Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական համայնքապետի թեկնածուները՝ ընդդիմադիրների պասիվության մասին. «Անգամ հինգ տոկոսը չեն հաղթահարի»

Օգոստոս 16,2012 14:57

«Քաղաքապետի պաշտոնը քաղցր չէ: Ծառայություն է: Նվիրվում ես ու ծառայության անցնում՝ ընտրվածդ պահից սկսած»,- այսպես վերամբարձ նկարագրեց չորրոդ անգամ Քաջարանի քաղաքապետ դառնալու իր ցանկությունը, Քաջարանի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Գեւորգյանը՝ արձագանքելով հարցին՝ ինչո՞վ է «քաղցր» քաղաքապետի պաշտոնը: Նրա մրցակիցը Ռաֆայել Լալայանն է, ով, ըստ տեղացիների, «այնքան որ՝ դրել է»: Այստեղ որոշիչ է ոչ միայն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դերակատարումը, այլեւ, ավելի շատ՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի տօրեն Մաքսիմ Հակոբյանի, քանի որ կոմբինատը մեծ աշխատանքային կոլեկտիվ ունի: Վարդան Գեւորգյանին, ընդհանուր առմամբ, տեղում լավ են վերաբերվում, նա նաեւ արցախյան ազատամարտի հրամանատարներից է: Ասում են, որ Գեւորգյանը կարողանում է լեզու գտնել եւ Սուրիկ Խաչատրյանի, եւ Մաքսիմ Հակոբյանի հետ: «Ես չեմ ուզում անձնավորել: Կա պետություն, պետականություն: Երկու նախագահներն էլ իրենց փառահեղ տարեգրությունը ունեն, նույնիսկ առաջին նախագահը ունի իր փառահեղ տարեգրությունը եւ մենք իրավունք չունենք ասել՝ մեկը արեց, մյուսը՝ ոչ»,- մեր հարցին՝ ինչպե՞ս է հաջողել քաղաքապետի պաշտոնում մնալ եւ երկրորդ, եւ երրորդ նախագահների օրոք, ասաց Վարդան Գեւորգյանը: Նա կարծում է, որ ՀՀ երեք նախագահների օրոք մեր պետությունն այնքան է կայացել, որ ինքը կարողանում է ոչ թե ժողովրդին խաբել, այլ ստանալ նրա վստահությունը.«Ես ոչ հարուստ եմ, ոչ օլիգարխ, բայց այս պաշտոնում կամ, եւ դա մեր պետության կայացման մասին է խոսում»:

Գործող քաղաքապետից եւ քաղաքապետի թեկնածուից փորձեցինք ճշտել՝ իր կարծիքով ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերն այդքան պասիվ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: Կուսակցական ղեկավարները պատճառաբանում են, թե դրանք այնպիսի ընտրություններ են, որ «ներքեւները» պետք է մասնակցության ցանկություն եւ հայտ առաջադրեն. մի՞թե տեղերում չկան արժանի, ուժեղ, այլընտրանք ներկայացնող անձինք, որ փորձեն մրցակցության մեջ մտնել: «Միանշանակ՝ կան: Նույնիսկ ինձնից արժանիները կան: Բայց ես չէ, որ պետք է փնտրեմ: Խնդիրն այն է, որ ՏԻՄ ընտրությունները տարբերվում են ԱԺ-ի եւ նախագահի ընտրություններից: Համայնքի ղեկավարները եւ ավագանիները հաճախ փոխհամաձայնության արդյունքում են ընտրվում: Երբ փոխհամաձայնություն չկա, մարդը չի կարող իրեն մեկ-երկու ամիս ներկայացնելու արդյունքում ընտրվել: Ինչ մնում է ընդդիմությանը՝ ես նույնիսկ նրանց մեղադրում եմ: Դրսի պետություններն իրենց վրա ավելի շատ ուշադրություն են դարձնում համապետական ընտրությունների ժամանակ, դրա համար էլ նրանք ՏԻՄ ընտրություններին լուրջ չեն վերաբերվում: Նրանք, պարզապես, չունեն այդ ուժը: Երբ աղվեսի դունչը խաղողին չի հասնում… Մեր այսօրվա ընդդիմությունը  իրականում երբեք չի արժանանա քաղաքացիների ընտրությանը: Եթե իշխանության մոլուցք չէ, պետք է սկսեն ներքին օղակներից: Պետության հիմքը համայնքներն են, եւ համայնքներն են ձեւավորում պետությունը»,- ասաց Վարդան Գեւորգյանը: «Առավոտի» դիտարկմանը՝ բարոյակա՞ն է ընդդիմությանը մեղադրել թույլ լինելու մեջ, երբ իշխանական լծակներին գումարվում են նաեւ տեղական հեղինակությունները, խնամի-բարեկամ կապերը, Գեւորգյանը հակադարձեց.«Այսօրվա ընդդիմության ներկայացուցիչները ժամանակին ՏԻՄ մարմիններում իրենց մեծ տեղն ունեին, բայց նրանք ապաշնորհ դուրս եկան, եւ ժողովուրդն իրենց այլեւս չվստահեց: Դրա համար էլ իրենք փորձ չեն անում, անգամ հինգ տոկոսի արգելքը չեն հաղթահարի, բայց պետք չէ, որ ավելի մանրամասնենք: Իշխանությունն ինչքան էլ փորձի, երբեք էլ չի կարողանա ապաշնորհ մեկին, կարճ ժամանակում դնի: ՀՀԿ-ն, համենայնդեպս, երբեք էլ չի խուսափել եւ այսօր էլ կրում է այն բոլոր խնդիրները, որոնց դեմ մարդիկ ընդվզեցին եւ այսօր էլ իրենց ընդդիմություն են համարում»:

