ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը դրական է համարում Գյումրիում «Քաղաքը մերն է» նախաձեռնության ակտիվությունը ՏԻՄ ընտրություններում: Նրա կարծիքով` ինչքան շատ քաղաքական եւ քաղաքացիական կառույցներ ներգրավվեին այդ ընտրություններում, այնքան դրական միջավայրում եւ որակյալ կլինեին ընտրությունները: Քաղաքացիական կառույցների ակտիվությունն, ըստ բանախոսի, առաջին հերթին դրական է իշխանության համար: Նա տեղեկացրեց նաեւ, որ հաջորդ ՏԻՄ ընտրություններում արդեն համակարգային փոփոխություններ են նախատեսվելու: Մասնավորաբար, նախատեսվում է «երեւանյան» մոդելը կիրառել հանրապետության բոլոր խոշոր քաղաքներում՝ քաղաքական ուժերի ակտիվությունը մարզերում ապահովելու համար:
Անդրադառնալով Գյումրիում ստեղծված իրավիճակին, երբ ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնը զիջեց ԲՀԿ-ին, ՀՀԿ-ական պատգամավորը ասաց, որ դա խելամիտ քաղաքական որոշում էր, քանի որ խորհրդարանական ընտրություններում Գյումրիում ԲՀԿ-ն էր հաղթել: Այն, որ ԲՀԿ-ն «դեմ» քվեարկեց ՀՀԿ-ական կառավարության ներկայացրած ծրագրին, նախկին վարչապետի կարծիքով, դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ն ընդհանրապես մերժում է ՀՀԿ-ի համագործակցության որեւէ տարբերակ: Լրագրողների թերահավատությանը հակադրվելով՝ նա հիշեցրեց, որ կառավարության ծրագրից հետո ԲՀԿ-ն «կողմ» քվեարկեց կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Նա հիշեցրեց նաեւ իջեւանյան ընտրությունները, որտեղ հաղթեց ԲՀԿ-ի ներկայացուցիչը, եւ ՀՀԿ-ն ողջունեց հաղթած թեկնածուին: Զարգացնելով միտքը՝ բանախոսը նկատեց, որ ի վերջո, եթե նախագահական ընտրություններում Գյումրիում ՀՀԿ-ն պարտվի՝ «աշխարհը փուլ չի գա»: Չնայած, նա համոզված է, որ նախագահական ընտրություններում Գյումրիում հաղթելու է ՀՀԿ-ի թեկնածուն, քանի որ գյումրեցիները նախագահական ընտրություններին մոտենում են «բոլորովին այլ չափանիշներով»:
Լրագրողի հարցին՝ Վարդան Ղուկասյանը վա՞տ քաղաքապետ է, Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Վարդան Ղուկասյանը սպառել էր իր բոլոր ռեսուրսները»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդացեք նաև