Լրահոս
Օրվա լրահոսը

20 տարվա անտերություն… իսկ ջրմուղը հապաղում է

Օգոստոս 16,2012 14:43

Սուրբ Աստվածամոր  կամ ժողովրդական խոսքով` Խաղողօրհնեքի տոնն այնքան էլ տոնական չստացվեց  Երևանի Յան Ռայնիսի փ. 15 շենքի 4-րդ հարկի բոլոր բնակիչների համար: Խորհուրդներից մնացած, իրենց դարն ապրած ջրագծերի ու կափույրների /вентиль/  մաշվածությունն ակներեւ դարձավ, երբ  35-րդ բնակարան մտնող կանգնակից /стояк/ սկսեց խոնավանալ 33-ի առաստաղը: Քանի որ  կանգնակի կափույրը չէր աշխատում, բնակիչները փորձեցին առաջին մուտքի ներքնահարկում անջատել ողջ շենքի ջրամատակարարումը: Վթարը վերացնելուց հետո հայտնվեցին մի այլ վթարային վիճակում. պարզվեց, որ իր դարը վաղուց ապրել էր նաև  մինչեւ շենքի ընդհանուր ջրաչափը տեղադրված չուգունե մեծ կափույրը, որը բացելուց հետո ջուրն անարգել սկսել էր  հոսել շենքի հիմքերը: Ձեռնարկված միջոցներն անօգուտ էին, պատմությունը  վաղեմություն ուներ: Պարզվեց նաեւ վերջին տարիներին 4-րդ հարկերի բնակարանների  սակավաջրության պատճառը` 2-րդ բնակարանի բնակիչը` Անդրանիկը, ում ներքնահարկում է տեղադրված շենքի ջրաչափն ու կափույրը, տարիներ առաջ, ջրի հոսքն ու կորուստը կանխելու նպատակով, ստիպված փակել էր կափույրը` ջրի հոսքը հասցնելով նվազագույնի թե խողովակներում և թե  դրանցից դուրս…Արդեն  քայքայվել  են շենքի հիմքերը, խարխլված են ներքնահարկ տանող աստիճաններն առաջին ու չորրորդ մուտքում: Խոնավության ու գարշահոտության, կոյուղագծերի  խցանման   պակաս չկա: 4-րդ մուտքում վերջերս շաբաթը 2 անգամ բնակիչները կոյուղի էին բացում: Պատճառը դարձյալ շենքի նստվածքն է (եթե չհաշվենք, որ մաքրողներն  էլ իրենց զբաղվածության ձեւը գտել էին` կոյուղի էին մտցրել 2-3 մ երկարությամբ մետաղալար), ինչի պատճառով կոյուղագիծը կորցրել է թեքությունն ու հայտնվել ավելի ցածր մակարդակում« քան դիտահորն է: Խնդիր կա  նաեւ 2-3 դիտահորերի միջեւ: Ի պատասխան բնակիչների հուլիսյան բազմաթիվ ահազանգերի, ջրմուղից այդպես էլ չեկավ օդ փչող մեքենան: Ինչեւէ…  Անդրանիկի բազում բողոքներին ոչ ոք ականջալուր չի եղել, իսկ բնակիչներն էլ, իմանալով, որ իրենց մատակարարվող ջուրն ինքնահոս ձևով է հասնում, կամ հարմարվել էին պապենական եղանակով ջրօգտագործմանը, կամ պոմպեր դրել: Մինչդեռ ջրմուղը մշտապես խոսում է ջրի կորստի մասին ու ոչինչ չի անում դրանք հայտնաբերելու ու կասեցնելու համար: Բնակչի հայտնաբերած դեպքերին էլ չի արձագանքում: Միայն տեսուչները հանդիմանում են բնակիչներին քիչ ջուր օգտագործելու մեջ: Եթե մարդիկ  դրսից ու ցածր հարկերից են ջուր կրում, ջրաչափը որտեղի՞ց  ցուցմունք գրանցի: Ս/թ  օգոստոսի  12-ին, 13-ին,14-ին Յան Ռայնիսի 15 շենքի 3-րդ, 4-րդ  հարկերի բնակիչների  անդադար զանգերը 1-85 հեռախոսահամարին, մնացել են անպատասխան, խոստացած օգնությունն այդպես էլ տեղ չի հասնում: Իսկ ջուրը դեռ հոսում է… Օգոստոսի 14-ին ժ. 18-ին ջրմուղի օպերատորը սիրալիր ինձ տեղեկացրեց, թե  աշխատակիցները հենց հիմա  աշխատում են տեղում: Նույն պահին հայտնվեցի տեղում, հարցրի բնակիչներին… ոչ ոք չէր եկել… Երեկոյան համատիրության նախագահը` պարոն Գրիգորը հավաստիացրեց, թե իբր վաղն են գալու… Կապրենք, կտեսնենք… Ամառվա  տապին, երբ պանելային շենքի 4-րդ` վերջին հարկի բնակարաններում ջերմաստիճանը հասնում է 34-36  աստիճանի, ջուրը դառնում է օդի պես անհրաժեշտ, և նրա բացակայությունն աններելի է ու մահաբեր…
ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ
Հ. Գ. –  Հիրավի, 20 տարի անտերության  մատնված շենքը քաղաքապետարանի ուշադրության աղերսն ունի: Նույնչափ անմխիթար վիՃակում է շենքի բազմաքանակ կաթոցներով տանիքը, ինչի մասին դեռ  չեմ խոսում, քանզի կա համատիրության նորանշանակ, երիտասարդ, գործունյա  նախագահի հուսադրող պատասխանն, ինչպես այս, այնպես էլ կոյուղագծերի ներքին ցանցի վերանորոգման համար: Անցյալ տարի նրա գալով շեքի մուտքերը դռներ ունեցան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031