Ագարակի քաղաքապետի պաշտոնի համար էլ երկու թեկնածու է առաջադրվել՝ ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Մխիթար Զաքարյանը եւ մեկ այլ ՀՀԿ-ական՝ Սամվել Միքայելյանը:  Հարավային այս  քաղաքում հավանական հաղթողը Մխիթար Զաքարյանն է, ում համար էլ քաղաքապետի պաշտոնը «քաղցր» է՝ քաղաքը շենացնելու, զարգացնելու համար: Նա, սակայն, դեմ չէ իր տեղը զիջել: «Առավոտի» հետ զրույցում, համենայնդեպս, ասաց.«Եթե մի այնպիսի թեկնածու լինի, որի ծրագրերը ավելի զարգացում կապահովեն մեր քաղաքի համար՝ մեծ հաճույքով կզիջեմ, անկեղծ եմ ասում»: Ընդդիմության պասիվությունը ՏԻՄ ընտրություններում, լոկալ առումով, Մխիթար Զաքարյանն այսպես է տեսնում.«Մեր համայքնում ներկայիս դասավորությունն այնպես է, որ ընդդիմադիր մասսան 90-ականներից մինչեւ 2005-2008 թվականների ղեկավար մասսան է: Թե ժողովուրդն է տեսել իրենց աշխատանքը եւ արդյունքը, թե, իմ կարծիքով, նաեւ իրենք: Ես իրենց մասին լավն եմ մտածում, բայց իրենք էլ են տեսել՝ իրենք ինչ էին կարողանում, ներկաները՝ ինչ: Արդյունքներն էլ ակնհայտ են: Ես դրանով եմ բացատրում, գոնե այդքան գիտակցություն ունեցան, որ չարժե առաջադրվեն: Նրանք, ովքեր արմատական ընդդիմություն են՝ ՀԱԿ-ականները, եւ շարժվում են՝ «Ինչը որ ռուսին լավ է, գերմանացու համար մահ է» կարգախոսով, շատ վատ դեր խաղացին եւ պետության, հատկապես մեր համայնքի համար: Իրենք ժողովրդին համոզել էին, որ հնարավոր չի զարգանալ, մեր քաղաքը մեռնող քաղաք է եւ նախատեսված է բանավան՝ միայն կոմբինատում աշխատելու համար: Բայց մարդիկ համոզվեցին, որ սա ապրելու տեղ է»: Բոլոր թերահավատներին Զաքարյանը հրավիրում է Ագարակ՝ սեփական աչքերով տեսնելու եւ համոզվելու իր ասածների ճշմարտացիության մեջ:

Մխիթար Զաքարյանը չի կարծում, որ քաղաքական կյանքն իրենց մոտ պասիվ է, քանի որ ԲՀԿ-ից ավագանու անդամներ կան առաջադրված, անգամ կին թեկնածու կա հասարակական կազմակերպությունից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031