եմ վեբ ծրագրավորմամբ, լրագրությամբ, լուսանկարչությամբ.. ուզում եմ փորձել ամեն ինչ», – ասում է Սամվելը: Չնայած նախասիրությունների տարբերությանը, Սամվելն իր մասնագիտությունը շատ է սիրում ու իր ցանկությամբ է ընտրել այն, և ինչպես ինքն է ասում՝ չի փոշմանել. «Վերջին վարկյաններին եմ ընտրել բաժինս. տատանվում էի ինֆորմատիկայի ու երկրաբանության միջև: Սիրածս առարկան դպրոցում աշխարհագրությունն ու ինֆորմատիկան են եղել, դա հաշվի առա մասնագիտություն ընտրելիս, որ սիրելի գործով զբաղվեմ»,- ասում է նա: Արդեն մի քանի ամիս է, ինչ Սամվելն իր բլոգն ունի, թեև նախկինում ևս ունեցել է մի բլոգ, որն ինչ-ինչ պատճառներով փակել է ու որոշել նորը բացել, ասում է. «Նախկինը սովորական մի բլոգ էր, ոչ մի նոր բան չէր բերում հայկական ինտերնետ, շարքային հասարակության համար գրող բլոգ էր, մնացածի նման: Սակայն հետագայում հիասթափվեցի իմ բլոգից ու նրանից, ինչ գրում էի, ինձ սկսեցին դուր չգալ իմ գրառումները ու փակեցի բլոգը»: Որոշ ժամանակ անց Սամվելը գրելու «քաղց» ու գրածի մասին կարծիքներ լսելու պահանջ է զգում, և որոշում բացել մի նոր բլոգ, որը ,ինչպես ինքն է ասում, էգոիստ բլոգ է, քանի որ գրում է այն մասին, ինչն իրեն է հետաքրքիր: Թեև պատահում է նաև, որ իր հետաքրքրությունները համընկնում են հասարակության որոշ մասի հետաքրքրության հետ: Բլոգում կան նաև հեղինակային բանաստեղծություններ: Թե որն է եղել իր գրած առաջին բանաստեղծությունը, Սամվելը չկարողացավ հիշել, ասում է՝ ստեղծագործել սկսել է այն ժամանակվանից, երբ հայոց լեզվի դպրոցական առարկայից անցել են հանգավորում ու նման բաներ 🙂 Բանաստեղծությունները շատ են, սակայն դրանցից ոչ բոլորն են տեղ գտնում բլոգում. «Դրվում են միայն նրանք, որոնք ուզում եմ, որ ուրիշներն էլ կարդան», – նշում է Սամվելը: Ստեղծագործելու թեմաներն էլ տարբեր են. գրում է այն, ինչն այդ պահին անհանգստացնում է և ուզում է բարձրաձայնել:
Տիգրանուհի Թասլակյան